[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԵՌՈՒՆ ՇՐՋԱՆ

ԲԵՐՁՈՐ

Քաշաթաղի շրջանում հացահատիկի բերքահավաքն սկսվել է մայիսի 20-ից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 1-ին տեղացած կարկտի հետևանքով շրջանում տուժել է 5650հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից 944 հա` ցորեն, 4557 հա` գարի,  այլ մշակաբույսեր: Ընդհանուր առմամբ` 100%-ով վնասվել է 5372 հա-ն։ 

 Անձրևները նույնպես այդ օրերին բացասաբար անդրադարձան հացահատիկի, հատկապես` ցորենի բերքատվության վրա։ Այս ամենով հանդերձ, բերքահավաքը չդադարեց։ Այժմ հունձն ընթանում է շրջանի հարավային թևի ցածրադիր գոտիներում։ Նշված վայրերում գործում են հակահրդեհային հենակետեր, որոնցում, բացի հրշեջ փրկարար ծառայության աշխատակիցներից, հերթապահում են նաև կամավորներ։ 

Բերքատվությունն անցած տարիների համեմատ ցածր է։ Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի` հունիսի 26-ի դրությամբ ընդհանուր իրականացվել է 840հա հունձ, որից ցորեն` 390հա, գարի` 450հա։ Ընդհանուր ստացվել է 1760տ բերք` 21 ց/հա բերքատվությամբ։ Համեմատաբար ավելի բարձր է ցորենի բերքատվությունը` 900տ-32 ց/հա։  Հունիսի 26-ին հացահատիկի արտերում աշխատում էր 78 կոմբայն, որից 60-ը` ՀՀ-ից։ Նույն օրվա դրությամբ ընդհանուր հնձվել է 9042հա տարածք, որից ցորեն` 2095հա, գարի` 6947հա։ Ընդհանուր ստացվել է 18953տ հացահատիկ` 21 ց/հա բերքատվությամբ։ Ցորենի ընդհանուր բերքատվությունը կազմել է 24, 2ց/հա (5078տ), իսկ գարու` 20 ց/հա (13875տ)։ Շրջանում ընդհանուր կատարվել է 23164հա հացահատիկի ցանքս, որից ցորեն` 8193հա, գարի` 14401հա, հաճար` 570հա։ Այժմ եղանակային պայմանները բարենպաստ են, և հացահատիկի բերքահավաքն ընթանում է բնականոն հունով։ Այս օրերին սկսվել է նաև խոտհունձը։          

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ՄԱՐՏՈՒՆԻ

 

Հնձի աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ վերցրինք ՙառաջին ձեռքից՚` շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինության և հողօգտագործման բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանից։

Շրջանում գրանցված է բերքահավաքի ենթակա 15550,9հա տարածք, որից 5401,9հա-ն` պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) հողերում։ Օրվա դրությամբ, բացի Եմիշճան, Զարդանաշեն, Թաղավարդ, Հացի, Մյուրիշեն, Մսմնա, Շեխեր գյուղերի և որոշ ՊՊՖ հողերից, որտեղ բերքը ուշ է հասունանում, աշխատանքներն ընթանում են շրջանի մնացած բոլոր համայնքներում։ 

Հնձվել է 1116,2հա, ստացվել 218298ց համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 19,8ց, որից գարի՝ 5134,6հա, ստացվել է 82527,5ց բերք, հեկտարի միջին բերքատվությունը` 16,1ց, ցորեն՝ հնձվել է 5881,6հա, ամբարվել՝ 135761,5ց, հեկտարի միջին բերքատվությունը՝ 23,1ց։ Նախորդ տարվա համեմատ արդյունքները  ցածր են, ինչը պայմանավորված է որոշ համայնքների ցանքսերի կարկտահարությամբ և երաշտով։ Կարկտահարությունից և սելավներից տուժել են. ցորեն՝ 1015,8հա, որից  428,3հա՝ 100 տոկոսով, գարի՝ 364,8հա, 100 տոկոսով՝ 95հա։ Հողօգտագործողները հուսով են, որ կառավարությունը կաջակցի կրած վնասների փոխհատուցման հարցում։

Շրջանի 98 կոմբայններից 81-ը սարքին վիճակում է, ասել է թե` տեխնիկայի խնդիր բերքահավաքի ընթացքում չի զգացվի։ Հնձի աշխատանքներին մասնակցում է 60 կոմբայն։  

Շրջանում շարունակվում են հակահրդեհային միջոցառումները։ Գրանցվել է հրդեհի 2 դեպք, վառվել է 1,99հա  ցորենի արտ։ Հնարավոր միջոցառումներ են իրականացվում, որպեսզի բացառվեն հրդեհների դեպքերը: 

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ