[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) ամփոփվել են ընթացիկ տարվա մարտ ամսին իրականացված ստուգումների արդյունքները։ 

 Ինչպես տեղեկացրեց նախարարության ՍԱՊ ծառայության պետ Համլետ Ապրեսյանը, կառույցի կողմից իրականացված 53 դիտարկումների (հացի արտադրության 7 կազմակերպություն, կրեմային հրուշակեղենի արտադրության 1, հանրային սննդի 8, իրացման 37 կազմակերպություն) արդյունքներով խախտումներ չեն հայտնաբերվել 26 տնտեսվարող սուբյեկտի մոտ: 

Սննդի շղթայում ներգրավված անձանց՝ ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների խախտում է արձանագրվել 26 տնտեսվարող սուբյեկտի մոտ, ինչի արդյունքում  63 աշխատող, ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական զննություն չանցնելու կապակցությամբ, կայացված որոշումների համաձայն, ժամանակավորապես չեն թույլատրվել աշխատանքի` մինչև օրենքով սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը: Նշված ժամանակահատվածում 61 աշխատող վերականգնվել է աշխատանքի (ներառվել են նաև նախորդ ժամանակահատվածում աշխատանքի չթույլատրված 35 անձինք):

ԱՀ օրենսդրությամբ սննդի շղթայում ներգրավված անձանց կեցվածքին ներկայացվող պահանջների խախտում է արձանագրվել 3 տնտեսվարող սուբյեկտի մոտ: Երկու տնտեսվարող սուբյեկտ ապահովել է օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Միջատների և կրծողների դեմ տարվող պայքարի իրականացմանն ուղղված միջոցառումների առումով 4 տնտեսվարող սուբյեկտ չի ապահովել օրենսդրությամբ սահմանված պահանջները, իսկ 3 տնտեսվարող սուբյեկտ կատարել է պահանջվող միջոցառումները։

Սարքավորումների և գույքի առումով խախտումներ են արձանագրվել 2 տնտեսվարող սուբյեկտի, կենդանական ծագման սննդամթերքին ներկայացվող պահանջների խախտում` 1 տնտեսավարող սուբյեկտի մոտ: Վերջինիս տրվել է հանձնարարական՝ ապահովել ԱՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Նման հանձնարարական է տրվել նաև սննդամթերքի ընդունման և վաճառքի իրականացման առումով խախտում թույլ տված 1 տնտեսվարող սուբյեկտի։

Հ. Ապրեսյանի իրազեկմամբ՝ ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել 1 տնտեսվարող սուբյեկտի մոտ: Ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչության տեսուչների կողմից իրացման կետում կատարված դիտարկման արդյունքներով հայտնաբերվել և ոչնչացվել են՝ քաղցրավենիք` 4,65 կգ, գազավորված ըմպելիք`  22,5 լ, ապխտած հավ` 1,8 կգ: Բացի այդ, ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչության տեսուչները Ասկերան քաղաքում և Ասկերանի շրջանի 19 համայնքներում (Խնապատ, Այգեստան, Իվանյան, Նորագյուղ, Նախիջևանիկ, Վարդաձոր, Ուղտասար, Խրամորթ, Խնձրիստան, Խաչեն, Հիլիս, Լուսաձոր, Խնածախ, Խանցք, Պատարա, Աստղաշեն, Ռև, Դահրավ, Ծաղկաշատ) հաշվառել են հացի արտադրության 3, իրացման 81, հանրային սննդի 16 և ալկոհոլային խմիչքների արտադրության 1 կազմակերպություն: Հաշվառման գործընթացին զուգահեռ տեսուչները տնտեսվարող սուբյեկտներին ծանոթացրել են համապատասխան ոլորտների մասով հաստատված ստուգաթերթերով սահմանված պահանջներին, նրանց իրավունքներին և պարտականություններին: Նշված աշխատանքների իրականացման ժամանակ 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. մսամթերք` 11,3 կգ, քաղցրավենիք` 7,85 կգ և կաթնամթերք` 6,25 կգ, իսկ մեկ տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել և ոչնչացվել է առանց հայերեն մակնշման ու որակը հավաստող սերտիֆիկատի արտասահմանյան ծագման թռչնամիս` 45 կգ:

Ստեփանակերտ քաղաքում հաշվառել են ևս 16 իրացման կազմակերպություններ: Հաշվառման գործընթացի իրականացման ժամանակ 1 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. քաղցրավենիք` 0,725 կգ, մուրաբա` 1,92 կգ, կետչուպ` 4 կգ, մայոնեզ` 2,2 կգ և այլն: 

Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության տեսուչները` անասնահամաճարակային մշտադիտարկում իրականացնելու և տեղերում համաճարակային իրավիճակին ծանոթանալու նպատակով շրջայցով եղել են Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր, ՈՒղտասար և Խրամորթ համայնքներում: Այդ ընթացքում հանդիպումներ են ունեցել համայնքի ղեկավարների և համայնքը սպասարկող անասնաբույժների հետ, քննարկել և մասնագիտական խորհուրդներ են տվել տեղերում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Նաև կասեցրել են պանրի (3 դեպք), մսի (2) և ձկան (10) վաճառքները: Նշված մթերքների իրացումը թույլատրվել է միայն համապատասխան անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելուց հետո:

Նման ստուգումների ժամանակ Ստեփանակերտում հաշվառել են մսի իրացման մեկ կազմակերպություն: 

Ստեփանակերտի մսակաթնային և սննդի հսկողական կետում անասնաբուժասանիտարական փորձաքննության է ենթարկվել տարբեր կենդանատեսակների միս. ԽԵԱ` 9925 կգ, ՄԵԱ` 433 կգ, խոզ` 4997 կգ: 

Ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության տեսուչները տնտեսվարող սուբյեկտների մոտ ուսումնասիրել են բուսական ծագում ունեցող որոշ մթերքներում նիտրատների առավելագույն մնացորդային քանակները։ Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված ցուցանիշները համապատասխանել են թույլատրելի սահմանված ցուցանիշներին: 

Բուսասանիտարիայի տեսչության կողմից Ստեփանակերտում հաշվառվել են բուսական ծագում ունեցող սննդամթերք իրացնող 8 կազմակերպություն և 3 շարժական վաճառակետ:

Ընդհանուր առմամբ, Հ. Ապրեսյանի խոսքով,  ստուգումների արդյունքում արձանագրված բոլոր տեսակի խախտումները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին տրվել են հանձնարարականներ` կարճ ժամանակամիջոցում դրանք վերացնելու համար։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ