ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՈՐ ԽՈՇՈՐ ԾՐԱԳԻՐ
Մարտի 19-ին ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում կայացած շնորհանդեսը, որի արդյունքում վարչապետ Արա Հարությունյանի և ՙՎալեքս՚ խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի միջև ստորագրվեց համաձայնագիր, նվիրված էր Ծաղկաշենի հանքավայրի (Մարտակերտի շրջան) շահագործման ծրագրին։
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների ղեկավարներ, ՙՎալեքս՚ կազմակերպության վարչության պատասխանատուներ։
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց ընկերության կողմից Արցախում ու Հայաստանում իրականացված ծրագրերի ու հետագա անելիքների համառոտ բնութագիրը։
Նշելով, որ հանքարդյունաբերությունը ռազմավարական կարևոր ուղղություն է ԼՂՀ տնտեսության համար, վարչապետ Ա. Հարությունյանն ասաց, որ ոլորտի արդյունավետության բարձրացումը թույլ կտա նոր և ավելի մեծ արժեք ապահովել, խթանել տնտեսության զարգացումն ու սոցիալական խնդիրների լուծումը։
Հանքագործության սկիզբն Արցախում կարելի է համարել 2002 թվականը, երբ ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունն սկսեց շահագործել Դրմբոնի պղինձ¬ոսկու հանքավայրը։ Այն կայուն զարգացում ապրեց, կարողանալով ՀՆԱ¬ի կառուցվածքում ապահովել արդյունաբերական արտադրանքի 40 %¬ը։ Դրմբոնի հանքավայրի բացմամբ Ղարաբաղում ավելացավ ավելի քան 1200 աշխատատեղ, ձեռնարկության աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմում է գրեթե 200 հազ. դրամ։ Ամեն դեպքում, գրեթե 10 տարվա արդյունավետ աշխատանքից հետո, Դրմբոնի հանքավայրը սահուն անցում է կատարում ավարտման փուլին (հնչած զեկուցումներից ենթադրելով, մինչև 2015 թվականը այն վերջնականապես կսպառի իրեն, ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲ ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանի խոսքերով, Դրմբոնի հանքավայրի մնացորդը 800 հազ. տոննա հանքաքար է կազմում)։ Վերջին տարիների ուսումնասիրություններն ու հետազոտություններն ուղղված են եղել նոր հանքավայրերի բացահայտմանը։
Արցախի ընդերքի և օգտակար հանածոների ուսումնասիրման աշխատանքներ կատարվել են դեռևս խորհրդային տարիներին, և արդեն կային որոշակի պատկերացումներ, որոնց հիման վրա էլ նոր ուսումնասիրություններ են նախաձեռնվել։
Վարչապետ Ա. Հարությունյանը բարձր գնահատեց ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության (որը ՙՎալեքս՚ խմբի ընկերությունների կազմից է) գործունեությունն Արցախում և ողջունեց նոր նախաձեռնության՝ Ծաղկաշենի հանքավայրի շահագործման աշխատանքների ծրագիրը՝ հույս հայտնելով, որ այն ևս նույնպիսի հաջող գործունեություն և զարգացում կապահովի։
Ի պատասխան՝ Վ. Մեջլումյանը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ կառավարությանը՝ աշխատանքների կազմակերպմանն աջակցելու համար, նշելով, որ Ծաղկաշենը ևս թույլ կտա տարիներ հետո հպարտությամբ խոսել նրա շահագործման օգուտի և պետության զարգացման գործում ունեցած դերի մասին։
Այնուհետև աշխատանքային խմբի անդամները մանրամասը ներկայացրին հետազոտությունների մասնագիտական նկարագիրը, նաև հանքավայրի շահագործումից ակնկալվող ֆինանսական ցուցանիշների տեսքով։
Այս տարիներին, մասնագետների զեկուցմամբ, աշխատանքներում ներգրավվել են արտասահմանյան և հայաստանյան լավագույն մասնագետներ ու փորձառու ընկերություններ, կատարվել են որոնողական երթեր, երկրաքիմիական նմուշարկումներ, օգտագործվել են ամենաժամանակակից տեխնոլոգիաները, ինչի արդյունքում առանձնացվել են հեռանկարային որոշ տեղամասեր։
Հանքավայրը, մասնագետների եզրակացությամբ, բավականին բարդ է շահագործման տեսակետից, ինչը լրացուցիչ ջանքեր և ներդրումներ կպահանջի։ Այնուամենայնիվ, 17 մլն տոննա հանքաքար ուսումնասիրված է, արդեն պատկերացումներ կան դրանցում օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն) քանակի վերաբերյալ։ Կառավարության հետ քննարկվել և համաձայնեցվել են հետագա համատեղ անելիքները (օրինակ՝ լիցենզիայի ձեռքբերում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, աշխատանքային նախագծերի կազմում, հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերում, մասնավորեցված, պետական և համայնքային հողերի, դրանք սեփականատերերի շրջանակների ճշտում և այլն)։ Կառավարության անդամները հարցեր ունեին ՙՎալեքսի՚ ներկայացուցիչներին՝ կապված ֆինանսական հոսքերի, պղնձի շուկայական գների համեմատությամբ՝ Ծաղկաշենի շահագործման հաշվարկային փաստաթղթերում առկա գների, հետախուզական աշխատանքների հետագա ընթացքի, բնապահպանական փորձաքննության արդյունքների հետ և այլն։
Վերջում ստորագրելով համաձայնագրերը, վարչապետ Ա. Հարությունյանն այն որակեց որպես ԼՂՀ վերջին տասնամյակի ամենախոշոր տնտեսական ծրագիրը, ինչի հաջող իրագործումը կուղեկցվի հարկային խոշոր մուտքերի և սոցիալական առանձին խնդիրների լուծմամբ։
Հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել մինչև 2015 թվականը։ Ըստ ծրագրի՝ առաջիկա 10 տարիներին ՙՎալեքս՚ խմբի ընկերությունների կողմից Ծաղկաշենում կկատարվեն մոտ 80 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։
Սրբուհի ՎԱՆՅԱՆ