[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՉՏԵՍՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՄՔԸ…

Խրամորթն Արցախի այն գյուղերից է, որը խիստ տուժել է Արցախյան պատերազմի ժամանակ: Գյուղը մի քանի անգամ գրավվել է ադրբեջանցիների կողմից և կրկին վերադարձվել Արցախի ինքնապաշտպանության ուժերի ջանքերով:

Նրա համար թեժ մարտեր են ընթացել.1992 թվականին, Ամանորին,  մեծ թվով զրահատեխնիկայով  ադրբեջանցիների հարձակման արդյունքում եղել են ավելի քան մեկ տասնյակ զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում:  Գյուղը հետ է վերցվել, բայց նորից գերեվարվել է թշնամու կողմից, թալանվել: Տները գրեթե ամբողջությամբ  հրկիզվել են,  և  վերջնական ազատագրումից հետո վերադառնալով, բնակիչները  լեռան լանջին գտնվող գյուղից իջել են հարթավայրային գոտի, որտեղ էլ ձևավորվել է նոր թաղամասը: Այդպիսով՝ սկսվել է խրամորթցիների նոր՝ հետպատերազմյան կյանքը: Զրկված լինելով գրեթե ամեն ինչից` նրանք չեն հուսահատվել, իրենց աշխատասիրության, համառության և հայրենի հողին նվիրված լինելու շնորհիվ Խրամորթն այսօր Արցախի ամենագեղեցիկ, խնամված ու զարգացման հեռանկար ունեցող բնակավայրերից է:

Գյուղամիջյան ճանապարհներով անցնելով, տեսանք գեղեցիկ  պտղատու այգիներ, այդ թվում և՝ խաղողայգիներ,  բարեկարգվող ճանապարհներ,  շինարարության գործընթաց բակերում ու այլ օբյեկտներում: 

Համայնքի ղեկավար Արգեն Մկրտչյանը հպարտությամբ է նշում, որ երիտասարդները գյուղում մնալու մեծ ցանկություն ունեն, իսկ դա խոսում է բնակավայրի զարգացման երաշխիքների մասին:  ՙՈրպես համայնքի ղեկավար աշխատում եմ  2012թ. դեկտեմբերից: Վերջին 5 տարիների ընթացքում գյուղն ավելի բարետես է դարձել. հաճելի է արձանագրել, որ Խրամորթը ծերացող գյուղ չէ, երիտասարդներն ակտիվ են, աշխատում են:  18-45 տարեկան 100-ից ավելի բնակիչ ունենք, իսկ եթե  երիտասարդություն կա, ուրեմն գյուղում կյանք կա՚,-ասաց նա: 

Խրամորթն ունի 525 բնակիչ (մինչև պատերազմը գյուղում 800 բնակիչ կար): Գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 68 աշակերտ, այն համալրված է ուսուցիչներով։ ՙՃիշտ է, ուսուցիչների մի մասը դրսից է գալիս, բայց էլի մեր համագյուղացիներն են, որոնք հիմա մոտակա բնակավայրերում են ապրում՚,-տեղեկացրեց համայնքի ղեկավարը։

 Խրամորթն ապահովված է  խմելու ջրով (ոռոգման ջուր չկա), որը նաև որոշակի դեպքում ոռոգմանն է ծառայում։ Գազ, համացանց և բջջային կապ կա։ Հետպատերազմյան Խրամորթը խիստ տարբերվում է ներկայիս Խրամորթից, վերջին 10 տարիներին գյուղն սկսել է առավել  զարգանալ։ Կան նաև աշխատատեղեր, չեն դժգոհում։ Խրամորթում հիմնականում այգեգործությամբ են զբաղվում. 50 հա խաղողի, 100-ից ավելի հա նռան այգիներով հողատարածքներ ունեն՝  նորատունկ և բերքատու ծառերով:  Աշխատանքային տարիքի  բնակչության մի մասն   աշխատում է սեփական այգիներում,  մի մասը՝ ՙՄշակ՚ ՍՊԸ-ում:  Վերջինն ագրոտնտեսություն է, որ սեփական   գյուղատնտեսական տեխնիկայով սպասարկում է բնակչությանը։ 

Փոքր և միջին ձեռնարկություններ էլի կան.   Խրամորթում գործում է գինու գործարան, որի  արտադրած  ՙՎանքասար՚ գինին իր յուրահատուկ համ ու հոտով հայտնի է նաև  հանրապետության սահմաններից դուրս: 

Ցավոք, Խրամորթում ոռոգովի  քիչ տարածքներ կան, բայց գյուղացիները  մեծ հույսեր են կապում  ոռոգման արդի համակարգերի ներդրման կառավարության  նոր ծրագրերի հետ՝ հենց պտղաբուծության ոլորտում: 

Գյուղացիներին որոշակի քանակության ոռոգման ջուր է մատակարարում  Խաչենի ջրանցքը, որը ժամանակի ընթացքում մասամբ խցանվել է,  ջուրը չի հերիքում, և  համայնքի բնակիչները ստիպված հերթով են ստանում այն։ Ոռոգման նոր համակարգի ներդրման պետական ծրագրից  օգտվելու համար  հայտեր ներկայացվել են գյուղացիների կողմից: Խրամորթում  նախատեսվել էր փորել մեկ արտեզյան ջրհոր, հետո պարզվել է, որ համապատասխան քանակի ջուր այդ տեղամասում չկա։ Ընդհանուր առմամբ, գյուղում նախատեսվում է 3 նմանատիպ ջրհոր փորել։

 Արգեն  Մկրտչյանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի  ամիս է, ինչ գյուղում   բարեկարգման աշխատանքներ են տարվում. ՙՄեծ ծրագիր է` Նախագահի հանձնարարականով: Գյուղամիջյան ճանապարհների բարեկարգում, հենապատերի կառուցում, ճանապարհի վերջում, գյուղի աղբյուրներից մեկի մոտ, զբոսայգու կառուցում, հուշարձան: Ծրագիրը բավականին հետաքրքիր է, նախագիծն արդեն կա, և առաջիկայում  այն ընթացք կստանա՚,-ասաց համայնքապետը: 

Գյուղում անասնապահությամբ ևս  զբաղվում են. խոշոր եղջերավոր անասունների թիվը մոտ 90 է, մանրը՝ 800։ 

Զբոսաշրջային վայրեր, հանգստի գոտիներ Խրամորթը չունի, քանի որ այստեղ հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողեր են, որոնք օգտագործվում են այգիների համար։ Գրեթե բոլորի այգիները խնամված են,  ժամանակին կատարվում են անհրաժեշտ աշխատանքները։ ՙԸնդհանրապես, մեր գյուղացիներն աշխատասեր են։ Իրենք են իրենց հացի ու ապրուստի տերը՚,-ասում է համայնքի ղեկավարը: Դա, իհարկե, չի նշանակում, որ գյուղը խնդիրներ չունի։ Ա. Մկրտչյանը   թիվ մեկ խնդիրը համայնքային կենտրոնի բացակայությունն է համարում։ Հիմա համայնքապետարանը զբաղեցնում է բուժկետի  շենքի մի սենյակը, իսկ գյուղապետարանի շենքը տրամադրված է 3 անչափահաս երեխա  ունեցող ընտանիքի։ Հույս ունեն, մի օր կկառուցվի այդ շենքը։ Դպրոցի վերանորոգման հարցը նույնպես օրակարգային է։

 Գյուղն ունի հովանավորներ. մոսկվաբնակ  հայրենակիցներից մեկը մեքենաներով է օգնել, ինչպես շտապօգնության, այնպես էլ ուղևորափոխադրումներ  իրականացնելու համար գնելով մեքենաներ:  Բարեգործը ՙՆիվա՚ մակնիշի մեքենաներ է տրամադրել նաև նախկին ու ներկա համայնքապետերին:  Քանի որ գյուղում երիտասարդները շատ են, բնականաբար,  բնակարանային խնդիրներ առաջանում են: Կան տնտեսություններ, որտեղ մեկ հարկի տակ 2-3 ընտանիք է ապրում։  Համայնքի ղեկավարն ասաց, որ բազմազավակ երկու ընտանիք կա գյուղում, որոնցից մեկի  համար արդեն իսկ տուն է կառուցվել և շահագործման հանձնվել, մյուսը, որն ունի 5 երեխա, դեռ պիտի համապատասխան հայտ ներկայացնի։ 

Գյուղում սոցիալապես անապահով ընտանիքներ գրեթե  չկան։ Յուրաքանչյուր ընտանիք  իր հնարավորությունների չափ աշխատում և բավարարում է իրեն:

 Գյուղում ընթացող շինարարության վրա ևս աշխատում են տեղի երիտասարդները: Նրանց  աշխատավարձերը վճարվում են  կառավարության կողմից, շինանյութերը տրամադրում է Քաղաքաշինության նախարարությունը, իսկ տեխնիկան ՙԽաչենշին՚ ընկերությունն է տրամադրում։

ՙԳյուղում բնական աճ կա, եթե կարողանանք կառուցել բնակարաններ՝ բնակչությունը կշատանա։ Եթե ավարտենք ճանապարհաշինությունը, կարծում եմ, ֆինանսական միջոցներ կգտնվեն բնակարանային նախագծերի, մարդկանց բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար,-համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը: -Արդեն 3 ընտանիք, որ մեր գյուղից էին, բայց ապրում են այլ բնակավայրում, ցանկություն է հայտնել վերադառնալ, եթե իրենց բնակարանները կառուցվեն՚։ 

Գյուղը զարգացման լավ հնարավորություններ ունի. բնակիչները համոզված են, եթե մի 5 տարի այս տեմպերը պահպանվեն, մեծ թվով ծրագրեր կյանքի կկոչվեն:

ՙՄենք մեր համայնքի բյուջեի հաշվին  էլ ենք որոշ աշխատանքներ  կատարում։  Պետք է պատերազմի հետքերն իսպառ վերացնենք. հին տները հետագայում կքանդենք,  որ նոր ծնվածները չտեսնեն, թե ինչպիսին է պատերազմի դեմքը՚, -եզրափակեց մեր զրույցը համայնքի ղեկավարը։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ