[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Ապահովագրությունը ֆինանսական համակարգի օղակներից մեկն է: Այն ծագել է շատ վաղ ժամանակներում և աստիճանաբար դարձել  մարդկային կենսագործնեության, հասարակական արտադրության անբաժանելի մասը: Ապահովագրական համակարգը գործել է նաև նախկին ԽՍՀՄ-ի ժամանակ և Լեռնային Ղարաբաղի բնակչության համար նորություն չէ: 
Սակայն, ԽՍՀՄ փլուզումից հետո, մեր ազգաբնակչության մեծամասնությունը չստացավ իրեն հասանելիք փոխհատուցումն ապահովագրությունից, և, բնականաբար, առաջացավ անվստահություն այդ համակարգի նկատմամբ:
Արդի ժամանակաշրջանում, երբ շատ երկրներում գործում են ապահովագրության տարբեր ձևեր, անհրաժեշտություն առաջացավ այն կիրառելու նաև մեր հանրապետությունում: Դրա վառ օրինակը 2011 թվականից  ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունն է: 2012թ. ՀՀ-ում նախատեսվում է բժշկական ապահովագրության կիրառումը քաղծառայողների համար, և  լրատվամիջոցներով  պարբերաբար ներկայացվում են բժշկական ծառայության այն փաթեթները, որոնք նախատեսվում են ապահովագրված բնակչության համար: Ինչ խոսք, բժշկական ապահովագրությունը մուտք կգործի նաև ԼՂՀ: Թե որքանով բնակչությունը պատրաստ կլինի ընդունելու ապահովագրության այս ձևը՝ ցույց կտա ժամանակը:
 Քանի որ ապահովագրական համակարգն ունի տարբեր ձևեր, հետևաբար ուշադրության է արժանանում գյուղատնտեսության ապահովագրությունը: Արցախում  գյուղատնտեսության զարգացումն ունի ռազմավարական կարևոր նշանակություն: Սա այն ճյուղն է, որի զարգացումից է կախված բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը: Գյուղատնտեսության զարգացման համար ԼՂՀ-ում մշակվել ու կենսագործվել են տարբեր ռազմավարական ծրագրեր, բայց, այնուամենայնիվ, կարծես թե կանխատեսվածին չենք հասնում, միշտ պատճառաբանելով կլիմայական անբարենպաստ պայմանները, աշխատանքների ոչ ճիշտ և ժամանակի խախտումներով կազմակերպելը, հողերի  նվազ բերրիությունը, սխալ ցանքաշրջանառությունը և այլն:
Նախկին խորհրդային հասարակարգում պետական ապահովագրական համակարգն աջակցում էր գյուղատնտեսական ձեռնարկություններին (կոլտնտեսություններին) և տալիս դրական արդյունքներ: Ներդնելով գյուղատնտեսության ապահովագրությունը ԼՂՀ-ում և ստեղծելով համապատասխան միջոցներ (պետության, խոշոր հողօգտագործողների, ֆերմերների և առանձին ֆիզիկական անձանց կողմից), հնարավոր է զարգացնել գյուղատնտեսության համապատասխան ճյուղերը:
Գյուղատնտեսության ապահովագրությունը հնարավորություն կտա տնտեսության այս ոլորտում ապահովելու հասարակական և արտադրական ոլորտի նյութական կորուստների փոխհատուցման գործընթացի իրականացում, ինչը կարևորագույն նախապայման է գյուղատնտեսական մթերքների անընդհատ և անխափան վերարտադրության համար: ԼՂՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության բացակայությունը բացասական հետևանքներ է ունենում այդ ճյուղի զարգացման վրա: Տարերային աղետների, համաճարակների, երաշտի և այլ վնասակար պատահարների հետևանքով գյուղացին զրկվում է բերքից, անասնագլխաքանակը կրճատվում է, կամ շարքից դուրս են գալիս հիմնական միջոցները, իսկ ապահովագրության բացակայության պայմաններում գյուղացին զրկվում է վնասի փոխհատուցում ստանալու հնարավորությունից:
Շուկայական տնտեսության պայմաններում ապահովագրության դերը էականորեն բարձրանում է: Նշանակալիորեն ընդլայնվում է ապահովագրական ծառայությունների ոլորտը, և, կիրառելով այդ համակարգի բարեփոխումները, ԼՂՀ-ում, անշուշտ,  կունենանք դրական արդյունք:
 
Լյուդմիլա ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՊԱՀ Ստեփանակերտի 
մասնաճյուղի դասախոս