[ARM]     [RUS]     [ENG]

Գյուղատնտեսության նոր հայեցակարգ. այն էականորեն կփոխի ոլորտի ռազմավարությունը

Մարտի 7-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հրավիրեց իր առաջին մամուլի ասուլիսն այդ պաշտոնում: Լրագրողների հետ հանդիպման հիմնական թեման (չնայած ներկայացվեց նաև ամփոփ տեղեկատվություն  2017-ին կատարված աշխատանքների մասին) գյուղատնտեսության նոր հայեցակարգն էր, որի շրջանակներում էլ կիրականացվի ոլորտի առաջիկա քաղաքականությունը: 

 Ժ. Միրզոյանը 2017թվականը գյուղոլորտի համար, ընդհանուր առմամբ, բարենպաստ տարի է համարում: Ընդհանուր ցուցանիշերը ներկայացնելով, նա նշեց, որ համախառն ներքին արդյունքը կազմել է 76,2 մլրդ դրամ` արձանագրելով 7,8 տոկոս աճ: Այդ ցուցանիշի մեջ բուսաբուծության բաժինը 51, անասնաբուծությանը՝ 48 տոկոս է կազմել: Ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը 68 հազ. 928 հա է, որից  աշնանացանը 54 հազ. 150հա է, իսկ գարնանացանը՝ 14 հազ 778հա: 870հա-ով ավելացել են ընդհանուր ցանքատարածությունները: Ժ. Միրզոյանի տեղեկատվությամբ, անցյալ տարի արձանագրվել են ցրտահարության դեպքեր (հիմնականում ծխախոտի բերքի), վնասված շուրջ 670տ բերքի դիմաց ծխախոտագործներին տրվել է պետական աջակցություն` յուրաքանչյուր 1կգ բերքի դիմաց 30 դրամի չափով: Կարկտահարության վնասի դիմաց խաղողագործներին և մյուս տուժածներին` գարնանացան մշակաբույսեր մշակողներին 160մլն դրամի աջակցություն է ցուցաբերվել: 

2018թ. բերքի տակ ավելի քան 75հազ. հա աշնանացան կա, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին 20 տարիների համար: Նախարարն աշնանացանի վիճակը բավարար է գնահատում, բավարար է գնահատվում նաև վնասատուների դեմ պայքարը՝ բացառությամբ չնչին հատվածների, որտեղ դեռևս անելիքները շարունակվում են: Գարնանացանի համար կա շուրջ 14 հազ. հա պատրաստի տարածք, որտեղ կցանվի հիմնականում պետական միջոցներով տրամադրված սերմացու (դրա մի մասը կտրամադրվի անհատույց,  իսկ 3 մշակաբույսի` սիսեռի, լոբու և եգիպտացորենի համար` մասնակի): Անհատույց կտրամադրվի կերային, յուղատու և ընդեղեն մշակաբույսերի սերմացու: 

Ժ. Միրզոյանն ընդգծեց, որ անելիքներ կան հատկապես անասնաբուծության ոլորտում, որտեղ խնդիրներն ավելի շատ են բուսաբուծության ոլորտի համեմատությամբ, չնայած տարվա ընթացքում նախատեսված բոլոր   ծրագրերն  իրականացված են. անասնաբույժներն ավելի քան 1մլն կանխարգելիչ սրսկումներ են կատարել, ինչի շնորհիվ հանրապետության տարածքում անասնահամաճարակային կայուն իրավիճակ է պահպանվել (բացառություն են կազմել խոզերի աֆրիկյան ժանտախտի և բրուցելյոզի դեպքերը, որոնք, Ժ. Միրզոյանի խոսքով, հետևանք են եղել պահվածքի կանոնների կոպիտ խախտումների):  Ըստ նրա, նախորդ տարիների համեմատությամբ, խոշոր եղջերավոր անասունների քանակը նվազել է, ինչի պատճառով էլ ներկայումս որոշակի գնաճ և մթերքի պակասորդ է առաջացել մսի շուկայում: Նշվածի պատճառով նվազել է նաև կաթի քանակը, հակառակ դրան` բարձրացել է կովերի կաթնատվության մակարդակը: Խոզերի գլխաքանակն աճել է 700-ով, մանր եղջերավորներինը՝ 37 հազարով նվազել է, շուրջ 39 հազարով ավելացել են թռչունները: 

Ժ. Միրզոյանը նշեց, որ բավարար աշխատանք է տարվել ոռոգման համակարգի ներդրման ու սպասարկման ուղղությամբ. պետական ծրագրով հորատվել է 7 արտեզյան հոր, որոնք 180հա նռան և 30 հա ծխախոտի ու նույնքան հա խաղողի այգի պիտի ոռոգեն:

Գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգն էականորեն պիտի  փոխի ոլորտի ռազմավարությունը. ճյուղն այլևս պետք է դիտարկվի որպես արդյունաբերություն, որը տնտեսության կայուն աճի հիմքերից մեկը պիտի դառնա: Այն կազմվել է նվազագույնը 10 տարվա համար և ներառում  է ոչ բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում են առաջիկա տասնամյակների ընթացքում իրականացվել ոլորտում£ Հայեցակարգում նշված ուղղություններն ընդգծված ճյուղային ուղղություններ են, նախատեսվում է ոլորտի բոլոր ճյուղերի համար առանձին-առանձին կազմել ծրագրեր, որոնցից  3 հիմնականը համաձայնեցման համար գտնվում են շրջանառության մեջ: Դա բուսաբուծության  համալիր ծրագիրն է, անասնապահությանը ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին և արոտավայրերի կառավարման մասին  որոշումների նախագծերը: Սրանց առաջնահերթություն է տրվել այն պատճառով, որ  հայեցակարգային դրույթների մեկնարկը պայմանավորված կլինի այդ բարեփոխումներով: 

Ժ. Միրզոյանը հայեցակարգը բաժանում է նաև գաղափարական ուղղությունների, նա կարևորում է հողօգտագործողների հստակ գիտակցումը, որ գյուղատնտեսական նոր հայեցակարգը ֆինանսական ինչ-որ միջոցներ ստանալու ծրագիր չէ, այլ հստակ նպատակ ունեցող փաստաթուղթ£ ՙՄենք փոխելու ենք մեր ոլորտային քաղաքականությունը, մեր վերաբերմունքը ծրագրերի ֆինանսավորման հարցում՚,- ասաց Ժ. Միրզոյանը:

ՙԳաղափարական ուղղության՚ մեջ նախարարն առանձնացրեց մի քանի կետ: Դրանցից մեկը կանոնակարգումն է կամ կարգապահությունը. ըստ նրա` կանոնակարգման կարիք ունեն  գյուղոլորտի բոլոր հարաբերությունները` բոլոր հարթություններում, կարգավորման խնդիր կա օրենսդրական և իրավական դաշտում:

Ընդհանրապես, նրա համոզմամբ, միայն գյուղնախարարութունը չէ, որ անելիքներ ունի այս հայեցակարգի ներդրման մեջ: Այն պիտի  և կկատարվի պետական մակարդակով, և գործի մեջ քիչ դերակատարություն չպիտի ունենան այդ թվում լրագրողները: Խնդիրը հրատապ է, սպառնում է այլ  խնդիրների  առաջացում ուրիշ ոլորտներում, այնպես որ`հայեցակարգի կետերի իրագործումը շուտափույթ կյանքի կոչելու կարիք ունի£ Անհրաժեշտ կլինի նաև որոշ խիստ միջոցների դիմել ոչ պատշաճ ձևով գյուղատնտեսություն վարողների նկատմամբ, ստեղծել կոոպերատիվներ, ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները՝ ագրոկանոնները հստակ կատարելու համար, որպեսզի կամայական գյուղատնտեսությունից անցում կատարվի կարգ ու կանոնով առաջնորդվող, ինտենսիվ գյուղատնտեսության: Ավանդական  գյուղատնտեսությունն  այլևս սպառել է իրեն, և մեր հանրապետությունը չպիտի հետ մնա համաշխարհային ընդհանուր զարգացումներից, եթե ուզում է իր տեղն ունենալ միջազգային շուկայում՝ բավարարելով ներքին և արտաքին սպառողի պահանջները: 

Հայեցակարգը մի շարք նորարարություններ է ենթադրում, որով պիտի աճեն նաև արտաքին ներդրումները, ձևավորվի ոռոգման, հողի պարարտացման մշակույթը: 

Լրագրողների հարցերը բազմաթիվ էին ու բազմաբնույթ, վերաբերում էին ինչպես  առկա խնդիրներին, այնպես էլ  այն ռիսկերին ու հարցերին, որոնք ենթադրում է նոր հայեցակարգի ներդրումը: Ինտենսիվ գյուղատնտեսությունը չի ենթադրի թունաքիմիկատների չարաշահում, գյուղացիների եկամտի նվազում, արոտավայրերի անգործության մատնում և նմանատիպ այլ ռիսկեր: Չէ որ  անկատար է նաև օրենսդրական դաշտը, վերահսկողական մեխանիզմներն էլ թույլ են:

 Որքանով ենք պատրաստ նման մարտահրավերների£ Ժ.Միրզոյանի խոսքով` անլուծելի խնդիրներ, փակուղային իրավիճակներ չկան, եթե կա քաղաքական կամք, արգելքները հաղթահարելու վճռականություն, հատկապես երբ լրագրողները ևս պատրաստակամ են համագործակցելու: 

 

 Սրբուհի ՎԱՆՅԱՆ