[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ՋՐԱԳԻԾ

Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի գյուղական համայնքի կազմում գտնվող Տանձուտ գյուղը շրջանի առաջին վերահայացած բնակավայրերից է։ Այժմ այստեղ բնակվում է 25 ընտանիք։ Գյուղի զարգացմանը մշտապես խոչընդոտ է հանդիսացել ոռոգման ջրի պակասը։ Տարիների ընթացքում Հակարիի աջ ափով երկաթյա խողովակներով ոռոգման ջուր բերվել էր գյուղ, սակայն այն ոչ բոլորին էր հասնում։ 

 Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ի կողմից Տանձուտի համար ոռոգման նոր ջրագիծ է կառուցվում։ Այստեղից մոտ 6կմ հյուսիս ընկած Մոշաթաղ գյուղի մոտակայքից խողովակաշարով ջուրը հասցվելու է նպատակին։ Այս օրերին ապամոնտաժվում է նախկին ջրատարը, և խողովակները տեղափոխվում են գետի ձախ ափ ու գյուղամեջ։ 

Վերջերս շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանն այցելեց ջրաշինարարներին։ Ծիծեռնավանքի գյուղական համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանը տեղեկացրեց, որ խողովակաշարը հասնելու  է գյուղի ամենաբարձր կետին, որտեղից ջուրը բաժանվելու է բնակչությանը. մշակվելու է մոտ 6հա տարածք։ Ջրատարի կառուցմանն ընդգրկված են նաև գյուղի բնակիչները: Եղբայրներ  Սարգիս և Մայիս Տանաջյաններն իրենց անձնական տրակտորներով են աշխատում ջրաշինարարների հետ՝ տեղափոխելով խողովակները։ Այդ աշխատանքի համար միայն վառելիք է հատկացվում։ 

 -Մեր գյուղի համար է կառուցվում ջրատարը, և բոլորս պարտավոր ենք մեր հնարավորությունների չափ օգնել շինարարներին,-ասաց Սարգիսը։ 

ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ տնօրեն Հովհաննես Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ երկաթյա խողովակները չեն հերիքելու։ Մոտ 3կմ պակասը կլրացվի ռետինե հատուկ խողովակներով, դրանք արդեն պատվիրվել են։ Գյուղում սակավ է նաև խմելու ջուրը, որը բերվել է գետի աջափնյա սարալանջի միակ աղբյուրից։ Ա. Մխիթարյանն իրազեկեց, որ խմելու ջրատար նույնպես կկառուցվի: Այժմ ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքներն են ընթանում: Ամռանը տանձուտցիները կկարողանան մշակել իրենց այգիներն ու բանջարանոցները։   

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր