[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂՈՐՏԻՆ՝ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Հաղորտու համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանի հետ մեր հանդիպումների ընթացքում միշտ էլ անդրադարձ է կատարվում այն մտահոգությանը, որ գյուղը դատարկվում է, երիտասարդներն աշխատատեղ չունենալու և այլ պատճառաբանությամբ թողնում-հեռանում են, չեն ուզում ապրել ժամանակակից կյանքից հեռու փոքրիկ բնակավայրում։

Կան խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ Բայց և, որպես կարևոր հանգամանք, նշվում է արմատներով հաղորտեցի բարերարների մասին, ովքեր, ապրելով արտերկրներում, փորձում են իրենց լուման ներդնել պապերի բնօրրանը պահպանելու և զարգացնելու գործում։ Համայնքի ղեկավարը գյուղի համար որպես փրկության միջոց տեսնում է էկոտուրիզմի զարգացումը։ 

-Գաղափարը տվել է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Արմեն Հայրապետյանը, ով մշտապես օգնում է մեր բնակչությանը և ում ֆինանսավորմամբ երեխաները 2017 թվականից սովորում են Ստեփանակերտի ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Կենտրոնի նախկին ղեկավար Կորյուն Խաչատրյանի հետ մեր ծանոթությունը բերեց բավականին լուրջ մտահղացումների ու նոր ծանոթությունների։ Ծանոթացա ՙԹումո՚ ճամբարի համակարգող Անի Ղարաբաղցյանի հետ, ով եկավ գյուղ, տեսավ պայմանները ու նույնպես առաջարկեց այստեղ զարգացնել զբոսաշրջությունը։ Սկզբից նախաձեռնությունը մտավախություն առաջացրեց, բայց երբ խորացանք և սկսեցինք քննարկել, ուսումնասիրել մեր ունեցածը` հասկացանք, որ, այո՜, սա շատ լավ հնարավորություն է, իրատեսական, ինչն  մի շարք խնդիրների լուծում կբերի, նշում է զրուցակիցս` մեր հերթական հանդիպման ժամանակ։

Ի՞նչ կարող է գյուղն առաջարկել այցելուներին կամ զբոսաշրջիկին` հարցին Նվեր Մարտիրոսյանը պատասխանում է. նախ` գյուղը պահպանում է հնության շունչը,  դիրքը բարձրադիր է, լեռնային, քարափներով, փոքր բացատներով, անտառային ծածկույթով, դաշտերով, այգիներով, աղբյուրներով շատ գեղեցիկ մի կոլորիտ է ստեղծվում, ինչը ժամանակակից քաղաքակրթության մեջ ապրող մարդու համար մեծ ձգողականություն և հետաքրքրություն է ներկայացնում։ Մյուս կողմից` այստեղ մարդիկ զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, կարող են ապահովել էկոլոգիապես մաքուր տեղական սնունդ, մթերք, որը նույնպես ձգող և հետաքրքրող հանգամանք է։ Ունենք ազգային խոհանոց, որը հարուստ ու բազմազան է, նորություններ է խոստանում օտարերկրացիներին։ Խոսվեց և հետաքրքիր ժամանցի կազմակերպման հետ կապված ծրագրերի շուրջ։ Առավել հետաքրքրաշարժ է ձիարշավը։ Գյուղում կան մարդիկ, ովքեր ունեն ձիեր ու պատրաստ են տրամադրել արշավի համար։ 

Կարևորվեց հուշանվերների անհրաժեշտությունը։ Սա ևս ուղղություն է, որ գտնվում է ուշադրության կենտրոնում։ Տարբեր նյութերից, առանձնապես` փայտից, քարերից հնարավոր է գեղեցիկ հուշանվերներ պատրաստել, որոնք պահանջարկ ունեն զբոսաշրջիկի մոտ։ Գյուղում կան կանայք, ովքեր կարող են ասեղնագործ և շյուղագործ իրեր պատրաստել և առաջարկել, միաժամանակ իրենց շուրջը համախմբել հետաքրքրվողներին և հմտությունները փոխանցել նրանց (կարող են լինել տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ)։ Սա արդեն հնարավորություն կտա աշխատանքներում ներգրավել գյուղի կանանց և աղջիկներին։

Համայնքի ղեկավարը ծրագրի վերաբերյալ խոսելուց հետո նշեց, որ հաջողությունը մեծապես կապում է թումոյականների և երիտասարդության հետ։ Կան գաղափարներ, որոնց զարգացումն ու իրագործումը կլինեն հենց ՙԹումո՚ կենտրոն հաճախող երեխաների գիտելիքների ու հմտությունների շնորհիվ։ Կապիտալ վերականգնվող և կառույցով ինքնատիպ ակումբը լավագույն հնարավորություն կդառնա առաջիկայում` աշխատելու, ծավալվելու և գյուղի հանդեպ հետաքրքրությամբ մարդկանց ներգրավելու հարցում։ Ակումբի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորում է Շվեդիայի հայ համայնքը` Արփինե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ։ Այնտեղ երեխաները կարող են աշխատել տարբեր ուղղություններով` սկսած գովազդային և այլ բովանդակությամբ տեսահոլովակների ստեղծումից մինչև առաջարկվող հուշանվերներ պատրաստելն ու նրանց փաթեթավորումը, զբոսաշրջիկի համար հետաքրքիր ժամանցի կազմակերպումը և այլն։

Գիշերակացի հետ կապված մեր հարցին իմ զրուցակիցը պատասխանեց, որ այդ առումով խնդիր չունեն։ Կան 5-6 ընտանիքներ, որ պատրաստ են ընդունել այցելուներին։ Ռոմելա Գրիգորյանի տանն արդեն 3 անգամ մնացել են, ժամանել են Ստեփանակերտից, Գերմանիայից, Նորվեգիայից ու կարևորը` շատ գոհ են հեռացել։ Շնորհաշատ Ռոմելա տատիկն իր ձեռքի աշխատանքներից նվերներ է տվել հյուրերին, որ իբրև հուշ տանեն և չմոռանան Հաղորտին։ Հետաքրքրության համար ներկայացել են նաև Մարտիկ և Սուսաննա Բաղրյանների տուն։ Մենք զրուցեցինք տանտիրուհիների հետ` օտարերկրացիներին հետաքրքրում էր առաջին հերթին գյուղական կենցաղավարությունը` ինչպես են թոնրում հաց թխում, կով կթում, տեղական ճաշատեսակները պատրաստում, թթու դնում, միրգ չորացնում և այլն։ Այդ ամենն իրենց համար նորություն էր, և հիանում էին անթաքույց։ Պայմանավորվածությունը` մնում են գիշերը, ստանում նախաճաշ և ընթրիք, նախօրոք պայմանավորությամբ` միայն գյուղական մթերքից պատրաստված։ 

Այցելուներին կառաջարկվի նաև վրանային հանգստի ձևը, Հաղորտիում դրա կազմակերպման հնարավորությունը նույնպես կա։

Կլինի տուրիստական տարբեր ընկերությունների հետ համագործակցություն, և ամբողջական ծրագրի համար նախապատրաստական աշխատանքների կազմակերպումից հետո առավել լայն թափով ձեռնամուխ կլինեն հնարավորինս մեծ քանակությամբ զբոսաշրջիկ ընդգրկելուն։ 

Հաղորտու համայնքի ղեկավարը նշում է, որ ծրագիրը և նրա շուրջ իրականացվող աշխատանքները մշտական ուշադրության կենտրոնում է պահում շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Մհեր Օհանյանը։ Գյուղում զբոսաշրջության զարգացման ծրագրի մտահղացման և հետագայում աջակցության առումով շատ է կարևորում շրջվարչակազմի, առանձնապես ղեկավարի տեղակալ Էդուարդ Բարսեղյանի դերը։ Նրանք մեծ ապագա են տեսնում, որով պայմանավորում է գյուղի տնտեսական զարգացումն ու բնակչության սոցիալական վիճակի ապահովումը, ինչպես նաև բնակչության թվաքանակի աճը։ Էկոտուրիզմի զարգացումն իր ենթակառուցվածքների հետ ճիշտ կազմակերպելու դեպքում գյուղը կդառնա ինքնատիպ և շատ գրավիչ հանգստյան գոտի՝ էկոտուրիզմի սիրահարների համար։

 

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի