[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՁՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

Ի՞նչ վիճակում է այսօր աշնանացանը։ Հանրապետությունում տեղացած վերջին ձյունը որքանո՞վ կնպաստի ցանքատարածությունների վերականգնմանը։ Այս և հարակից այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։

 -Պարոն Ավետիսյան, փետրվարի 17-ին տեղացած ձյունը, փաստորեն, այս տարվա ձմռան առաջին ձյունն էր, կարելի է ասել՝ ուշացած ձյունը՝ հաշվի առնելով, որ տարվա այդ եղանակն ավարտին է մոտենում։ Որքանո՞վ այն կնպաստի աշնանացանին։

- Ես կասեի՝ ոչ թե ուշացած, այլ երկար սպասված ձյունն ուրախություն բերեց բոլորիս, հատկապես հողօգտագործողներին։ Վերջին երեք ամիսներին տեղումները հարթավայրային գոտում բավականին քիչ են եղել, ինչը չէր կարող բացասական ազդեցություն չթողնել ցանքատարածությունների վրա, հատկապես գարու ցանքսի։ Մենք մշտապես դիտարկումներ ենք իրականացնում հանրապետության բոլոր ցանքատարածքներում, և կարող եմ վստահեցնել, որ անգամ շատ դեղնավուն երևացող բույսերը մանրակրկիտ ուսումնասիրելով՝ նկատել ենք, որ դրանք պահպանել են իրենց կենսունակությունը։ Ցանքսերի վերականգնման ուղղությամբ հողօգտագործողների կողմից արդեն տարվում են ազոտական պարարտանյութերով սնուցման աշխատանքներ: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ ցանքսերում կիրականացվի նաև պայքար հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ: Այսքանով հանդերձ՝ հնարավոր է, որ, տեղումների նվազ քանակով պայմանավորված, տվյալ ցանքատարածությունների բերքը ցածր լինի։ Բայց, ըստ իս, այս ձյունը և իրականացվող ագրոտեխնիկական  միջոցառումները մեծամասամբ կվերականգնեն ՙխեղճացած՚ ցանքսերը և հնարավոր կլինի խուսափել մեծ կորուստներից։

-Իսկ, ընդհանրապես, որքա՞ն են կազմում ոռոգովի տարածքները:

-Կան, բայց քիչ են։ Կարելի է ասել՝ մեր ունեցած ցանքատարածությունների միայն 10 տոկոսն է ոռոգվում, մնացածն անջրդի է։ Դրա համար էլ գյուղացու, հողօգտագործողի հույսը հիմնականում բնության վրա է։

-Ի՞նչ պարբերականությամբ եք ստուգումներ, շրջայցեր կատարում։ Ո՞ւմ հետ եք համագործակցում։

-Շաբաթը մեկ, անհրաժեշտության դեպքում՝ նաև երկու անգամ։ Քանի որ դեռ ձյունը նոր է տեղացել և դաշտերն անանցանելի են, հավանաբար, մեկ-երկու օրից կգնանք ուսումնասիրելու և իրավիճակը ստույգ գնահատելու։ Տեղեկացված ենք, որ հանրապետության բոլոր շրջաններում այդ օրը առատ տեղումներ են եղել. լեռնային և նախալեռնային գոտիներում՝  ձյան, իսկ հարթավայրայինում՝ անձրևի տեսքով։ Ստուգումներից հետո երևալու է, թե որքանով են տեղումները նպաստել տարբեր գոտիների ցանքատարածություններին։ 

Համագործակցում ենք շրջվարչակազմերի գյուղատնտեսության բաժինների, համայնքները սպասարկող գյուղատնտեսների հետ։ Սերտ համագործակցում ենք ԼՂՀ հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի ծառայության հետ. վերջինս ամեն օր մեզ ամփոփ տեղեկատվություն է հաղորդում, և յուրաքանչյուր ամսվա վերջին մենք վերլուծություններ ենք կատարում մեզ մատուցված տվյալների հիման վրա։

- Անցյալ տարվա համեմատ հանրապետության մասշտաբով աշնան ցանքսերը, մեր ունեցած տվյալների համաձայն, ավելացել են։ 

- Դա, իրոք, այդպես է: Եթե անցյալ տարի կատարվել է մոտ 54 հազար հա աշնանացան, ապա 2018-ի բերքի տակ ցանվել է գրեթե 75 հազար հա աշնանացան հացահատիկ։ Այսինքն՝ ավելի քան  20 հազար հա-ով ավելացել են հացահատիկայինների՝ ցորենի և գարու ցանքսերը։ 

-Մեզ հետաքրքրում է նաև Արցախի գիտական կենտրոնի հետ համագործակցության աստիճանը։ Օգտագործո՞ւմ եք, արդյոք, գիտական թեմաներով կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Նման ուսումնասիրություններ, տեղյակ ենք, Կենտրոնի կողմից արվում են։ 

- Անշուշտ, գիտական թեմաների արդյունքները կիրառվում են հողօգտագործողների մոտ։ Անցյալ տարի Մարտունի շրջկենտրոնում նման թեմայով քննարկումներ են տեղի ունեցել՝ ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ։ Եվ համոզված եմ, որ գյուղատնտեսության ոլորտի  վերաբերյալ կառույցի կողմից արված գիտական ուսումնասիրությունների արդյունքները կիրառությունն են գտել շատերի մոտ։ 

- Աշնանացանի համար սերմացուն ներկրվա՞ծ է։ 

- Մենք ունենք ՙՍերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն՚ ՓԲԸ, որը տարվա կտրվածքով արտադրում է շուրջ 400-500 տոննա պատրաստի սերմ։ Նշված քանակությամբ սերմը լրիվությամբ օգտագործվել է 2018-ի բերքի տակ։ Բացի դրանից, խոշոր հողօգտագործողներից ոմանք դրսից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ներկրում են նոր սորտեր, դրանք օգտագործում են ու մեկ-երկու տարի փորձարկելուց հետո, եթե նորմալ արդյունքներ են ստացվում, իրենք նույնպես տրամադրում են այլ հողօգտագործողների։ Իհարկե, անհրաժեշտության դեպքում սերմ ենք ներկրում նաև Հայաստանից, բայց հիմնականում մեր տեղականն է օգտագործվում։         

- Պարոն Ավետիսյան, Արցախի համար նորություն է հնդկաձավար, կտավատ, հլածուկ և այլ մշակաբույսեր ցանելը։ Ընդամենը մի քանի տարի է, որ սկսել ենք զբաղվել դրանց մշակությամբ։ Հողօգտագործողը որքանո՞վ է կարողանում տիրապետել գործընթացին, հասկանալ այդ բույսերի ՙլեզուն՚։

- Այս մի քանի տարվա ընթացքում մարդիկ աստիճանաբար սովորել են, և դեռ տեղ ունեն դրա համար։ Նրանց այդ հարցում օգնում են մասնագետները՝ ցուցաբերելով մեթոդական աջակցություն, փոքրիկ բրոշյուրներով ուղեցույցներ են բաժանում, որտեղ այդ մշակաբույսերի ագրոտեխնիկական պահանջներն են պարզաբանվում։ Մեր կապը հողօգտագործողների հետ միշտ էլ կա, ձգտում ենք ամեն մի հարցում աջակցել նրանց։ Ունենք համայնքները սպասարկող գյուղատնտեսներ, ովքեր մասնագիտական տարբեր խորհուրդներ են տալիս հողօգտագործողներին հերկի, ցանքսի, խնամքի աշխատանքների, բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացման գործում։ Ժամանակին և մասնագիտական մոտեցումը միշտ էլ նպաստում է ցանկալի արդյունքի ապահովմանը։

-Եվ նորից անդրադառնանք 2018-ի բերքին ու դրա ակնկալիքներին։ 

- Չնայած գուշակություններ անելը գյուղատնտեսության (և ոչ միայն գյուղատնտեսության) ոլորտում այնքան էլ ճիշտ չէ, այսուհանդերձ, համոզված եմ, որ համախառն բերքը՝ նախորդ տարվա համեմատ, ավելին կլինի։ Եթե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ՝ հեկտարից միջին բերքատվությունը նույնպես բարձր կլինի։ Ակնկալիքներիս համար հիմք են ծառայում այն գործողությունները, որ իրականացնում են հողօգտագործողները. թունաքիմիկատների, պարարտանյութերի կիրառում և ագրոկանոնների խիստ պահպանում։ Կարելի է ասել՝ հողի մշակության կուլտուրան աստիճանաբար մեր հողօգտագործողի մոտ ամրապնդվում է։