[ARM]     [RUS]     [ENG]

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐՎԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Հանրապետությունում գյուղոլորտի զարգացման տեմպերը խթանելու նպատակով պետությունը գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգի շրջանակներում նոր քաղաքականություն է որդեգրել:

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն այն կառույցն է, որի միջոցով էլ կյանքի է կոչվում և այսուհետ ևս կիրագործվի այդ ծրագրերի մի մասը: Ի՞նչ ծրագրեր են դրանք, հայեցակարգի ընդունումից հետո ի՞նչ կփոխվի կառույցի գործունեության մեջ՝ այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հիմնադրամի  տնօրեն Աշոտ ԲԱԽՇԻՅԱՆԻ հետ: 

-Պրն Բախշիյան,  գյուղատնտեսության ոլորտի մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ պետական աջակցության ծրագրերը, իրականացվում են հենց Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով։ Ի՞նչ նոր ծրագրեր  սպասենք այս տարվա ընթացքում։

-Հիմնադրամի կողմից նախորդ տարիներին իրագործվող բոլոր ծրագրերը շարունակվելու են: Դրանք ուղղված են գյուղատնտեսության համարյա բոլոր ճյուղերին՝ հողագործությանը, անասնապահությանը,  ագրովերամշակման համալիրի  զարգացմանը, ագրոտեխնիկական միջոցների ավելացմանը և այլն: Նշված ծրագրերին այս տարի ավելացել է կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման ծրագիրը, որն, անշուշտ, կնպաստի մի շարք մշակաբույսերի և այգիների ոռոգումն արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև բերքատվության բարձրացմանն ու ջրային պաշարների խնայողությանը: Ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին անհրաժեշտ ֆինանսական աջակցության  50 տոկոսը տրամադրվելու է անհատույց, հաջորդ կեսը՝ անտոկոս վարկի տեսքով:

-Հաստատվել է 2018թ. պետբյուջեն։ Ըստ դրա՝ ավելացել կամ կրճատվե՞լ է  Հիմնադրամի ֆինանսավորումը։ Ուրիշ ի՞նչ գումարներ եք ներգրավում կառույցի  աշխատանքը կազմակերպելու ընթացքում։

- Հիմնադրամի ֆինանսավորումն անցյալ տարվա համեմատ ավելացել է մոտ 500 միլիոն դրամով, սակայն դա իրական ավելացում չէ, քանի որ այն նախատեսված է 2017թ.-ին հացահատիկայինների մթերումից պետբյուջեի հանդեպ Հիմնադրամի կողմից  ավելացված արժեքի հարկի վճարման համար: Բացի պետբյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցներից, Հիմնադրամն ամեն տարի զգալի միջոցներ է ներգրավում նաև ՙԱՌԻ՚ կազմակերպությունից ու Հայաստանում գործող առևտրային բանկերից:

-Վերջին  տարիների  ագրարային  քաղաքականության որոշ կարևոր կետեր վերանայվեցին: Որոշում ընդունվեց նոր հայեցակարգ մշակել և առաջնորդվել դրանով։ Հայեցակարգի շրջանակներում  ի՞նչ նոր ծրագրեր կյանքի կկոչվեն հենց Ձեր ղեկավարած կառույցի միջոցով, և կա՞ն արդեն հայտատուներ։

-Համաձայն գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգի, իրավական հիմքեր  կստեղծվեն գյուղացիական տնտեսությունների խոշորացման, գործող փոքր տնտեսություններում  պետական աջակցության էլ ավելի արդյունավետ ու ճկուն մեխանիզմների ներդրման համար: Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով կմանրամասնվեն պետական աջակցության ձևերն ու չափերը, որոնց կիրառմամբ Հիմնադրամը կապահովի հայեցակարգով նախատեսված արդյունքները: Այս տարի, բացի կաթիլային ոռոգման ծրագրից, ակտիվորեն շարունակելու է գործել վերջնական արդյունքի խրախուսման ծրագիրը: Այն աջակցության մի արդյունավետ ու նպատակային մեխանիզմ է, ինչը, բացի ֆինանսական աջակցությունից, իր մեջ ներառում է նաև իրացման  գործում հողօգտագործողներին աջակցելու գործոն: Գյուղաջակցության բոլոր ծրագրերի ուղղությամբ հայտատուներ միշտ էլ կան՝ տարվա ընթացքում տասնյակ ու հարյուրավոր ֆերմերներ են տարբեր բիզնես-ծրագրերով դիմում  մեզ: Հիմնադրամի սուբսիդավորմամբ նրանք, համաձայն ներկայացված ծրագրերի, վարկերը ստանում են առևտրային բանկերից:

-Կա՞ն ծրագրեր, որոնք  կորցրել են հրատապությունը, և դրանցից օգտվել ցանկացողներ այլևս չկան։

-Գյուղատնտեսական բոլոր ծրագրերն էլ այսօր մեր հանրապետությունում պահանջված են, և դրանցից ոչ մեկն էլ չի կորցրել իր հրատապությունը։ Ընդհակառակը, գյուղատնտեսական կյանքը տարեցտարի նոր ծրագրեր է առաջ քաշում՝ կապված նոր տեխնոլոգիաների ներդրման ու արտադրության արդյունավետության բարձրացման: Այս տարի, օրինակ, գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման ծրագրի իրագործման ընթացքում մենք շեշտը դնելու ենք գյուղմթերքների վերամշակման վրա՝ նպատակ ունենալով ապահովել գյուղատնտեսության բոլոր բնագավառների համաչափ զարգացումը: Գյուղտեխնիկայի գծով հայտերը շատ են, սակայն նախատեսված է ներկրել միայն 13 հատիկահավաք կոմբայն և 23 տրակտոր: Ընդհանուր առմամբ, անցած տարիներին Հիմնադրամն արտասահմանից ձեռք է բերել ավելի քան 5 միլիարդ դրամի գյուղտեխնիկա և սարքավորումներ:

-Ի՞նչ ուսումնասիրություններ, դիտարկումներ եք կատարել այս տարիներին, որոնք հիմք են հանդիսացել  վերանայելու Հիմնադրամի  գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Ի՞նչ կասեք  վարկառուների հետ աշխատանքի մասին.  Կա՞ն վարկային պարտավորությունները  չմարած անձինք, ինչպե՞ս եք վարվում նրանց հետ, և ի՞նչ միջոցներ եք  ձեռնարկում՝ նման դեպքերը բացառելու համար։

-Մեր աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն ժամանակին ցուցաբերվող աջակցություններով, այլև տրամադրված միջոցների նպատակային օգտագործման ուղղությամբ տարվող վերահսկողական աշխատանքով: Հիմնադրամի վերահսկողական ծառայության կողմից 2017թ.-ին փաստացի այցելությունների միջոցով իրականացվել է մոտ 250 դիտարկում: Դիտարկումների  արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ ու բազմապիսի թերություններ: Թերություն ունեցող բոլոր փոխառուներն ու վարկառուները տեղեկացվել են թերությունները շտկելու և իրենց գործունեությունը գործարար ծրագրերին համապատասխանեցնելու մասին, իսկ ովքեր հայտնվել են այսպես ասած՝ ՙսև ցուցակում՚, Հիմնադրամը նրանց հետ ոչ մի գործարք չի կատարում, բացի իրավաբանական ներգործության կիրառումից :

Իրականացված դիտարկումներից եկել ենք այն եզրահանգման, որ Հիմնադրամն աջակցության կառուցվածքում այսուհետ ևս պետք է մեծ տեղ հատկացնի ուղղակի առուվաճառքին: Դա իր դրական ազդեցությունն է թողնում  գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտների գործունեության  վրա այն առումով, որ աջակցության այս մեխանիզմի արդյունավետ կիրառման միջոցով Հիմնադրամի հանդեպ նրանց ֆինանսական պարտավորությունները ոչ թե կուտակվում են (ինչպես դա տեղի էր ունենում տարիներ շարունակ), այլ՝ ընդհակառակը: 2017թ.-ին հանրապետության հողօգտագործողները Հիմնադրամի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները մարել են ավելի քան 3.4 միլիարդ դրամի չափով:

-Քանի՞ շահառու ունեք ներկա պահին, ի՞նչ ծրագրերի համար են ներկայացված հայտերն առավել  շատ։

-Հիմնադրամի աջակցության ծրագրերից այս տարիներին օգտվել են հազարավոր քաղաքացիներ: Ներկայումս ունենք շուրջ 

37 000 շահառու: Հայտերը շատ են բոլոր ծրագրերի ուղղությամբ: Գյուղատնտեսական տարվա ընթացիկ աշխատանքներին համահունչ այդ հայտերը բավարարվում են. լինի դա երկրագործության,  անասնապահության, այգեգործության, թե գյուղմթերքների վերամշակման համար:

Այս տարի,  ինչպես վերը նշել եմ, մենք աջակցությունների տրամադրման հարցում առաջնահերթությունը տալու ենք վերամշակման ծրագրերին, քանի որ գյուղատնտեսության մեջ վերամշակումը տալիս է հավելյալ արժեք, ինչպես նաև ապահովում է բոլոր ճյուղերի դինամիկ և համաչափ զարգացում:

-Չնայած պետական աջակցությանը, հողօգտագործողների,  գյուղոլորտում  այլ զբաղվածների մեջ կան դժգոհողներ, որոնց պնդմամբ՝ արտոնությունների, պետական աջակցության   տրամադրումը ոչ միշտ է  արդարացի լինում, պայմանները՝ ոչ միշտ հավասար: Եղե՞լ են դեպքեր, երբ մերժել եք հայտատուին, և ի՞նչ պատճառաբանությամբ:

-Նման դժգոհությունները համարում եմ անհիմն, քանի որ առանց օբյեկտիվ պատճառի մենք ոչ մի քաղաքացու աջակցության տրամադրման հարցում չենք մերժում: Հիմնադրամի հանդեպ ֆինանսական պարտավորությունները պարտաճանաչ կերպով կատարող ոչ մի հողօգտագործող կամ ֆերմեր մեզանից դժգոհ չի մնում, քանի որ նման անձանց հանդեպ մեր վերաբերմունքը միանշանակ դրական է լինում: Ինչ խոսք, երբեմն միջոցները չեն հերիքում ցանկալի ծավալով աջակցություններ ցուցաբերելու համար, սակայն իշխանությունների  ամենօրյա ջանքերի շնորհիվ գյուղատնտեսության մեջ նյութատեխնիկական և ֆինանսական ներդրումներն ու հասցեական աջակցությունները տարեցտարի ավելանում են. ինչը հիմք է տալիս ակնկալելու, որ ոչ հեռու ապագայում երկրի պարենային անվտանգության ապահովման գործում լուրջ հաջողություններ կունենանք: 

 Սրբուհի ՎԱՆՅԱՆ