[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ, ԻՐՈՔ, ԿԱՆ։ ԴԺԳՈՀԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Խոսել անասնապահության զարգացման մասին` առանց ընդգծելու ոլորտն սպասարկող որակյալ մասնագետների ապահովման խնդիրը՝ իրատեսական չէ: Զարգացման ծրագրերի փոփոխմանը զուգահեռ մասնագետներից ունեցած ակնկալիքներն են փոխվում: Խոսքն առաջին հերթին անասնաբույժներին է վերաբերում: Առաջին հանդիպումը կայացել է Մարտունու շրջանի մասնագետների հետ։ 
Ունեցած անասնաբույժ մասնագետների թվով Մարտունու շրջանը հանրապետության այլ շրջանների համեմատ շահեկան դիրքերում է: Անասնաբուժական սպասարկման կայանն ունի 42 մասնագետ: Նրանցից 34-ը անասնաբուժական ծառայություններ է մատուցում շրջանի 36 համայնքներում: Առաջին դրական փաստը, որ իսկույն աչքի է զարնում` կոլեկտիվում երիտասարդ կադրերի առկայությունն է:
Ըստ կայանի պետ Վալերի Խաչատրյանի, 2011 թվականը նախորդներից գրեթե ոչնչով չի տարբերվում: Պետպատվերի շրջանակներում կատարվել են համապատասխան միջոցառումները` ստուգումներն ու պատվաստումները:
Թվում է` այս պարզ գործառույթն իրականացնելիս դժվարություններ չպետք է ծագեին: Բայց արի ու տես, որ` ոչ: ՙՈրոշ անասնատերեր հրաժարվում են լիարժեք իրականացնել գլխաքանակի հաշվառման աշխատանքները՚,- խոստովանում է ՙԱնասնաբուժական սպասարկման կայանի՚ տնօրենը:
Հետեւությունն այն է, որ պաշտոնապես գլխաքանակի մի մասի, ավելի կոնկրետ` չհաշվառված մասի համար պատվաստանյութ չի էլ նախատեսվում: Սա հարցի մի կողմն է, որի կարգավորումը միայն անասնաբույժներից չի ակնկալվում: Գյուղնախարարության անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչության պետ Տիգրան Առստամյանը հավաքվածներին կոչ է անում իրենց լիազորությունների եւ ունեցած հնարավորությունների շրջանակներում աշխատել առանց թերանալու։  ՙՁեր առաջին խնդիրներից մեկը շրջանում անասնագլխաքանակի շարժի վերահսկումն է,- ասում է նա։-  Փաստ է, որ հաշվետու տարում շրջանում բրյուցելյոզի դեպք չի եղել, սակայն նախորդ տարի նման փաստեր ունեցանք, ինչը վկայում է, որ այդ ոլորտում ամեն ինչ չէ, որ կարգին է՚: 
Ոլորտի պատասխանատուն միայն դրանից չէր դժգոհում: Նախորդ տարի այս շրջանում կենդանիների բրյուցելյոզով վարակվածությունը պարզելու նպատակով  4000-ից ավելի ստուգում է իրականացվել` այն դեպքում, երբ շրջանում առկա գլխաքանակն անհամեմատ ավելի մեծ էր: 
Բրյուցելյոզի դեպքերը Մյուրիշենում եւ Բերդաշենում են գրանցվել: Սակայն տարածման հավանականությունը հաշվի առնելով` արդեն 2012թ. հունվար-փետրվարին լայնամասշտաբ ստուգումներ են կատարվել, ինչը երկու ամսում գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշների 50 տոկոսը: Տիգրան Առստամյանը կոչ է անում չբավարարվել միայն սրսկումներով կամ պլանային ստուգումներով: Պետպատվերի շրջանակներում իրականացվող ծրագրերը հավասարապես տարածվում են բոլորի վրա, այն դեպքում, երբ համայնքներից յուրաքանչյուրն իր յուրահատկությունն ունի: Գյուղնախարարության ներկայացուցիչը անասնաբույժներից պահանջեց գրանցել ոչ միայն վարակիչ, այլեւ չփոխանցվող հիվանդությունների բոլոր դեպքերը, ինչը կհեշտացնի այս եւ հաջորդ տարիների ընթացքում դրանց դեմ պայքարը: Գրանցամատյանի օրինակելի ձեւը տեղում ներկայացվեց  հանդիպման մասնակիցներին:
Երկարատեւ ընդմիջումից հետո նաեւ խոզաբուծության թեման է օրակարգ մտել: Թվերը մտահոգիչ են: Հանրապետությունում խոզերի գլխաքանակը հասել է 7000-ի` 2007-ի, ասել է թե նախաժանտախտյան շրջանի, 30000-ի դիմաց: Խոզաբուծությամբ կարելի է զբաղվել` բայց դեռ պահպանվող ռիսկերը հաշվի առնելով: Դրանում Տիգրան Առստամյանը կրկին կարևորում է անասնաբույժների դերը:
Իրենց ակնկալիքներն ու բազմաթիվ հարցերն ունեին նաեւ անասնաբույժները: Աշխատավարձը բարձրացել է` հասնելով 84-87 հազար դրամի միջակայքին: Աշխատավարձից դժգոհ չեն: Բայց ահա աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ: Առաջին հերթին խոսքը սպանդանոց ունենալու անհրաժեշտության մասին է, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ վերահսկել մսի որակը եւ հարկադիր մորթի դեպքում էլ անասնատերերին կազատի մսավաճառների հետ սակարկելու անհրաժեշտությունից: Սպանդանոցը կսկսի գործել առաջիկա ամիսներին, վստահեցնում է Տիգրան Առստամյանը: Մեկ այլ հարց նոր սարքավորումների պակասին է վերաբերում: Անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչության պետը հանգստացնում է` մոտ ապագայում խնդիրը կլուծվի շրջաններում, իսկ հանրապետական լաբորատորիան պատրաստ կլինի ավելի շուտ` հենց այս տարվա ընթացքում:
Այլ հարցերի լուծման համար հարկ կլինի ավելի երկար սպասել: Միայն մեկ համայնքի սպասարկող անասնաբույժին մոտ ապագայում փոխադրամիջոց տրամադրելը Տիգրան Առստամյանը իրատեսական չի համարում: Ներկայումս քաղաքականությունն ուղղված է նրան, որ համայնքներից յուրաքանչյուրին սպասարկի հենց այդ համայնքում բնակվող մասնագետը:
 
 Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ