Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ 2017թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկեցին նախորդ տարվա բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունները։

Նույն օրը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության անդամներ։ Նիստը վարում էր ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։

Օրակարգում մեկ հարց էր՝  2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, որը ներկայացրեց ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Մինչ բյուջեի կատարողականին անցնելը՝ նախարարն անդրադարձավ մակրոտնտեսական ցուցանիշներին։ 

2017թ. համախառն ներքին արդյունքը կազմել է 272, 1 մլրդ դրամ։ Մեկ շնչի հաշվով արձանագրվել է 3844, 8 ԱՄՆ դոլար ՀՆԱ-ի ցուցանիշ, որը, ըստ Գ. Մարտիրոսյանի, բավականին բարձր է և առաջին անգամ գրեթե հավասարվել է հայաստանյան ցուցանիշին, ինչպես նաև գերազանցել է Ադրբեջանինը։  ՀՆԱ-ի ծավալը հնարավորություն տվեց գրանցել տնտեսական աճի բարձր տեմպ՝ 15, 6 տոկոսի չափով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017-ի տնտեսական միջավայրի վրա առանձնահատուկ ներգործություն է ունեցել հանքարդյունաբերության ոլորտը, նախարարն իր խոսքում անդրադարձավ տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցերին՝ կարևոր ցուցանիշները ներկայացնելով ամփոփ կերպով և առանց հանքարդյունաբերության ոլորտի ազդեցության։

Ֆինանսների նախարարը հատկանշեց այն ոլորտները, որոնք ազդել են տնտեսական աճի ցուցանիշների վրա. ֆինանսական գործունեության ոլորտը՝ 2 տոկոսով, արդյունաբերության այլ ճյուղերը՝ 1,6, գյուտնտեսությունը՝ 0,9 և տնտեսության այլ ճյուղերը՝ 0,7 տոկոսով։  Հաշվետու տարում բարձր է եղել նաև տնտեսական ակտիվության ցուցանիշը. սկսած ապրիլ ամսից  այն արձանագրվել է երկնիշ թվերով։ Տարեվերջին գրանցվել է 15,4 տոկոս տնտեսական աճ։ 

Նյութական արտադրության հիմնական ոլորտների մասով նախարարը նշեց, որ արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 54,8 տոկոս իրական աճ, որը հնարավորություն տվեց ապահովել 97,5 մլրդ դրամ արտադրության ծավալ։ Այդ ծավալն ու աճը հիմնականում ապահովվել են բուսաբուծության հաշվին։ Միջին ամսական աշխատավարձը կազմել է 155 հազար 433 դրամ, կամ աճը՝ 1,8 տոկոս։ 

Զգալի աճ է արձանագրվել արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում՝ 31,5 տոկոս, և ծավալը կազմել է 444,5 մլն ԱՄՆ դոլար։ Արտահանումը կազմել է 287,9 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 93 տոկոս։ Գնաճը կազմել է 1,5 տոկոս, ինչը, նախարարի խոսքով, պահպանվել է չափավոր սահմաններում։

Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41 մլրդ 355,9 մլն դրամ, պլանավորված ցուցանիշը գերակատարվել է 6,6 տոկոսով։ Պետբյուջեի եկամուտների գերակշիռ մասը կազմել են հարկային եկամուտները՝ 39մլրդ 789,6 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ նշված եկամուտներն աճել են շուրջ 23 տոկոսով։ Աճ է արձանագրվել նույնիսկ առանց հանքարդյունաբերության ոլորտի՝ 5,5 տոկոս։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ աճը՝ 2016-ի համեմատ, պայմանավորված է ինչպես տնտեսական զարգացման միտումներով, այնպես էլ հարկային վարչարարության բարելավման արդյունքներով։

2017թ. պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 3մլրդ 305,2մլն դրամ՝ նվազելով 387մլն դրամով (2016-ի համեմատ)։ ՀՀ-ից տրամադրվող միջպետական վարկի չափը փաստացի կազմել է 47մլրդ 437,5 մլն դրամ։ 2017թ. պետբյուջեի ընդհանուր ծախսերի ծավալը կազմել է 92մլրդ 98,1մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված պլանային ցուցանիշի 96,5 տոկոսը։ Նախորդ տարվա պետբյուջեի համեմատ ծախսերն աճել են 8,8 տոկոսով։ Այդ աճին նպաստել են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը։ 

2017-ի արդյունքներով ամբողջ ծավալով ֆինանսավորվել են պլանավորված սոցիալական բնույթի բոլոր ծախսերը՝ թոշակներ, աշխատավարձեր, կրթաթոշակներ…Ընդհանուր առմամբ այդ գումարը կազմել է 32մլրդ դրամ, կամ ծախսերի 35 տոկոսը։ Բոլոր հիմնավորված ծախսերը, որոնք ներկայացվել են այլ տնտեսական ծախսերի գծով, նույնպես ֆինանսավորվել են լրիվությամբ։ 

Ֆինանսների նախարարը հակիրճ՝ ըստ ոլորտների, ներկայացրեց 2017-ի պետբյուջեի կատարողականը, հաշվի առնելով, որ այն քննարկվելու է մշտական հանձնաժողովների առաջիկա նիստերում։  

Ավարտելով խոսքը՝ Գ. Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ պետական բյուջեն կատարվում է նպատակայնության, հասցեականության սկզբունքներից ելնելով, ինչը շարունակում է մնալ գերակայություն՝ որպես նպատակ ունենալով բնակչության բարեկեցության բարձրացումը։ 

Նախարարը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին։ 

Պատգամավոր Գագիկ Բաղունցը շնորհավորեց երկրում կտրուկ տնտեսական աճ արձանագրվելու կապակցությամբ և հանդես եկավ մի քանի հարցադրումներով։ Դրանցից մեկը կենսաթոշակների և աշխատավարձերի մասին էր. նման տնտեսական աճը, սակայն, չի արտացոլվում ոչ կենսաթոշակներում, ոչ էլ աշխատավարձերում, քանզի վերջին տարիներին դրանց մասով բարձրացում չի արձանագրվել և գրեթե նույնն են մնացել՝ ինչ եղել է 2014 թվականին։ 

ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը թերի, ոչ բավարար համարեց մի քանի կարևոր բնագավառների ֆինանսավորումը, որոնցից են հատկապես Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ու քաղպաշտպանությունը, և խնդրեց պարզաբանումներ տալ հարցին։ 

Պատգամավոր Հայկ Խանումյանը մի քանի մտահոգություններ հայտնեց տարբեր ցուցանիշների գծով. նրա կարծիքով, երբ ՀՆԱ-ն համեմատում ենք բյուջեի հետ՝ ստանում ենք փոքր թիվ, ինչը ցույց է տալիս, որ տնտեսությունը մնում է ցածր, իսկ բյուջեն՝ ուռճացված։ Այդպիսի տնտեսության համար նման բյուջեն շռայլություն է, և պետք է գնալ կա՜մ բյուջետային ծախսերի օպտիմալացման, կա՜մ՝ գործունեության ուղղությունների փոփոխմանը տնտեսության աճին նպաստելու համար։ Պատգամավորի մեկ այլ հարց վերաբերում էր հասարակական կազմակերպությունների ֆինանսավորմանը. ըստ Հ. Խանումյանի՝ կառավարությունն առ այսօր դրամաշնորհների հստակ ցանկ չի որոշել։ 

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի հարցերը կապված էին ծառայողական ապրանքների ձեռքբերման և կառավարության պահուստային ֆոնդի հատկացումների հետ. նա հատկապես իր տարակուսանքն արտահայտեց պետբյուջեից ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի գրասենյակին հատկացված 53, 076 մլն դրամի համար՝ գույքի ձեռքբերման նպատակով։  

ԱՀ ֆինանսների նախարարը հնարավորինս սպառիչ պատասխաններ տվեց բարձրացված հարցերին։ 

Որոշ հարցերի կապակցությամբ պարզաբանումներ տվեց պետական նախարար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ 2018 թվականին տնտեսական աճը դարձյալ կապահովի հանքարդյունաբերությունը։ Առաջիկա 5 տարիներին էներգետիկայի բնագավառում նույնպես երաշխավորված տնտեսական աճ է լինելու։ Սկսված է տասնյակ հիդրոէլեկտրակայանների շինարարությունը։ Աճ է արձանագրվելու գյուղատնտեսության ոլորտում. ավելացել են մշակվող հողատարածքները։ Թիրախը այգեգործությունն է, և պետնախարարը փաստեց հայրուրավոր հեկտար այգիների ավելացումը։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Շուշի-Ստեփանակերտ ճոպանուղու կառուցման համար, ինչը զարգացում է նախատեսում զբոսաշրջության ոլորտում։ Հատկապես որ՝ ճոպանուղուն զուգահեռ հանգստի մեծ գոտի կունենա բերդաքաղաքը։ 

Ինչ վերաբերում է բյուջեին ու դրա ծախսերին՝ պետնախարարն ասաց. ՙՄենք պարտավոր ենք պահպանել կենսաթոշակների և աշխատավարձերի քաղաքականությունն այնպես, ինչպես ՀՀ-ում է։ Մենք չենք կարող դուրս գալ միջպետական վարկի պայմանագրից. աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձը լինելու են նույնը։ Աշխատավարձը չենք կարողանում ավելացնել նաև այն պատճառով, որ բազմաթիվ սոցիալական ծրագրեր ենք իրականացնում՚,-ասաց Ա. Հարությունյանը։