[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՔՍԻ ՀՈՎԻՏԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Արաքսի հովտի գյուղատնտեսական հնարավորությունների արդյունավետ օգտագործման ծրագիրը մեկնարկել է մի քանի տարի առաջ: Հադրութի շրջանի հարավային թեւում 3500 հա ոռոգովի հողատարածք կա, մեծ մասը` Արաքսի հովտում: Պետական ծրագրերի ու մասնավոր նախաձեռնությունների արդյունքում հովտում արդեն որոշակի աշխատանք է տարվել:

Անելիքը, սակայն, ավելի շատ է, դրանց երիտասարդության ներգրավումը՝ ցանկալի: Այս տրամաբանության մեջ է լիովին տեղավորվում Նախագահ Բակո Սահակյանի եւ մի քանի տասնյակ երիտասարդների ապրիլի 13-ին կայացած հանդիպումը Արաքսավանում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացուցիչներ Ազգային ժողովից եւ կառավարությունից:

Վերջերս հաստատված` գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը պահանջում է վերանայել մոտեցումները, ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, շրջանառության մեջ դնել նոր լուծումներ: Բակո Սահակյանն այդ հարցում մեծ ակնկալիքներ ունի հատկապես երիտասարդներից: ՙՀաշվի առնելով Արաքսի հովտի նշանակությունը մեր երկրի կյանքում, մենք  շարունակում ենք աշխատանքները շրջանի հարավային թեւում: Այն պահից, երբ կառավարությունը հաստատել է գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգը, անհրաժեշտություն էր առաջացել այս հատվածում եւս մեր աշխատանքները համապատասխանացնել այդ նոր հայեցակարգին՚,- ընդգծել է երկրի ղեկավարը: 2018-ի սկզբին, Արցախի կառավարության որոշմամբ, ստեղծվել է ՙԱրաքս գոտի՚ ընկերությունը: Նպատակը Արաքսի հովտում աշխատանքներն ակտիվացնելն ու  համակարգելն է: ՙԲոլոր նրանք, ովքեր զբաղվում են գյուղատնտեությամբ կամ պատրաստվում են զբաղվել, կարող են համոզված լինել, որ, ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ, ստեղծելու ենք պահանջվող պայմանները՝ նրանց գործունեությունն արդյունավետ դարձնելու համար՚,- նշել է Նախագահ Սահակյանը: 

Վերականգնվել են 200 հա խաղողի եւ թթենու այգիներ: Առաջիկայում եւս 1000 հա կմաքրվի եղեգներից: 200 հա մաքրվել է` այգիներ հիմնելու նպատակով: Ոռոգման ցանցն է վերականգնվում, արդիականացվում: Մաքրվել են ջրանցքներ, հորատվել  արտեզյան ջրհորեր: Տեղադրվել են անձրեւացման ժամանակակից համակարգեր: Գյուղատնտեսության ոլորտում երիտասարդների առավել ակտիվ ներգրավվածությունից նաեւ նոր մոտեցումների ու նոր փորձի կիրառում է ակնկալվում: ՙՀուսով ենք, որ երիտասարդների ընդգրկմամբ այս ոլորտի զարգացումը կլինի ինտենսիվ, ավելի  կազմակերպված՚,- լավատես է գյուղատնտես Արամ Վերդյանը:

Որոշ երիտասարդներ գործով են ապացուցել դա: Հանդիպմանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տասնյակ գյուղատնտես-ուսանողների հետ նաեւ արդեն որոշակի ճանապարհ անցած երիտասարդ ֆերմերներ են մասնակցել: Նրանք պատրաստ են սկսնակների հետ կիսվել իրենց փորձով: ՙԲոլոր նրանց, ովքեր ուզում են զբաղվել ջերմոցային տնտեսությամբ, կառաջարկեմ զբաղվել հատկապես ելակի արտադրությամբ: Պատրաստ եմ իմ անձնական փորձը ներկայացնել նրանց՚,- ասում է երիտասարդ մենատնտես Արամ Բադալյանը: Կառավարության առաջարկն ավելի ընդգրկուն է: Արաքսի հովտում հնարավոր է մշակել գրեթե ամեն ինչ` հացահատիկից մինչեւ մերձարեւադարձային բույսեր: Գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգն օժանդակության բազմաթիվ մեխանիզմներ ունի: Արցախի Նախագահը վստահեցնում է` սկսնակ հողօգտագործողներն իրենց խնդիրների հետ միայնակ չեն մնա. ՙԴա չի կարող լինել միայն այդ մարդկանց խնդիրը: Մենք պետք է դա ընկալենք որպես մեր` բոլորիս խնդիրը: Ես հակված եմ մեր հարաբերությունները կազմակերպել այդ պահանջից ելնելով՚:

Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը մինչ այժմ Արաքսի հովտում արվածն է ներկայացրել: Գյուղատնտեսական նշանակության հողերի մաքրման, նախապատրաստման աշխատանքները շարունակվում են: Նաեւ այդ տարածքներում աշխատողների կենցաղային խնդիրները չեն մոռացվում: Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն էլ հիշեցնում է` դեռ 2014-ին 29կմ էլեկտրագիծ է անցկացվել: Հողօգտագործողների համար տեղադրվել են առաջին տնակները: Արդեն մի քանի տասնյակ տնակներ կան Արաքսավանում: Ապրելու նվազագույն պայմաններն ստեղծվել են, իսկ այս տարվանից այդ հարցում համակարգային փոփոխություն կլինի: Արդեն ընտրվել է տարածքը, որտեղ հիմնվելու է նոր բնակավայրը: Տնակները քարից չեն լինի, բայց իրենց ամրությամբ ու հարմարավետությամբ քարաշեն կացարաններին չեն զիջի, վստահեցնում է քաղաքաշինության թիվ 1 պատասխանատուն: ՙՄեր կողմից ուսումնասիրվել է տարածքը, որտեղից պետք է ջրամատակարարման գիծ անցկացվի: Մոտ մեկուկես կիլոմետր հեռավորությամբ է գտնվում աղբյուրը, որից կսնվի ինքնահոս մայր ջրագիծը,- իրազեկում է Կ. Շահրամանյանը: -Շինարարությունն արդեն սկսված է: Նաեւ ներքին ցանցն է կառուցվելու: Յուրաքանչյուր վագոն-տնակ ջրով ապահովված կլինի, նաեւ լրացուցիչ ծորակ կունենա՝ տնամերձ հողատարածքի ոռոգման համար՚:

14 վագոն-տնակներն արդեն Ստեփանակերտում են, դրանք Հադրութի շրջան կտեղափոխվեն եւ կմոնտաժվեն ապրիլ ամսվա ընթացքում: 3-սենյականոց կացարաններն Արաքսի հովիտ են հասնելու ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի շնորհիվ: Ոչ հեռու ապագայում նոր բնակավայրում կտեղադրվի  նման 100 տնակ:  

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ