[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Մայիսի 12-ին Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Արթուր Գաբրիելյանը և աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման և բնապահպանության քաղաքականության բաժնի պետ Էլլադա Արամյանը Բերձորում հանդիպում են ունեցել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի, տարբեր կառույցների ղեկավարների և աշխատակիցների հետ։

 Կայացել է խորհրդակցություն՝ նվիրված կոշտ կենցաղային թափոնների տեղափոխման, վերամշակման, պահպանման, աղբահանման, նոր աղբավայրերի ստեղծման և այլ հարցերին։ Խորհրդակցության ընթացքում Ա. Գաբրիելյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 6-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը՝ նվիրված կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրին։ Նա տեղեկացրել է, որ Նախագահը հանձնարարել է Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետին, շրջվարչակազմերի ղեկավարներին՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը։ Ուստի անհրաժեշտ է մինչև մայիսի 18-ը ուսումնասիրություն կատարել այս հարցի վերաբերյալ, ճշտել, թե Քաշաթաղի շրջանում քանի աղբավայր է հնարավոր ստեղծել՝ բնակավայրերում գոյացող կոշտ կենցաղային թափոնները, համայնքների սանիտարական մաքրումից առաջացող աղբը տեղափոխելու համար։ Կազմակերպվող աղբավայրերը պետք է ապահովեն մթնոլորտի, հողի, մակերևութային և ստորերկյա ջրերի պահպանությունը աղտոտումից։ 

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը, պատասխանատու պաշտոնյաները, Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը ներկայացրել են շրջանի բնական պայմանները, որոնք դժվարացնում են մի քանի բնակավայրի համար մեկ աղբավայրի տեղ ընտրել։ Եղել են առաջարկներ, պարզաբանումներ։ Անդրադարձ է եղել նաև շրջանի բնապահպանական խնդիրներին՝ կապված Կապան-Կովսական ճանապարհի վրա գտնվող աղբավայրի, փոքր հեկերի, անտառներում սանիտարական հատումների և այլնի հետ։  

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր