[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԲԻԶՆԵՍ-ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ՚

Ղարաբաղ Տելեկոմ՚ ընկերության գործունեությամբ, ավելի ճիշտ՝ նրա մենաշնորհային դիրքով ու դրանից բխող հետևանքներով, Արցախի հանրությունը,  մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չի եղել, չնայած անվիճելի փաստ է, որ ՙՂարաբաղ Տելեկոմը՚ հսկայական աշխատանք է կատարել Արցախում  բջջային և համացանցային կապի ներդրման և կապի ոլորտի զարգացման  ուղղությամբ:

 Վերջին շրջանում այդ դժգոհություններն  աճեցին: Թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպեցին և՜ ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը, և՜ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը: Ընկերության ղեկավարությունը խոստացավ վերանայել բողոքների առարկա՝ իր սակագնային քաղաքականությունը և բարելավել ծառայությունների որակը, ինչպես նաև առավել բաց ու թափանցիկ  աշխատել՝ հանրության հետ երկխոսության միջոցով ուսումնասիրելով և հնարավորության սահմաններում  լուծում տալով   առաջացող խնդիրներին:  ՙՂարաբաղ Տելեկոմ՚   ընկերության տնօրեն Կարեկին ՕԴԱԲԱՇՅԱՆԻ հետ ՙԱզատ Արցախ՚-ի հարցազրույցը  լրագրողների հետ հայտնի ասուլիսից հետո կատարված և նախատեսվող աշխատանքների մասին է: 

-Պրն Օդաբաշյան, ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի դեմ բողոքի ակցիաներից հետո ինչպես Դուք,  այնպես էլ նախկին պետնախարար Ա. Հարությունյանը հրավիրել էիք մամուլի ասուլիսներ։ Ի՞նչ է արվել դրանցից հետո՝  բարձրացված հարցերի առնչությամբ։ 

-Անշուշտ, բողոքները հիմք են հանդիսացել, որպեսզի առավել ուշադիր լինենք դրանց ու  դրանց պատճառների նկատմամբ:  Հանդիպումը լրագրողների հետ  տվել է  իր օգուտները: Հույս ունեմ՝ ձևաչափը, որ ընտրել ենք, թույլ կտա ավելի  բաց և թափանցիկ տեսնել ՙՂարաբաղ Տելեկոմի՚ աշխատանքը, և    բաժանորդներն  ավելի  գոհ կլինեն։ Պատրաստ ենք քննարկելու և վերացնելու  մեր կողմից թույլ տված վրիպումները։ Ընկերությունը կատարելու է իր պայմանագրային պարտավորությունները, իրականացնելու է նաև սակագնային ու կապի բարելավման խոստացված  բարեփոխումները, որոնց մասին մանրամասն խոսվել է  լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

Բայց չպետք է ակնկալել, որ այն մեզ տալու է արտակարգ, առանց խնդիրների կապ, քանի որ կապի որակի ապահովումը մի շարք այլ հանգամանքներով էլ է պայմանավորված, այդ թվում նաև բաժանորդների կողմից շահագործվող սարքավորումներով ու տեխնոլոգիաներով:  Գների մեջ նույնպես  կտրուկ անկում չի լինի: Ամեն ինչ կկատարվի սահուն, բիզնեսի տրամաբանության շրջանակներում:  Մոտ ապագայում  կերևան  և՜ զեղչերը, և՜ որակի բարելավումը։ Սակագների իջեցումը կշարունակվի ոչ միայն 2018 թվականի երկրորդ  կեսին, այլև 2019 թվականի ընթացքում։ Մինչև բողոքի ակցիաներն էլ ընկերությունը պարբերաբար կատարում էր բարեփոխումներ, որոնք տեսանելի չէին գուցե նաև այն պատճառով, որ մենք հավուր պատշաճի դրանք չենք ներկայացրել: Սա համարեք մեր թերացումը, որն առաջիկայում կշտկենք: Ինչպես խոստացել էինք, շուրջ 14-15 մլն դոլարի ներդրում է ապահովվելու առաջիկայում, ինչը թույլ կտա առկա մի շարք խնդիրներ լուծել, բարձրացնել  3G ծառայության որակը,  ընդլայնել ինտերնետ հասանելիության աշխարհագրությունը հանրապետության տարածքում:   Ներկայումս շարժական համացանցի (3G) մաքսիմալ հնարավորությունը 50 մգ/բ է։ Առաջիկայում այն 10 անգամ պիտի աճի, հասնելով ՀՀ-ում գործող 500 մգ/բ արագությանը։ Դա չի նշանակում, որ խնդիրներ այլևս չեն լինի, բայց դրանք  նվազագույնի կհասցվեն։  Հուլիսի 1-ից  3 դրամով կնվազեցվի նաև 1մգ/բ-ի համար սահմանված 30 դրամ սակագինը: Համացանցի բարելավումից հետո, երբ հնարավորություն  կստեղծվի ավելի շատ բաժանորդների սպասարկել,  այդ սակագնի նվազումը կլինի շարունակական: Նախատեսված է իջեցնել նաև  ռոումինգի սակագինը` թե ինչքան, դեռ չի  որոշվել։ Հիշեցնենք, որ Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը 45 դրամ է՝  1 րոպեի դիմաց։   Երեք տարի առաջ այն 100-120 դրամ էր։  

-Դուք ներկայացրիք համացանցային կապի բարեփոխումները: Բայց լավ չէ նաև բջջային կապի որակը` հատկապես որոշ գյուղական բնակավայրերում: 

- Շատ քիչ գյուղեր կան, որտեղ  բջջային կապ չկա։  Արցախում  երկու ուղղությամբ կապ ենք ապահովում. դեպի Գորիս և դեպի Շահումյանի շրջան։ Վերջինի ուղղությամբ  գիծը դեռ նոր է ձևավորվում,  և անելիքներ դեռ կան: Ունենք հոսանքի  խնդիր, բարդություններ է ստեղծում նաև ռելիեֆը:  ՙՂարաբաղ Տելեկոմն՚, իհարկե, պարտավորվել է  երկրորդական և  երրորդական հոսանք ապահովել, բայց  հիմնականը պիտի տրամադրի էլեկտրամատակարարմամբ զբաղվող ընկերությունը։ 

-Ճի՞շտ եմ հասկանում, որ  խնդիրների մի մասի համար այլ հասցեատեր եք մատնացույց անում, գտնելով, որ պատասխանատվությունը  պետք է կիսել:

- Անհրաժեշտ է գիտակցել, որ առկա  խնդիրը միայն ՙՂարաբաղ Տելեկոմինը՚  չէ, այլ` բոլորինս, և մեզանից յուրաքանչյուրն իր մասով պիտի փորձի վերացնել այն, եթե ուզում ենք  ձերբազատվել դրանից:  Բողոքները, իհարկե, անհիմն չեն: Ինչպես նշել եմ, մենք հիմա ավելի ուշադիր ենք դրանց նկատմամբ, կատարում ենք ուսումնասիրություններ,  վերլուծություններ՝ պարզելու դրանց պատճառները: Այցելելով շուրջ  չորս տասնյակ ընտանիքների՝ Ստեփանակերտում և գյուղերում, պարզեցինք, որ  մեր տված   արագությունը  չի ապահովվում ոչ այնքան անորակ ծառայության կամ ցանցի  թերացումների պատճառով (չնայած չենք բացառում, որ դրանց աշխատանքն էլ կարող է խաթարվել), որքան որ  մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով.  հոսանքի տատանումներ, հաճախորդի գնած և տեղադրած սարքավորումներ, համակարգ,  կապի օգտագործողների թիվ։ Կան նաև այլ տեխնոլոգիական և տեխնիկական պատճառներ, որոնք, ի դեպ, մենք հատուկ սարքերի միջոցով կարողանում ենք վերհանել և ցույց տալ բաժանորդին։  Հաճախ խնդիրներ  են  առաջանում նաև տվյալ պահին ցանցի կամ  օգտագործվող ծրագրերի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։

-Դուք բողոքների  վերլուծություն անո՞ւմ եք՝ պարզելու դրանց  կոնկրետ պատճառները։

-Բնականաբար: Բաժանորդների  բողոքների ամենօրյա դիտարկում ենք անում՝ պարզելու խնդիրները: Օրինակ, հունիսի 11-19  գրանցված բողոքներից 700-ը բաժանորդի կողմից առաջացածներն են՝ 13 տեսակի խնդիրներով,   իսկ 162-ը`  մեր  պատճառով` կապված  վնասված մալուխների և այլ խնդիրների հետ։ Մենք ընթացք ենք տալիս բոլոր բողոքներին, աշխատում վերացնել դրանք՝ հնարավորության սահմաններում։ Հարցն այն է, որ բաժանորդը չի ուզում նկատել իր մեղքով առաջացած սխալը և ամեն ինչ բարդում է սպասարկող կառույցի վրա:

-Բողոքները նաև ընկերության կողմից մատուցված ծառայությունների բարձր գներին են վերաբերվում: Ինչպե՞ս է, որ Հայաստանում ավելի բարձրորակ կապի համար վճարում են ավելի էժան:  

-Գտնում եմ, որ ցանկացած համեմատություն Հայաստանի կապի ոլորտի հետ ճիշտ չէ, քանի որ  երկու  հայկական պետություններում լրիվությամբ  տարբեր  բիզնես-միջավայրեր են գործում։  Անհնար է համեմատել դրանք բաժանորդների թվի, ներդրումները հետ գնելու, բիզնեսի զարգացման հնարավորությունների, առաջարկվող պայմանների և շատ ուրիշ տեսանկյուններից: Քանի որ դրա մասին արդեն խոսել եմ, չեմ ուզում նորից անդրադառնալ։  Այդուհանդերձ, մեր ընկերության կողմից արվում է ամեն ինչ բաժանորդների համար  բարենպաստ միջավայր և բարձրորակ սպասարկում ապահովելու համար: Խոսքն ինչպես բջջային, այնպես էլ ինտերնետ կապի մասին է:  Մենք արդեն իսկ մշակել ենք փաթեթներ, որոնք 20-90 տոկոս զեղչ են  ենթադրում, և ինձ համար անհասկանալի է, որ դրանցից օգտվողները քիչ են։ 

- Ամեն դեպքում, բջջային կապի գներն   արցախցիների համար շատ թանկ են, և ակնկալվում է, որ բողոքներից հետո  ընկերությունը լուրջ քայլեր կկատարի դրանց նվազեցման ուղղությամբ:

-Խորհուրդ կտայի օգտվել մեր մշակած փաթեթներից։  Դրանք, իրոք,  ձեռնտու են:  Այցելեք ընկերության սպասարկման կետեր, խոսեք աշխատակիցների հետ,  պահանջեք  ներկայացնել առաջարկները, և ձեր ծախսերը կնվազեն։ Հավատացեք, ձեր  խնդիրը մեր ընդհանուր խնդիրն է։  Համաձայն եմ, որ ՀՀ-ի հետ համեմատած` մեր սակագները թանկ են: Դրանք նվազեցնելու անհրաժեշտություն կա: Դրանք նվազեցվել  և շարունակելու են նվազել: Բայց,  նվազման գործընթացին զուգահեռ, ունենք   ծառայություններ, որոնք շահավետ են հենց այսօր:  Դրանք ռեալ աշխատում են, օգտվեք դրանցից: 

 -Պրն Օդաբաշյան, նախկին պետնախարար Ա. Հարությունյանը լրագրողների ներկայությամբ Արցախում գործունեություն ծավալելու առաջարկներ էր ուղարկել ՀՀ-ում գործող  օպերատորներին: Ինչպե՞ս եք ընդունել այդ լուրը։ 

-Ես տեղեկացված եմ, քանի որ տեսել եմ տեսագրությունը, բայց հետագա ընթացքի մասին տեղյակ չեմ։ Ա. Հարությունյանն  առաջին անգամ  չէ նման  հայտարարություն անում, այնպես որ` այդ թեման  նորություն չէ մեզ  համար։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ