[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏՈՒՄ ՀՍՏԱԿԵՑՎԵՑԻՆ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌՍՀ)նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն ապրիլի 16-ին համատեղ նիստ են գումարել, որի օրակարգային հարցերը վերաբերում էին գործընկեր կառույցների հետագա համագործակցության ընդլայնմանն ու հիմնական ուղղություններով միասնական աշխատանքային ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծմանը: 

 Նիստի մասնակիցներին ողջունել է ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով հայաստանյան հանձնաժողովին հաճախակի և նախաձեռնողական այցելությունների և օժանդակության համար, պետնախարարն ընդգծել է, որ  արդյունավետ համագործակցության շնորհիվ երկու հանձնաժողովներն արդեն զգալի ձեռքբերումներ ունեն  օրենսդրական դաշտի ներդաշնակեցման, թվայնացման հնարավորություների ընդլայնման և այլ ոլորտներում։ 

ՀՀ ՀՌԱՀ նախագահ Գ. Բունիաթյանը նախ ներկայացրել է երկօրյա այցի հանդիպումները, ապա անդրադարձել երկու հանձնաժողովների հետագա անելիքներին: Նա ներկայացրել է պատվիրակության անդամներին` նշելով, որ հաշվի առնելով քննարկման թեմաների հրատապությունն ու առկա մարտահրավերները, պատվիրակության կազմում ընդգրկվել են հայաստանյան առավել մեծ հեռուստալսարան ունեցող գրեթե բոլոր հեռուստաալիքների ղեկավար կազմի ներկայացուցիչները: Ըստ բանախոսի` ԶԼՄ-ների դերը հանրային կյանքում օր օրի ավելի են կարևորվում, օրախնդիր հնչողություն ստանում դրանց արդյունավետ աշխատանքի համար օրենսդրության կատարելագործումն ու կիրարկման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը: 

Խոսելով հանրապետությունում կապի և զանգվածային կոմունիկացիաների համակարգից, պետնախարար Ա. Հարությունյանը  վկայակոչել է  ԱՀ Նախագահի համապատասխան հանձնարարականը և հատկանշել, որ ներկայում էլ հրատապ է մնում հանրապետության ողջ տարածքում պահանջարկ վայելող տարբեր ռադիո- և հեռուստաալիքներ հեռարձակելու խնդիրը, որը նկատելի է հատկապես բարդ աշխարհագրական դիրք ունեցող հեռավոր գյուղերում: ՙԱրցախկապ՚ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հակոբյանը և ՙՓեյս՚ ընկերության ղեկավար Վահրամ Թամրազյանը ներկայացրել են հանրապետության տարածքում այլընտրանքային հեռուստատեսության սփռման հնարավորությունները, տարբեր բնակավայրերում եղած խնդիրները հաղթահարելուն ուղղված ընթացիկ աշխատանքները: 

Գ. Բունիաթյանն այն կարծիքը հայտնեց, որ հետագայում որպես համատեղ աշխատանքի արդյունք  կարելի է դիտարկել նաև միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը, որի համար անհրաժեշտ կլինի օգտագործել տարբեր ռեսուրսներ: 

ՀՀ հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցության նոր ուղիներ գտնել արցախյան լրատվամիջոցների, մասնավորապես, Արցախի հանրային հեռուստատեսության հետ, նշելով, որ Արցախի պետհամալսարանի ղեկավարության հետ արդեն պայմանավորվածություն է ձեռքբերվել լրագրության բաժնի ուսանողների փորձուսուցումն իրենց հեռուստատեսությունում կազմակերպելու, հայտնի մեդիադեմքերի հետ հանդիպումներ անցկացնելու ուղղությամբ: Նա կարեւորել է նաեւ հեռուստաալիքների տեխնիկական ապահովման ոլորտում համատեղ քայլերի անհրաժեշտությունը:

ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը հանրապետության լրատվամիջոցներին հորդորեց առավել ակտիվություն ցուցաբերել հայաստանյան գործընկերների հետ ուղղակի կապեր հաստատելու, գոյություն ունեցող տարատեսակ խնդիրների հաղթահարմանը միտված համատեղ ծչագրեր մշակելու գործում:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ՀՌԱՀ և ԱՀ ՀԾՏՄԿՊՀ համագործակցության համաձայնագրից և 2018թ. աշխատանքային ծրագրերից բխող միջոցառումներին: Մասնավորապես, նախորդ տարում Արցախի պետական հանձնաժողովի ներկայացուցիչներն  ավելի քան մեկ տասնյակ անգամ հյուրընկալվել են հայաստանյան գործընկեր կառույցում` այդ ընթացքում մեկ անգամ մասնակցելով ՀՀ հանձնաժողովի նիստին: Կազմակերպվել է նաև ՀՌԱՀ նախագահի և տարբեր մասնագետների մի քանի այցելություն: Հայաստանյան գործընկերները  մասնակցել են նաև ԱՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավի լուսաբանման գործընթացի մշտադիտարկմանը: Տարվա ընթացքում ԱՀ պետական հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանման գործընթացի մշտադիտարկմանը: Ապահովվել է Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային կազմակերպությունների կողմից Էդինբուրգում և Վիեննայում կազմակերպված համաժողովներին: ՀՌԱՀ պատվիրակության կազմում ԱՀ պետական հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA)  ՙԼուրերը թվային դարում, դրանց դերը և ազդեցությունը հասարակության վրա՚ թեմայով Էդինբուրգում կայացած գարնանային նստաշրջանին, ինչպես նաև  նույն կառույցի կողմից Վիեննայում կազմակերպված` ՙԿարգավորիչ կառույցների դերը թվային դարաշրջանում՚  թեմայով աշնանային նստաշրջանին:  

2018թ. աշխատանքային ծրագրով նախատեսված է ԱՀ հանձնաժողովի աշխատակիցների ներկայությունն ապահովել EPRA երկու նիստերին: Երկու հանձնաժողովների մասնագետների միջև պարբերաբար իրականացվում են առաջացած հարցերի պարզաբանմանն ուղղված աշխատանքներ և բնագավառի կարգավորմանը միտված միջոցառումների փորձի փոխանակում: Բացի այդ, գործընկեր կառույցների մասնագետների ներգրավմամբ իրականացվել են աշխատանքներ` ուղղված ՙՀեռուստատեսության և ռադիոյի մասին՚ ԱՀ օրենքի լրամշակմանը:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ