[ARM]     [RUS]     [ENG]

Ավանդական համագործակցությունը` նոր թիմի հետ

Ճանաչողական այցով Ստեփանակերտում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու  բնական պաշարների նախարարության պաշտոնական պատվիրակությունը՝ նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:

Հուլիսի 11-ին  կայացել է պատվիրակության հանդիպումը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի ու նրա ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչների հետ, քննարկվել  են երկու նախարարությունների միջև առկա՝  արդեն երկարամյա, ավանդական   համագործակցությունն ու հետագա շփումների  հեռանկարները:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ողջույնի իր խոսքում կարևորել է երկու գերատեսչությունների սերտ համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական երկու պետությունները նույն տնտեսական, էներգետիկ  դաշտում են, իսկ էներգետիկայի ոլորտը գերակայություն է համարվում մեր հանրապետությունում: Կան  մի շարք խնդիրներ, որոնք  պետք է քննարկվեն եկու նախարարությունների թիմերի հանդիպումներում:  

ՙՕրվա հանդիպումը ճանաչողական էր ՀՀ պատվիրակության համար, և հնարավորություն կա գնահատելու կատարված աշխատանքը, նախանշելու անելիքները, ընթացքավորելու երկու հայկական հանրապետությունների էներգետիկ համակարգերի առջև ծառացած խնդիրների լուծումը՚,-ասաց Լ. Գրիգորյանը, դրանց մեջ մասնավորապես առանձնացնելով բարձրավոլտ  էներգացանցերի հուսալիության և անվտանգության ապահովումը, փոքր հէկերի գործարկմանն առնչվող մի շարք հարցեր: 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հայտնել է, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Արցախ, առաջին հանդիպումը արցախցի գործընկերների հետ, և վստահեցրել, որ այն կլինի շարունակական: Խնդիրներն ու ծրագրերը բազմաթիվ են, անհրաժեշտ է սահմանել առաջնահերթություններ և աշխատել դրանց ուղղությամբ:  Այս պահին արդեն Արցախից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանում կա: 

Հանդիպման երկրորդ կեսից  Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նույնպես մասնակցեց  քննարկումներին: Նա նշեց, որ ԱՀ կառավարությունն էներգետիկան հայտարարել է տնտեսության  գերակա ուղղություն,  իսկ  համագործակցությունն այդ ոլորտում հայաստանյան գործընկերների հետ միշտ եղել է բարձր մակարդակի վրա: Նա  համոզմունք հայտնեց, որ առաջիկայում էլ կշարունակվի այն, կլինեն գործնական ծրագրեր, փոխօգնություն: 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հանդիպումը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության հետ եզրափակվեց երկու նախարարությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ, որն էլ հիմք կհանդիսանա ՀՀ և ԱՀ համապատասխան գերատեսչությունների կապերի ընդլայնման ու խորացման համար: 

Հանդիպման մի մասն ընթացավ փակ՝ առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցության, որից հետո երկու նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին: 

Լ. Գրիգորյանը նշել է, որ հուշագրի ստորագրումը ֆորմալ բնույթ է կրում.  նմանատիպ հուշագիր առաջին անգամ չէ ստորագրվում, եղել են պայմանավորվածություններ, աշխատանք ՀՀ գործընկերների հետ, որը շարունակվելու է, իսկ հուշագիրը հնարավորություն է տալիս կազմել նոր ծրագրեր, ձևակերպել նոր խնդիրներ և ընթացքավորել:

ՀՀ պատվիրակության  ղեկավար Ա. Գրիգորյանը կարևոր ձեռքբերում է համարում, որ  Արցախն այս պահին ինքնաբավ է էլեկտրաէներգիայի առումով, և  համատեղ աշխատանքների հետագա արդյունքը բերելու է նրան, որպեսզի ավելացվեն  արտահանման ծավալներն  ու  ձևավորվի միասնական համակարգ: Անհրաժեշտ կլինի Արցախում ևս ուսումնասիրել այլընտրանքային էներգակիրների մուտք  ապահովելու հեռանկարները, քանի որ  դրանց ներդրումը  մի շարք առկա խնդիրների լուծում կտա: 

Իսկ նոր փոխգործակցության շրջանակներում քննարկվել են բոլոր  եզրույթները՝ սկսած օրենսդրական դաշտից, վերջացրած էներգետիկ նոր համակարգերի ներդրումով, և աշխատանքային նոր մթնոլորտի ձևավորման հնարավորություններով: 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ