[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆԴԻՐՆ ԱՐՑԱԽԻ ԱՆԱՐԱՏ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է

Մեղվաբուծությունը գյուղատնտեսության եկամտաբեր ճյուղերից է: Անկախության առաջին տարիներին մեղվաբույծները չխուսափեցին ժամանակավոր դժվարություններից, և վերջին տասնամյակում այս ճյուղը Հայաստանում ու Արցախում կրկին սկսեց զարգացում ապրել:

Ըստ մասնագետների՝ մեղվաբուծության համար Արցախի Հանրապետությունն ունի հրաշալի բնակլիմայական պայմաններ, ուստի ժամանակն է, որ մեղվաբուծությունն ավելի մասնագիտական հիմքերի վրա դրվի: 

Անհատ մեղվաբույծները շարունակում են մեղվապահության ավանդական ձևերն ու մեթոդները, այնինչ, աշխարհում տեխնոլոգիական բազմաթիվ նորություններ կան, որոնք կիրառելու դեպքում մեր մեղրն ավելի որակյալ ու պահանջված կդառնա:

ԱՀ մեղվաբույծների ասոցիացիան այդ նպատակով է հիմնադրվել: 

Մարտունու շրջանի Պառավաթումբ գյուղում օրերս հանդիպեցինք ասոցիացիայի անդամ Նելսոն Սարգսյանի հետ: Մեղվաբույծը մեղրաբերքի նախապատրաստական եռուն աշխատանքներով էր զբաղված. մայր մեղուներն էր տեղադրում մեղվափեթակներում:

Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը: Բանակից զորացրվելուց հետո` 1996թ., աշխատանքի է ընդունվել Կաղարծու միջնակարգ դպրոցում` որպես պատմության, հասարակագիտության ուսուցիչ, 2011թ.-ից տնօրենի` ուսումնական գծով տեղակալ է: Նելսոն Սարգսյանը մեղվաբուծությամբ զբաղվում է 1997թ.-ից: Սկսել է 30 մեղվաընտանիքից, հասցրել 80-ի: 2008թ. մասնակցել է Հայաստանի Ամերիկյան համալսարանին կից կազմակերպված դասընթացներին, ներկայացրել մեղվաբուծության վերաբերյալ գործարար ծրագրեր, որոնք հավանության են արժանացել, բայց չի օգտվել ֆինանսավորումից:

Նա մեղվաբուծության գաղտնիքներն է փոխանցում զարմիկին` Նվեր Սարգսյանին: Նրանց հետաքրքիր աշխատանքը դիտելուն զուգահեռ զրույց  ծավալեցինք մեղվաբուծության խնդիրների, ասոցիացիայի գործունեության շուրջ:

Արցախում մեղվաբույծների ասոցիացիայի ստեղծման գաղափարը ծնվել է 2017թ. մայիսին, արմատներով Կարսից, ծնողական կողմով` Թիֆլիսից մոսկվաբնակ պրոֆեսոր Սուրեն Գրիգորյանի կողմից, ով երկու տարի շարունակ` 2016-2017թթ., Ռուսաստանի  Դաշնության նախագահի կողմից արժանացել է ՙՌԴ լավագույն մեղվաբույծ՚ կոչման: Սուրեն Գրիգորյանի հետ Նելսոն Սարգսյանի շփումն սկսվել է նախքան ասոցիացիայի հիմնադրումը, հեռախոսազանգերով նրանց կապը վերածվել է ընկերական հարաբերությունների: Ս.Գրիգորյանն իր համար լավագույն գործընկեր է, անփոխարինելի խորհրդատու: 

Զրուցակիցս հավաստում է` ժամանակակից մեղվաբուծությունը մեր տարածաշրջանի համար հեռանկարային ճյուղ է: Առաջիկայում երկրից արտահանման հիմնական մթերքներից մեկը կլինի մեղրը: Նա մեզ ներկայացրեց  ՙԱրցախ` մեղրի երկիր՚ կարգախոսով բիզնես-ծրագիրը, որը մշակվել է ՙԱրցախ Բերրի՚ պահածոների արտադրամասի գործադիր տնօրեն Էրիկ Մկրտումյանի և ՙկփպսՏՒպՐՎՈ կՈվրՍՈÿ՚ ֆիրմայի գլխավոր տնօրեն Սուրեն Գրիգորյանի կողմից: Այն ուղղված է կազմակերպության և Արցախում   մեղվաբուծության համար բարենպաստ պայմանների ապահովմանը, ինչը գյուղական վայրերում կստեղծի նոր արտադրություն և լրացուցիչ աշխատատեղեր: Ծրագիրը կյանքի է կոչվում ԱՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ: Այն երկարաժամկետ է, որի հիման վրա Արցախում 18 տնտեսություն է ստեղծվել` 560 մեղվաընտանիքով: Մարտունու շրջանից ծրագրում ընդգրկված են մեղվաբույծներ Պառավաթումբ և Սխտորաշեն գյուղերից: Ասոցիացիան մեղվաբույծներին անվճար, պայմանագրային հիմունքներով, ապահովում է մեղվաընտանիքներով, մեղվափեթակներով, անհրաժեշտ բոլոր նյութերով ու պարագաներով: Յուրաքանչյուր մեղվաբույծի 50 ժամանակակից մեղվափեթակ տրամադրում է Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիայի նախագահ Էրիկ Մկրտումյանը, 50-ը` Սուրեն Գրիգորյանը: Դրանք  60.000-90.000 դրամի արժողություն ունեցող փեթակներ են: Մնում է միայն ջանասիրաբար սովորել, ուսումնասիրել, աշխատել ու ընտանիք կերակրել: ՙՀիմա ասոցիացիայի համար ներդրումների շրջան է, արդյունքները կամփոփվեն 10 տարուց հետո՚,- ասում է Ն. Սարգսյանն ու հավելում` մեկ մեղվափեթակից միջինը ստացվում է 15-25կգ մեղր, նոր տեխնոլոգիայով մեղվաբուծությունը հնարավորություն կտա մեղվափեթակից ստանալ մինչև 40կգ: Արտադրված մեղրը հիմնականում սպառում է ասոցիացիան: Վերջինս այն վերցնում է շուկայականից 30-40 տոկոս էժան գներով, կատարում կանխիկ վճարում: Մեծ ուշադրություն է դարձվում արտադրանքի որակին: 

-ԱՀ մեղվաբույծների ասոցիացիայի ստեղծումը ռազմավարական նշանակության քայլ է, որը համախմբում է ոլորտում գործունեություն իրականացնողներին: Նրանք Արցախում մեծ թիվ չեն կազմում` շուրջ 100 հոգի: Ասոցիացիան օգնում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զբաղվել մեղվաբուծությամբ, կողմնորոշում` ինչպես, ինչ ուղղությամբ առաջնորդվել,  ինչ մեթոդներով  զարգանալ և այլն: Ընկերության ամենաժամանակակից սարքավորումները ժամանակը և աշխատուժի ծախսերը տնտեսելու հնարավորություն են տալիս, նշում է Ն. Սարգսյանը: Հավաստիացնում է` Արցախի հարուստ, հարմար, նախալեռնային բնակլիմայական պայմանները  թույլ են տալիս  տարեկան արտադրել 400.000 տոննա մեղր, մինչդեռ արտադրվում է ընդամենը 400 տոննա: 

Այսօր մեղվաբուծությունից ստանում են մեղր, մեղրամոմ, ակնամոմ, ծաղկափոշի, մայրակաթ, և ձգտում են հասնել նրան, որ կարողանան մեղվափաթեթներ արտադրել ու արտահանել արտաքին շուկա: Ասոցիացիան անում է հնարավորը, որպեսզի արտաքին շուկայում մեր անարատ մեղրը ճանաչելի դառնա, ունենա իր կայուն տեղը: 

Զրուցակիցս ոլորտում հաջողության մեծ հեռանկարներ է տեսնում, որովհետև աշխատանքը թիմային է. հանրապետության մեղվաբույծները ՙԱրցախ մեղր՚ միասնական ապրանքանիշի տակ համագործակցում են, օգնում միմյանց մասնագիտական խորհրդատվությամբ: Նա անչափ գոհ է նախորդ տարվա իր գործունեության վերջնական արդյունքից, ամենակարևորը` մեղրի որակից: Նելսոն Սարգսյանն ավելի քան համոզված է` անցնող յուրաքանչյուր տարում նոր ձեռքբերումներ կարձանագրվեն, ինչն էլ կխթանի ոչ միայն ճյուղի զարգացումը, այլև ինչ-որ ձևով կնպաստի նորանկախ մեր հանրապետության ճանաչմանը:

 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի