[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՌՈԳՈՒՄԸ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Արցախում խորքային ջրերի օգտագործման փորձը ոչ թե տարիների, այլ տասնամյակների պատմություն ունի: Պատերազմի եւ հետպատերազմյան տարիներին հանրապետության ենթակառուցվածքների հատկապես այդ հատվածը խոշոր, շատ դեպքերում էլ` անդառնալի կորուստներ ունեցավ:

Նախկին արտեզյան հորերից շատերն արդեն անհնար էր վերականգնել: Վերականգնվեց-վերագործարկվեց մի մասը միայն, բացվեցին նոր հորեր: Գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգում ոռոգման հարցերին առանցքային տեղ էր հատկացված: Ընդ որում, ունեցած պաշարներն արդյունավետ օգտագործելու համար որոշվել է ակտիվորեն ներդնել ժամանակակից ջրախնայող համակարգեր: 

Պետական ծրագրով աջակցության զգալի մասը հենց այդ համակարգերի ձեռքբերման, տեղադրման հարցում է նախատեսված: Զուգահեռ, 2018-ից, այս ոլորտում մեկ այլ ծրագիր է մեկնարկել՝ արդեն բարեգործական աղբյուրներով: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը հայտարարեց, որ ՙՀեռուստամարաթոն-2017՚-ի ընթացքում հանգանակված գումարների մի մասն էլ ուղղվելու է Արցախում արտեզյան ջրհորերի կառուցմանը: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Արցախի գյուղատնտեսության նախարարությունում նախաձեռնությունը կարեւորում են. երաշխավորված ոռոգման հնարավորությունը կարող է լուրջ խթան դառնալ երկրագործության ինտենսիվ զարգացման համար: Հակառակ ջրային բավականին հարուստ պաշարների առկայությանը՝ որոշ դեպքերում անգամ ջրարբի համարվող հողատարածքներում ենք ջրի խնդիր ունենում: ՙՔանի որ մեր ջրանցքներից շատերը գետերից են սնվում, այլ ոչ թե տեղումնառատ շրջանում կուտակված ջրի պաշարներն են օգտագործում, ամառային սակավաջուր ամիսներին սովորաբար խնդիրներ ենք ունենում՚,- մանրամասնում է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը: 

Տարեսկզբից արդեն սկսվել են հետախուզական ու հորատման աշխատանքները: ՙM group energo servise՚ ՍՊԸ ծրագրերի համակարգող Արմեն Քարամյանը հերթական արտեզյան հորի նախապատրաստման ընթացքին է հետեւում Մարտունու շրջանում: ՙԱյս ջրհորի հորատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Այժմ կատարվում է ջրի փորձնական արտամղում եւ ջրի մակարդակի ստուգում: Նախնական հաշվարկերով՝ ակնկալում ենք, որ այս ջրհորի ջուրը կբավարարի մոտ 22 հեկտարի ոռոգման համար՚,- հույս ունի նա: 

Արցախում հիդրոերկրաբանական հետազոտություններ տասնամյակներ առաջ են իրականացվել: Սակայն երկու խնդիր կա. մի կողմից՝ այդ ուսումնասիրությունների ամբողջական փաթեթը հայտնի պատճառներով անհասանելի է Արցախի ներկայացուցիչներին: Մյուս կողմից՝ այդ հետազոտություններից հետո բավականին շատ ժամանակ է անցել, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել բնակլիմայական պայմաններում, եւ, բնականաբար, նոր իրավիճակում խորքային ջրերի առումով տասնամյակներ առաջ տրված գնահատակաները եւս չեն կարող անփոփոխ մնալ: ՙՍտացվել է այնպես, որ աշխատանքների ընթացքում ենք լրացնում, թարմացնում հիդրոերկրաբանական տվյալների բազան՚,- խոստովանում է հիդրոերկրաբան Արամ Դարբինյանը: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրի առաջին փուլով արտեզյան ջրհորներ կառուցվում են Մարտունու եւ Ասկերանի շրջաններում: Ընդ որում, Գյուղնախարարության քաղաքականությունն այն է, որ ավելացված ջրարբի տարածքների հաշվին այգիներն ընդլայնվեն: ՙԽոսքը չի վերաբերում միայն նռան այգիներին,- հստակեցնում է գյուղատնտեսության նախարարի տեղեկալ Վիլեն Ավետիսյանը:- Մեր կողմից խրախուսվում է նաեւ մնացած պտղատեսակների մշակությունը, որոնք տվյալ տարածքի բնակլիմայական պայմաններին համապատասխանում են՚: ՙԸնդհանուր առմամբ, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրով միայն Մարտունու շրջանում շուրջ երեք տասնյակ արտեզյան ջրհոր է փորվելու, ինչի շնորհիվ ոռոգվող տարածքները կավելանան եւս 500 հեկտարով,- ակնկալիքներն է ամբողջացնում Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը:- Նախատեսում ենք այդ տարածքի հիմնական մասը նոր այգիների հիմնադրմանը հատկացնել, ինչպես նաեւ գարնանացան կուլտուրաների մշակությանը՚: 

Նույն լավատեսական տրամադրությունն է նաեւ Ասկերանի շրջանում: Հերթական արտեզյան ջրհորը Հովսեփավան գյուղի տարածքում է փորվել: Սակավաջուր ամռան դժվարությունները բազմիցս ճաշակած հովսեփավանցիներն արդեն ավելի լավատես են ու ավելի վստահ, որ հողին պահ տված սերմից բերք են ստանալու: ՙՃիշտ է, գյուղի մոտով առու էլ է հոսում, ներքեւով` գետ էլ, բայց երբ գալիս են հունիս-հուլիս ամիսները՝ ջուր ընդհանրապես չի լինում, տարեցտարի այդ միտումն ընդգծվում է: Այս արտեզյանը շատերին հույս կտա, որ շարունակեն գյուղատնտեսությամբ զբաղվել՚,- վստահեցնում է  Հովսեփավանի համայնքի ղեկավար Խաչատուր Պետրոսյանը:

Աշխատանքները շարունակվում են: Թանկ գնով ձեռք բերված ջուրն օգտագործվելու է հնարավորինս արդյունավետ: Արտեզյան հորերի թվի ավելացմանը զուգընթաց՝ գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգի շրջանակներում հստակեցվել է, թե ժամանակակից ջրախնայող համակարգերի ներդրման դեպքում հողօգտագործողները պետական ինչ աջակցություն են ստանալու: Ոռոգումից բացի, այն նաեւ  սնուցման, պարարտացման, վնասատուների դեմ պայքարի հարցում է նորույթներ ապահովելու, վստահեցնում է Վիլեն Ավետիսյանն ու մատնացույց անում Արցախում այդ նորույթի արդյունավետ կիրառման բազմաթիվ օրինակները:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում այս տարի նախատեսվում է հորատել մինչեւ 22 արտեզյան ջրհոր: 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ