[ARM]     [RUS]     [ENG]

ՙՊԵՏՔ Է ԼԱՎ ԱՇԽԱՏԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԼԻՆԵՆՔ ՍԽԱԼՆԵՐԻՑ՚

altՄարտի 15-ին ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը  հրավիրած  մամուլի ասուլիսում  ներկայացրեց գերատեսչության՝  2011թ. տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու կատարված աշխատանքը։
Անդրադառնալով  անցած տարվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներին, նախարարը նշեց, որ  հաշվետու տարում համախառն ներքին արդյունքը  կազմել է 135,5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավելի քան 9% աճ է ապահովել։ ՀՆԱ-ի կառուցվածքում  արդյունաբերական արտադրանքի ծավալը 45,8 մլրդ դրամ է, գյուղատնտեսականը՝ 40մլրդ,  շինարարությունը՝ 43մլրդ դրամ։ Ընդ որում՝ արդյունաբերության աճի տեմպերի դանդաղեցում է արձանագրվել, ինչը, Կ. Եսայանի խոսքերով, անակնկալ չէր կառավարության համար. դա պայմանավորված է հանքային արդյունաբերության ծավալների անկմամբ։ Հակառակ դրան, գյուղատնտեսության մեջ 20% աճ է արձանագրվել։ Նկատելի աշխուժություն է եղել  առևտրաշրջանառության մեջ. աճել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։ Վերջինը՝ բնականաբար, ավելի շատ՝ 14,5%։ Սպառողական գների ինդեքսի մակարդակը նվազել է, կազմելով 7,1%՝ նախանցյալ տարվա 8,9%-ի փոխարեն։
ՀՆԱ-ի կառուցվածքում արձանագրված ցուցանիշները Կ. Եսայանը համարում է ոչ միայն և ոչ այնքան ամփոփվող տարվա լավ արդյունք, այլ տնտեսական քաղաքականության ճիշտ ընթացքի գնահատական։  Նշվեց, որ անցած տարի լուրջ աշխատանքներ են տարվել նաև գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ. ծրագիրը նպատակաուղղված է բիզնես-միջավայրի վարչական գործընթացների, գրանցման¬լուծարման ընթացակարգերի պարզեցմանը, հարկային դաշտի բարելավմանը։ 
Խոսելով ոլորտի մյուս բարեփոխումներից, նախարարը կարևորեց տարեվերջին ԱԺ¬ի կողմից ընդունված օրինագիծը՝ ուղղված փոքր ներդրողների շահերի պաշտպանությանը, կորպորատիվ կառավարման կանոնագրքի լույս ընծայումը, որը  պետք է  որպես ուղեցույց ծառայի  շատ գործարարների համար։
Տնտեսության զարգացման կարևոր մեխանիզմներից մեկը Կ.Եսայանը համարում է պետություն - մասնավոր հատված հարաբերությունների ձևավորումը։ Նա  համոզված է, որ այն արդյունավետ գործիք կհանդիսանա հատկապես ֆինանսական-տնտեսական ճգնաժամերի պարագայում։ ՙՀարվածի նման  ալիքներին դիմագրավելու համար մենք մեր  սեփական ներուժի օգնությամբ պետք է   ներդրումային քաղաքականություն կառուցենք, իսկ պետություն-մասնավոր հատված հարաբերություններն այս առումով անգնահատելի են՚,- ասաց Կ.Եսայանը։ Այս հարաբերությունները զարգացնելու համար Տնտեսական զարգացման նախարարությունը հոգացել է պետություն-մասնավոր հատված հարաբերությունների հայեցակարգի մասին, որի շրջանակներում էլ պիտի կազմակերպվեն աշխատանքները։ Ի դեպ, մասնավոր հատվածի ներդրումները պետական ծրագրերում ներգրավելու փորձ Ղարաբաղում  արդեն կա. Արցախի ներդրումային  հիմնադրամն 4 տարի հաջողությամբ համագործակցում է առևտրային բանկերի հետ (ՙԱրցախ՚ թաղամասի շինարարության մեջ ևս  նման մեխանիզմ է կիրառվել)։
Խոսելով զուտ ոլորտային քաղաքականությունից՝ Կ.Եսայանն առանձնացրեց մի քանի գերակա ուղղություններ, որոնց զարգացման լայն հեռանկարներ են տեսնում հանրապետությունում։ Կառավարությունը խոշոր ծրագրեր է նախագծում հանքագործության  զարգացման ուղղությամբ. չնայած արդեն մի քանի տարի է, ինչ ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունը և այլ՝ ավելի փոքր ընկերություններ ընդերքօգտագործման աշխատանքներ են իրականացնում, այնուամենայնիվ, հանքարդյունաբերությունը, որպես տնտեսության ճյուղ, մեզ մոտ ձևավորված համարել չի կարելի։ 
Այս տարի առաջին անգամ համակարգում  լուրջ պետական մոտեցում է սպասվում, որի նախապատրաստական աշխատանքները կատարվել են 2011-ին, իսկ մեկնարկը տրվել է այդ թեմայով կազմակերպված առաջին միջազգային գիտաժողովի կայացմամբ։ Մի քանի  արտասահմանյան խոշոր  կազմակերպություններ ցանկություն են հայտնել Ղարաբաղում իրականացնել հետազոտական աշխատանքներ և արդյունաբերականացնել ընդերքը։ ՙԱռաջին փուլի աշխատանքները կարելի է կատարված համարել, ձևավորվում է նյութատեխնիկական բազան, 3 ընկերություն արդեն աշխատանքներն սկսելու լիցենզիա են ստացել՚,- ասաց Կ. Եսայանը, հավելելով, որ այդ ոլորտում Ղարաբաղի հնարավորությունները հսկայական են և դրական խոշոր քայլ են խոստանում տնտեսության զարգացման համար։
Այստեղ դեռևս, ինչ խոսք, խնդիրները շատ են՝ կապված հատկապես անհրաժեշտ կադրերի  բացակայության հետ, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ հանքագործությունը մեզ մոտ ավանդական բնույթ չի կրել։
Հաջորդ ուղղությունը, որի զարգացումը կարևորվում է կառավարության տնտեսական քաղաքականության մեջ, դա տեղեկատվական տեխնոլոգիաների  (ՏՏ) ոլորտն է։ ՙՏՏ ոլորտի զարգացման նախադրյալներ մեզ մոտ միշտ էլ եղել են, և միշտ էլ պատշաճ մակարդակով չեն զարգացվել։ Ցավոք, այդ պատճառով մեր լավագույն կադրերը ՙիրացվել են՚ դրսում։ Մենք առաջիկա տարիներին պիտի փոխենք այս մոտեցումը և նոր մշակույթ ձևավորենք՚,-ասաց Կ.Եսայանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունը տնտեսության շարժիչ ուժն է հանդիսանում, Կ.Եսայանն իրազեկեց, որ այդ ոլորտը գտնվում է հատուկ ուշադրության կենտրոնում։ Դա է պատճառը, որ, նույնիսկ լարված ֆինանսական իրավիճակում, պետբյուջեից Արցախի ներդրումային հիմնադրամին (որի միջոցով իրականացվում են ՓՄՁ զարգացման ծրագրերը) հատկացվող 2 մլրդ դրամ օժանդակությունը պահպանվել է։ Այս տարի ոլորտում կիրականացվի նաև նոր ծրագիր՝ կապիտալի ֆինանսավորման ծրագիրը։
Ինչ վերաբերում է հիփոթեքային շուկային տրված գնահատականին, ապա նախարարը ոլորտի զարգացման տեմպերը հուսադրող, բայց բավարար չի համարում։ Ներկայումս, նրա խոսքերով, կատարվում են  բնակչության դրամական եկամուտների ուսումնասիրություն և մոնիտորինգ, ինչն էլ պետք է նախագծի հիփոթեքային շուկայի ծրագրի ուղղությամբ պետության հետագա քայլերը։ Ինչ վերաբերում է պետական գույքի  մասնավորեցման ոլորտին,  ապա  մասնավորեցման ընթացքում գտնվող օբյեկտներից  հաշվետու տարում 1մլրդ դրամի ներդրում  է ապահովվել՝ 2010թ. 695մլն դրամի փոխարեն։ Նա նաև նշեց, որ պիտի ավարտվի, այսպես կոչված, փոքր  մասնավորեցման  գործընթացը. այս մասին կառավարությունը նոր նախագիծ է ներկայացնելու խորհրդարան, և քայլեր կատարվեն բաժնետոմսային սեփականաշնորհման անցնելու ուղղությամբ (օտարվի ոչ միայն  գույքը, այլ նաև մասնավորեցվեն ընկերության բաժնետոմսերը)։
Պատասխանելով լրագրողների հարցերին,  թե որ գերակա ուղղություններում են հատկապես արդյունավետ ցուցանիշներ գրանցվել, ինչ է արվելու մյուս՝ ոչ ցանկալի տեմպերով ընթացող  բնագավառները բարձրացնելու ուղղությամբ, Կ. Եսայանը հատկապես շեշտեց էներգետիկայի ոլորտը, որտեղ հաջողություններն ակնառու են։ Այնուամենայնիվ, նրա խոսքերով, ինչպես այստեղ, այնպես էլ մյուս ճյուղերում բացահայտման ենթակա  հնարավորությունները շատ-շատ են։ Էներգետիկայի ոլորտում հսկայական պոտենցիալ կա հատկապես այլընտրանքային  էներգակիրների առումով, առավել, քան էներգիայի  ավանդական աղբյուրներում։ Իսկ այն, որ 1 տարի առաջ բուռն քննարկվող թեման կարծես թե  այլևս չի  շոշափվում, չի նշանակում, թե ընտրված քաղաքականությունը ճիշտ չէ։ ՙԱյն արդիական է նաև այսօր,  և տարիների հետ առավել անհրաժեշտ կդառնա,- ասաց Կ. Եսայանը,¬ քանի որ բազմաթիվ երկրներ արդեն նպատակահարմար և տնտեսապես շահավետ են գտել այն՚։
Ինչո՞վ են պայմանավորված  ՀՆԱ¬ի բարձր և տարեցտարի աճող ցուցանիշները Ղարաբաղի նման ցածր  կենսակերպ ու զարգացման մակարդակ ունեցող երկրի համար, այն դեպքում, երբ զարգացած երկրներում այն հաճախ ավելի ցածր մակարդակ  է գրանցում։ Այս հարցին ի պատասխան նշվեց, որ լրագրողների դիտարկումները ճիշտ են և տնտեսագիտության լեզվով՝ միանգամայն  բացատրելի։ Այն դեպքում, երբ զարգացած երկրներում աճը 5-6% է կազմում, զարգացող երկրներում այն հաճախ 10%-ից ավելի է լինում. կոնկրետ Ղարաբաղում 2007-2011թթ. ընթացքում միջին տնտեսական աճի տեմպը գրեթե միշտ երկնիշ թիվ է եղել։ ՙՍա պայմանավորված է նրանով, որ զարգացող երկրներն ապահովում են քանակական ծավալային աճ՝ բաց ոլորտների հաշվին։ Մի խոսքով՝ լրացնում են վակուումային տարածքը՚,-ասաց նախարարը։ 
Ի՞նչ կտա մեզ հանքարդյունաբերության զարգացումը և ի՞նչ կլինի հետո, երբ սպառվեն բնական պաշարները, ի՞նչ տնտեսական քաղաքականություն է վարելու կառավարությունը, որպեսզի զարկ տա ոչ թե բնական պաշարների արդյունահանմանը, այլ շուկայում իրական արժեք ստեղծելուն։ Այս մասին նախարարն ասաց, որ, այո, շատ երկրների պրակտիկայում հանքարդյունահանման կտրուկ զարգացումից հետո եղել է նույնքան կտրուկ  անկում, նման մտավախություն կա։ Այդ  հարցը թողնենք սերունդների հմտության ու կողմնորոշման ունակության վրա։ Այնուամենայնիվ, առաջիկա տարիներին հանքարդյունաբերությունը խոստանում է դառնալ մեր երկրի տնտեսության զարգացման հենաքարերից մեկը։ Սա չի նշանակում, որ պետական ծրագրերի հիմնական ծանրությունը դրվելու է հենց այս ոլորտի վրա։ Կ. Եսայանի խոսքերով, մեր երկրում ամեն ինչ փոխկապակցված է գյուղատնտեսության հետ։ Վերականգնվող ռեսուրսների մեծ մասն էլ այս ոլորտից  են. անհրաժեշտ  է խթանել վերամշակող արդյունաբերությունը (այդ թվում և սննդի)։ ՙՄենք պետք է պատրաստվենք դրան, և լավ պատրաստվենք։ Ստեղծենք անհրաժեշտ ֆոնդեր, աշխատենք սուբյեկտների, անհատների հետ, որպեսզի հետագայում որքան հնարավոր է ապահովագրված լինենք վտանգներից ու սխալներից՚,- ասաց նախարարը։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ