[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՎԻՃԱԿՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ, ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

Մարտակերտի շրջանի անասնաբուժական կայանը երկար պատմություն ունի և տարիների ընթացքում, անկախ շենքային ու լաբորատոր պայմաններից, մասնագետները պատվով են կատարել իրենց պարտականությունները, բարձրացրել  կայանի վարկանիշը, հաջողությամբ իրականացրել կադրային սերնդափոխությունը։  

 Արված ու կատարվելիք աշխատանքների մասին մեր հարցազրույցը անասնաբուժական կայանի տնօրեն  Արա ՀԱԿՈԲՅԱՆԻհետ:

 -2017 և 2018 թվականների առաջին կիսամյակի արդյունքներից  պարզվում է, որ 2018-ի առաջին կիսամյակում 243-ով քչացել է խոշոր, իսկ 1806-ով՝  մանր եղջերավորների գլխաքանակը։

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կմեկնաբանեք նվազման այս միտումը, արդյո՞ք  այն կապված չէ մասնագիտական գործառույթների  հետ։

- Պիտի նշեմ, որ շրջանի անասնապահությունը դրան նախորդած տարիներին հաջողված աստիճանական զարգացում էր ապրում, և բոլոր առումներով վերելք կար։ Իմ կարծիքով, անասնապահության զարգացմանը խոչընդոտեց ապրիլյան պատերազմը։ Մարդիկ խաղաղ պայմանների նկատմամբ թերահավատ լինելով, սկսեցին վերապահումով վերաբերվել այդ կարևոր գործին։ Օրինակ՝  բուն Մարտակերտ քաղաքում ծայրամասային թաղամասեր կան, որտեղ անասուններ  այլևս չեն պահում, նման երևույթներ են նկատվել նաև շրջանի համայնքներում։ Դա է պատճառը, որ հանրային հոտում քչացել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Դրականն այն է, որ նվազումը կապված չէ հիվանդության հետ, և ուրախ ենք, որ, թեև դանդաղ, բայց արձանագրվում է անասնագլխաքանակի աճ։ Օրինակ. նշված կիսամյակների համադրությամբ աճ է գրանցվել խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտներում, համապատասխանաբար աճել են  1425 գլուխ խոզերով և 3669 թև թռչնով։

  -Շրջանում ունե՞նք անհրաժեշտ ու որակյալ մասնագիտական հավաքակազմ։

-Մասնագիտական ճիշտ գործելաոճը դրական լիցքեր է հաղորդում բնակչության հետ հարաբերություններին, նպաստում ճյուղի զարգացմանը: Շրջանի 43 համայնքներին այսօր սպասարկում են 31անասնաբույժ–մասնագետներ, որոնցից 18-ն ունի բարձրագույն կրթություն, 3-ը ՝  թերի բարձրագույն , 10-ը՝  միջնակարգ-մասնագիտական։ Միայն այն հանգամանքը, որ 31-ն են, ինքնին խնդիր է, մնացած համայնքների սպասարկման գործին կցել ենք մի քանի մասնագետների։ Բոլորն էլ որոշակի աշխատանքային փորձ ունեն, և, ըստ իս, բարեխղճորեն են կատարում իրենց պարտականությունները։ 

- Անշուշտ, այսօր կարևոր է անասնաբուժական կայան-տեղական ինքնակառավարման մարմին փոխգործակցությունը։ 

- Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ շրջանում չկան անասնապահական տնտեսություններ, որոնց հետ սերտ կապերի մեջ չենք: Առանց դրան հնարավոր չէ։ Բոլոր հարցերով առնչվում ենք, դա, ըստ ժամանակացույցի, մեր կողմից միջոցառումներ իրականացնելու համար պայմաններ ստեղծելն է, անասնագլխաքանակի նկատմամբ տվյալներ տրամադրելը, համաձայն որի Արցախի գյուղնախարարությունից համապատասխան քանակի  պատվաստուկներ և շիճուկներ ենք ստանում։ Ցավոք, միշտ չէ, որ տեղերից անասնագլխաքանակի նկատմամբ  տեղեկությունները ճիշտ են հաղորդվում, այսինքն` քիչ են ներկայացնում, ինչն էլ   դառնում  է պատվաստուկների և շիճուկի քիչ ստացման պատճառ։ Չի եղել դեպք, որ չարձագանքենք կանչերին, միշտ անասնատերերի կողքին ենք։

Ցանկալի է նաև, որ վերականգնվեն  ենթաշրջանային անասնաբուժական տեղամասերը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի  անասնաբուժական պետական միջոցառումները։

Ինչ վերաբերում է վարակիչ հիվանդություններով վարակվածությանը, նշենք, որ հայտնաբերել ենք այլ վայրերից բերված բրուցելյոզով վարակված ինը գլուխ անասուն, որոնցից վեցը Հաթերքի համայնքում էր։  Դրանք անմիջապես հանրային հոտից հանվել և հարկադիր մորթի են ենթարկվել։ 

Հենրիխ Մանուկյան

ք. Մարտակերտ