[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Գյուղատնտեսությունը եղել և շարունակում է մնալ Արցախի տնտեսության առանցքային ճյուղերից մեկը` որպես բնակչության կենսապայմանների բարելավման աղբյուր, զբաղվածության ապահովման գործոն, գյուղական բնակավայրերի զարգացման հիմք և տնտեսական աճի հիմնական բաղադրիչ։ 

 Կառավարության վերջին ծրագրերը, այդ թվում՝ արտեզյան ջրհորերի միջոցով ոռոգման խնդրի լուծման տարբերակը, մենատնտեսներին հնարավորություն կտան էլ ավելի ընդլայնել սեփական այգիներն ու դաշտերը, ասել է թե՝ զգալիորեն կնպաստեն հողագործության զարգացմանը։

Այսօր հանրապետությունում լայն թափով զարգանում է այգեգործությունը։ Վերջին շրջանում դրական առաջընթաց է նկատվում այս ոլորտում, մասնավորապես` խաղողագործության և նռան այգիների մշակության ասպարեզում։ Բերքատվության գոհացուցիչ արդյունքները մենատնտես-այգեգործներին ստիպում են ավելացնել այգիները, հմտանալ դրանց մշակության մեջ, սակայն ամենակարևոր գործոնը սերն է, որ պետք է ունենա յուրաքանչյուր այգեգործ, սեր` ընտրած գործի նկատմամբ:

Մարտունի քաղաքի բնակիչ, ՙԱրեգակ՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի վարկային գործակալ Արսեն Դադամյանին հենց այգեգործության հանդեպ ունեցած սերն է ստիպել հիմնադրել խաղողի ու նռան սեփական այգիները։ 2004 թվականին ԱրՊՀ քիմիայի բաժինն ավարտած Արսենը պետպատվերի շրջանակներում նշանակվեց Քարահունջի միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցիչ։ Քիչ դասաժամեր ունենալու պատճառով երիտասարդ մանկավարժն օրվա ընթացքում ազատ ժամանակ շատ էր ունենում, ուստի սկսեց ուսումնասիրել տեղի այգեգործների աշխատանքը։ Խելացի ու բանիմաց ուսուցչին դրանք միանգամից գերեցին, և ձեռնամուխ եղավ սեփական այգու հիմնադրմանը։ 

Առաջին տարում 3,5հա սեփական հողատարածքի 1հա-ում տեղադրեց խաղողի արմատակալներ ու մատներ։ 2006-ին 0,8հա տարածքում նռան տնկիներ տեղադրեց, իսկ հաջորդ տարում ավելացրեց ևս 0,7հա։ 0,5հա տարածք էլ օգտագործեց պտղատու ծառերի տնկիների համար. հիմնականում տնկեց խնձորենի, պնդուկ, բալենի, կեռասենի, այլ ծառեր։ 

Այգու հիմնադրումն Արսենն իրականացրել է սեփական միջոցներով, իսկ խնամքը կատարել հոր՝ Էրիկ Դադամյանի օգնությամբ։ Այգու զարգացման հետ մեկտեղ խնդիր էր ոռոգման հարցը, որը խոշոր գումարների հետ էր կապված։ ՙՎարկային ծրագրից օգտվելու և համապատասխան գումար ստանալու նպատակով կազմեցի հատուկ ծրագիր, բայց այն ստացա ԱՄՆ դոլարով։ Արժույթի փոփոխման պատճառով վարկի տոկոսի մարման ընթացքում մոտ 900 հազար դրամի վնաս կրեցի՚,- պատմում է այգեգործը։ 

2017-ից այգու ոռոգման համակարգը դարձրեց կաթիլային:

Բերքի իրացման հետ կապված՝ Արսենը խնդիր չունի՝ խաղողը մթերում է Ստեփանակերտի կոնյակի գործարանի Մարտունու մասնաճյուղի վերամշակման կետում, նաև անհատներ են գնում։ 

Այգում աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար նա ձեռք է բերել տրակտոր, որի միջոցով իրականացնում է խնամքը։ Հոր անժամանակ մահից հետո այգու մշակությամբ, Արսենի հետ զուգահեռ, զբաղվում են երիտասարդ կինը՝ Դիանան, մայրը՝ տիկին Լենորան, անգամ փոքրերը։ Ասում է` ճապոնացիները խաղողագործությունը համարում են ոչ թե այգեգործության, այլ՝ արվեստի ճյուղ։ Նա լիովին համաձայն է Ծագող արևի երկրի բնակիչների հետ։ Ամեն բացվող առավոտ նա արդեն այգում է. մշակում, խնամում, յուրաքանչյուր շյուղին նոր կյանք է պարգևում, իսկ ժամը 9-ին ներկայանում աշխատավայր, որից հետո՝ կրկին այգի։ Զրույցի ընթացքում Դիանան կեսկատակ, կեսլուրջ ասում է, որ Արսենն ինչքան ընտանիքին է նվիրված, նույնքան էլ` այգուն։

Տարվա բոլոր եղանակներին այստեղ աշխատանք է լինում՝ հողի մշակություն, պարարտացում, ոռոգում, պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ, շվատում, սնուցում, կանաչ կապ, բերքահավաք և` այդպես շարունակ։

Վերջին օրերին տեղացած կարկուտը վնաս է հասցրել նաև Արսենի այգուն։ Շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում վնասի չափը որոշվեց 30-40 տոկոս։ 

Խնամքով մշակված, ծաղկաբույլերի շառագունող գեղեցկությամբ նռան ծառերը, արևից ջերմություն առնող ու օր օրի հասունացող խաղողի ողկույզները, տոնածառի պես զարդարված անուշահոտ նեկտարի ծառը խոսում էին տիրոջ հոգատարության, սիրո և նվիրումի մասին, ով չի պատկերացնում, որ առանց սիրո կարող է այգի մշակել ու ցանկալի բերք ստանալ։

Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

ք. Մարտունի