ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԵՌՈՒՆ ՇՐՋԱՆ
Հադրութի շրջանում շարունակվում է աշնանացան հացահատիկայինների բերքահավաքը: Վերջին օրերին տեղացած կարկուտը, անձրևն ու ուժեղ քամին որոշակի վնաս են հասցրել շրջանի գյուղատնտեսական նշանակության մի շարք տարածքների:
Ինչպես տեղեկացանք շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության հաղաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնի գլխավոր գյուղատնտես Սմբատ Աբրահամյանից, նախնական տվյալներով` 30-100 տոկոսով տուժել են 2500-3000 հա հացահատիկային տարածքներ և գարնանացան ցանքսեր:
Շրջանում 2018 թվականի բերքի տակ կատարվել է 19114 հա աշնանացան մշակաբույսերի ցանքս, որից 11844 հա-ն` գարի, 7270 հա-ն` ցորեն: Հունիսի 25-ի դրությամբ հնձվել է շուրջ 6830 հա գարու տարածք, ստացվել 11611 տոննա բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 17 ցենտներ: Հնձվել են նաև 1990 հա ցորենի տարածքներ, ստացված բերքը կազմել է 4975 տոննա, հեկտարի միջին բերքատվությունը` 25 ցենտներ: Բերքահավաքին մասնակցում է 59 հատիկահավաք կոմբայն: Շրջանային օպերատիվ շտաբը կոորդինացնում է բերքահավաքի հետ կապված բոլոր գործընթացները: Շտաբի անդամները հաճախակի են լինում դաշտերում և առկա խնդիրները լուծում են տեղում: Բերքի իրացման խնդիրներ չկան:
Դաշտամերձ տարածքին կից տեղակայված ընդունման կետը հնարավորություն է տալիս գործող կարգի և գների սահմաններում ընդունել ամբարված բերքը: ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Հադրութի փրկարար մասի հրշեջները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում դաշտերին կից տեղակայված հրշեջ կետերում: Բերքահավաքի հետ մեկտեղ կատարվում են նաև կերակուտակման աշխատանքներ: Կատարվել են նաև մոտ 600 հա ամառնահերկ և 130 հա սև ցել:
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ