[ARM]     [RUS]     [ENG]

ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Օրերս ՙԱրցախի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության անդամներից մի խումբ` թվով 19 հոգի,  հանդիպեց հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելու իրենց հուզող մի շարք հարցեր: Թե հատկապես ինչ՝ պարզեցինք կազմակերպության նախագահ Էրիկ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՑ:

 Նա նշեց, որ հանրապետության գործարարներն  իրենց հուզող խնդիրները  քննարկել էին հերթական ժողովում: Դրանք ընդհանրացվել են և համապատասխան գրությամբ ներկայացվել   ԱՀ նախագահին, Ազգային ժողովում ստեղծված հանձնաժողովին, բողոքի ակցիաների արդյունքում ձևավորված Հանրային խորհրդին:  Է. Մկրտումյանը բարձրացված հարցերը համարում է հրատապ, նշելով, որ դրանց  լուծումները հնարավորություն կտան խթանել  տնտեսության զարգացումը, կնպաստեն սոցիալական արդարության և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Ավելի քան երեք ժամ տևած հանդիպմանը, որին ներկա էր նաև պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը,   Ասոցիացիայի անդամները ներկայացրել են այդ խնդիրները`  ակնկալելով, որ  դրանց լուծմանն ընթացք կտրվի: Է. Մկրտումյանը համոզված է, և միայն իր կարծիքը չէ, որ Արցախում գործարար միջավայրը շատ թերություններ ունի: 

Արցախի ձեռնարկատերերը  մտահոգված են, որ պետական գնումների մրցույթների ոչ ճիշտ ու  թերի կազմակերպումը խոչընդոտում է երկրում առողջ մրցակցությանը, բիզնեսի զարգացմանը, ներդրումների հոսքին՝ հատկապես շինարարության ոլորտում:

Նրանք գոհ չեն նաև պետական հովանավորությամբ աշխատող հիմնադրամների գործունեությունից: ՙՆրանց գործունեությունն ի սկզբանե պետք է ուղղված լիներ ձեռնարկատիրության և գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավմանը, մինչդեռ նրանք առ այսօր լիարժեք չեն իրականացնում իրենց առջև դրված խնդիրները, նպատակները և ծրագրերը՚,- ասաց Է. Մկրտումյանը, հավելելով, որ  հիմնադրամների գործունեության մեջ անհրաժեշտ է ներառել  հանրային վերահսկողության տարրը՝ նրանց աշխատանքին առավել թափանցիկություն հաղորդելու համար: Գյուղոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների և գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների խնդիրները ևս քիչ չեն: Հակակարկտային կայանքները, որ կիրառվում են հանրապետության տարածքում, հաճախ չեն արդարացնում իրենց և չեն նվազեցնում ագրարային բիզնեսում առկա ռիսկերը: Խնդիրներ կան նաև ոռոգման  արդի համակարգի ներդրման պետական ծրագրից օգտվող հողօգտագործողների մոտ, որոնք, համաձայն պայմանավորվածության, այգի են հիմնադրել՝ պայմանով, որ կհորատվեն  40-ից ավելի արտեզյան ջրհորեր՝ դրանց ոռոգման համար, մինչդեռ ջրհորերի անհրաժեշտ քանակ  իրականում չի ապահովվում, ինչը ևս խնդիրներ է առաջացրել: Գյուղմթերք վերամշակող մի քանի խոշոր ընկերություններ այս տարի սպառման սահմանափակ շուկայի պատճառով աշխատել են շատ քիչ ծավալներով: Հայտնի է, որ Ասոցիացիան  Ստեփանակերտում  բացել է ՙԱրցախյան՚ խանութ-սրահը և նմանատիպ ցուցահանդես-վաճառքի կետ նախատեսում էր բացել Երևանում: Ֆինանսների բացակայության պատճառով հարցը հանվել է  օրակարգից: Ասոցիացիան   արցախյան արտադրանքը հայաստանյան շուկա  դուրս բերելու նպատակներ ունի, որը, է. Մկրտումյանի խոսքով, անհնար է իրականություն դարձնել առանց պետական աջակցության՝ գոնե սկզբնական շրջանում: Երկրի ղեկավարն  այս հարցերի առնչությամբ լսել է  ներկաների առաջարկները, խոստացել ուսումնասիրել:  

 Խոսք է եղել նաև հիփոթեքային վարկավորման գործընթացի մասին, որը նույնիսկ բիզնես ունեցող ընտանիքի համար թանկ ու անհասանելի է, և հիփոթեքային վարկավորման գնային քաղաքականությունը, տրամադրման մեխանիզմները  վերանայման կարիք ունեն: 

Է. Մկրտումյանը նշել է, որ առանձին հանդիպում են ունեցել նաև պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Հանդիպմանը  քննարկել են   պետական պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների կողմից  իրականացվող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու  վերաբերյալ հարցը,  ինչը օրենքի բացահայտ խախտում են համարում:  ՙՊետական պաշտոնյաների կողմից բիզնեսով զբաղվելն  ուղիղ հարված է հասցնում երկրում ձեռնարկատիրության զարգացմանը՝  ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ՚,- ասաց Ասոցիացիայի նախագահը: Ձեռնարկատերերը գտնում են, որ  պաշտոնյաների՝ իրական ունեցվածքի չհայտարագրում  գոյություն ունի,  որն օրենքի համաձայն պետք է բացահայտել: Է. Մկրտումյանը  մեզ իրազեկել է, որ, պետնախարարի պարզաբանմամբ, օրենքը թույլ է տալիս պետական պաշտոնյաներին մաս ունենալ  որևէ  բիզնեսում, ինչի հետ Ասոցիացիայի նախագահն իր անհամաձայնությունն է հայտնում՝ համարելով դա օրենսդրական բացթողում:  

Գ. Մարտիրոսյանի հետ ձեռնարկատերերը քննարկել են  նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցման վերաբերյալ հարցը.  իշխանություններից պահանջվում է առավել թափանցիկ  գործընթաց իրականացնել:  Խնդիրն առկա է մասնավորապես  տրանսպորտային միջոցների  մասնավորեցման գործընթացում, որի   ժամանակ  շրջանցվում են  օրենսդրությամբ սահմանված նորմերը:

 Է. Մկրտումյանը տարակուսանք հայտնեց նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ` նրա վերաբերմունքը որակելով բացարձակ անտարբեր:  ՙԲիզնեսի աջակցման գործընթացում մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի բացակայությունն ու բուն գործառույթների կատարման թերացումը, հատկապես՝ բնակչությանը հուզող հարցերի, դիմում-բողոքների անտեսումը, հարկատուների կողմից կատարված բոլոր վճարումների օգտագործման անթափանցիկությունը մտահոգության տեղիք են տալիս՚,-ասաց նա:

Հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման իրականացումը  պետական միջոցներից նույնպես անհասկանալի  է:  Է. Մկրտումյանը համոզված է, որ   ֆինանսավորում պետք է տրվի ոչ թե ըստ կազմակերպությունների, այլ ըստ ծրագրերի՝ թափանցիկ մրցույթների միջոցով:

Գործարարները, որոնք  իրենց կողմից վճարվող հարկերով պետական բյուջեի եկամուտների  ձևավորման մեջ զգալի մասնաբաժին են ունենում, գոհ չեն իրենց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքից,  քանի որ որևէ խրախուսման կամ երախտագիտության չեն արժանանում պատկան մարմինների կողմից: Միայն վերջին երկու  տարիներին է, որ հարկային մարմինը պարտաճանաչ հարկ վճարողներին խրախուսելու նախաձեռնությամբ հանդես եկավ,  բայց դա  լիարժեք չէ:  ՙԱրցախում գործունեություն ծավալող և  այստեղ ապրող գործարարները երկրի տնտեսությունն են ստեղծում, ինչո՞ւ նրանց էլ չհիշել գոնե առիթից առիթ, ինչպես հիշում և մեծարում են այլ ոլորտների ներկայացուցիչների՝ մասնագիտական տոն օրերին կամ այլ առիթներով՚,- իր տարակուսանքն է հայտնում Է. Մկրտումյանը:  

 Բ. Սահակյանը գործարարներին խոստացել էր հաջորդ նմանատիպ հանդիպմանը հրավիրել նաև համապատասխան  գերատեսչությունների ներկայացուցիչների, որպեսզի  բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխաններն ու պարզաբանումներն առավել հստակ և կոնկրետացված լինեն: 

ՙՄեր կառույցը  հայտնում է իր պատրաստակամությունը՝ ամբողջ ներուժով աջակցելու և իր մասնակցությունն ունենալու վերոնշյալ կարևորագույն խնդիրների լուծման գործում, ինչի արդյունքներով հնարավոր է ապահովել տնտեսության սրընթաց զարգացում, սոցիալական արդարության և փոխվստահության մթնոլորտի ձևավորում՚,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ