[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՇԱՃ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ Է

ՙԱզատ Արցախ՚-ի հարցազրույցը ԱՀ գյուղնախարար Ժիրայր ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ

 -Պարոն Միրզոյան, ներկայացրեք, խնդրեմ,  հանրապետության տարածքում բերքահավաքի ընթացքը:  Ինչպե՞ս է այն կազմակերպվում,  ի՞նչ արդյունքներ ունենք: 

-Ընթացիկ տարվա բերքահավաքի աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել են: Արդեն ավարտին է մոտենում հասկավոր հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: 2018 թվականի բերքահավաքի ենթակա 68281 հեկտար հացահատիկի ցանքատարածքներից (առանց եգիպտացորենի) այսօրվա դրությամբ հնձված է 64700 հեկտար, կալսված է 130137 տոննա հատիկ: Միջին բերքատվությունը կազմում է 20,1 ց/հա: 34854,8  հեկտար ցանքատարածությունից հնձվել է 79134,7 տ ցորեն` 22,7ց միջին բերքատվությամբ: Հնձվել է 29352 հա գարի, ստացվել 50148,9 տոննա  համախառն բերք` 17,1 ց/հա միջին բերքատվությամբ, 492,7 հեկտար հաճար, 853,5 տոննա համախառն բերք` 17,3 ց/հա միջին բերքատվությամբ: Ընթացքի մեջ են  նաև գարնանացան մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները։ Մասնավորապես՝ հնդկացորենի ցանված 672 հեկտարից հնձվել է 237 հեկտարը, համախառն բերքը կազմել է 198,6 տոննա, միջին բերքատվությունը՝ 8,4 ց/հա: Հլածուկի ցանված 243 հեկտարից հնձվել է 143 հեկտարը, համախառն բերքը կազմել է 225 տոննա, 15,7ց/հա միջին բերքատվությամբ: Կտավատի ցանված 2064,5 հեկտարից հնձվել է 257,5 հեկտարը, համախառն բերքը կազմել է 235 տոննա, միջին բերքատվությունը` 9,1 ց/հա, իսկ ոլոռի ցանված 65 հեկտարից հնձվել է 45 հեկտարը` 135 տոննա համախառն բերքով և 30 ց/հա միջին բերքատվությամբ։ 

Բերքահավաքի ընթացքում հատիկահավաք կոմբայնների խնդիրներ չեն եղել, աշխատանքներն ընթանում էին կազմակերպված, նախապես մշակված ծրագրով, հերթականությամբ՝ ըստ գոտիների և մշակաբույսերի: Ընդհանուր առմամբ, բերքահավաքին ներգրավված էին 245 միավոր կոմբայն, որից 70-ը՝ Հայաստանի Հանրապետությունից: Այսօրվա դրությամբ աշխատում են 55 հացահատիկահավաք կոմբայններ, ինչը լիովին բավարարում է առկա պահանջարկը։ Միջին բերքատվության ցուցանիշը ամենաբարձրը Մարտունու շրջանում է ՝ 22,1 ց/հա, իսկ ամենացածրը՝ Մարտակերտի շրջանում՝ 14,7 ց/հա: Առանձին հողօգտագործողների մոտ արձանագրվել է 60-80 ցենտներ բերք՝ մեկ հեկտարից: Նշեմ նաև, որ հացահատիկի բերքի մթերման գործընթացում ևս ոչ մի խոչնդոտ չկա, մթերումն իրականացվում է ինչպես ԱՀ ԱՀ-ի, այնպես էլ հանրապետությունում գործող ալրաղացների կողմից:

-Անցյալ տարիների համեմատ  ցուցանիշների աճի՞, թե՞ նվազման դինամիկա ունենք:  Խոսքն ինչպես ցանքատարածությունների, այնպես էլ  բերքատվության մասին է:

-2018 թվականի բերքի տակ, ըստ օպերատիվ տվյալների, հանրապետությունում մշակվել է ավելի քան 88096 հեկտար տարածք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 27 տոկոսով: Մշակված տարածքներից 74737 հեկտարի վրա ցանվել է աշնանացան հացահատիկ, ինչը 37 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ 13359 հեկտարի վրա իրականացվել է գարնանացան մշակաբույսերի ցանքս, որը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 10 տոկոսով: արնանացան մշակաբույսերի ցանքատարածքների նվազումը հիմնականում պայմանավորված էր ոռոգման ջրի պաշարների կրճատման հետ: Ինչպես գիտեք, ձմռան ամիսներին տեղումների քանակը, մասնավորապես ձյան տեսքով, բավականին քիչ էր, ինչի հետևանքով առկա ջրամբարներում չկուտակվեց բավարար քանակությամբ ջուր: Բերքատվության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ որոշակիորեն նվազել  են, ինչը հիմնականում այս տարվա աննախադեպ բնական աղետների հասցրած վնասի հետևանք է:

-Վերջին ամիսների առատ անձրևներն ու կարկուտը մեծ վնաս են հասցրել:  Արդեն կա՞ն տվյալներ դրանց վերաբերյալ, որքա՞ն է վնասի չափը և գերատեսչությունն  ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու  ի աջակցություն հողօգտագործողների:

-Բնական աղետները լուրջ վնասներ են հասցրել գյուղատնտեսությանը, նախնական հաշվարկներով` 25-30 հազար տոննա բերքի կորուստ ունենք միայն հացահատիկի (ցորեն, գարի) մասով: Հանրապետության բոլոր շրջանները տուժել են կարկուտից և սելավներից, բացառությամբ Շահումյանի շրջանի: Ընդհանուր առմամբ, տարբեր աստիճանով տուժել են շուրջ 14800 հեկտար ցանքատարածքներ և պտղատու այգիներ, որից 9320 հեկտարը` 80-100 տոկոսով: Առավել մեծ վնաս է հասցվել Հադրութի և Քաշաթաղի շրջանների հողատարածքներին՝ համապատասխանաբար 2200 հեկտար, որից 1970 հեկտարը` 80-100 տոկոսով, և 8600 հեկտար, որից 5900 հեկտարը` 80-100 տոկոսով: Ասկերանի շրջանում 80-100 տոկոսով տուժած տարածքների մակերեսը 585 հեկտար է, Մարտակերտի շրջանում` 84 հեկտար, Մարտունու շրջանում՝ 780 հեկտար: 50-80 տոկոսով տուժել է շուրջ 2510 հեկտար ցանքատարածություն: Հողօգտագործողներին աջակցություն տրամադրելու մեխանիզմները, ձևերը և չափերը քննարկման փուլում են և շուտով կներկայացվեն հանրությանը:

-Բերքահավաքի ընթացքում, տոթ եղանակների պատճառով, մեծանում է նաև հրդեհի վտանգը: Եղե՞լ են հրդեհի դեպքեր գյուղատնտեսական նշանակության տարածքներում,  ինչպե՞ս է հաջողվում   կազմակերպել  հակահրդեհային  միջոցառումները: 

-Հացահատիկային մշակաբույսերի անկորուստ բերքահավաքի և կերակուտակման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծվել  են հակահրդեհային անվտանգության շտաբեր և մշակվել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների անցկացման պլան-ծրագրեր: Հացահատիկային ցանքսերի հարակից տարածություններում տեղադրվել  են 19 հրշեջ փրկարարական ջոկերի հենակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահության մեջ ընդգրկված է 20  հրշեջ ավտոմեքենա, ընդհանուր` 60  հոգի անձնակազմով: ԱՀ ԱԻ պետական ծառայության և շրջանների վարչակազմերի պատասխանատուների կողմից բացատրական լայն աշխատանքներ են տարվել բերքահավաքի հետ կապված անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ, ինչպես նաև հսկողություն է սահմանվել հնձված տարածքների ինքնակամ հրկիզման բացառման նպատակով: Իրականացված աշխատանքների շնորհիվ ցանքատարածքներում հաջողվել է զերծ մնալ խոշոր հրդեհներից: Այնուամենայնիվ, հրդեհվել են 44,8 հեկտար ցորենի, 27 հեկտար գարու,  5 հեկտար ոլոռի ու 2,5 հեկտար հնդկացորենի ցանքատարածքներ:

-Ոռոգման համակարգերի ներդրումը յուղատնտեսական նոր հայեցակարգի սկզբունքային դրույթներից է:  Ի՞նչ աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ: 

-  Իրականացվել են 109 մլն դրամի աշխատանքներ  ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ,  50 մլն դրամի աշխատանք էլ՝  ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգման, վերականգնման և պահպանման ուղղությամբ:  Ավելի քան 6,5 մլն դրամի չափով (Ասկերանի շրջանում՝ ապրիլ-մայիս ամիսներին՝ 4.253 հազ, իսկ Մարտունու շրջանում՝  մարտ-մայիս ժամանակահատվածի համար՝ 2.288 հազ. դրամ) սուբսիդավորում է կատարվել  մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրի համար ծախսված  էլեկտրաէներգիայի  դիմաց: 

Ընթացքի մեջ է կաթիլային ոռոգման համակարգերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը, ըստ որոնց  շուտով փորձաքննության կներկայացվեն  տարբեր մշակաբույսերի համար 230 հա-ի վրա  մոտ 313 մլն դրամ արժողությամբ կաթիլային համակարգերի տեղադրման աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև մոտ 550 հա տարածքի էլեկտրիֆիկացման գործընթացը, որի նպատակը տարածքում արտեզյան հորեր կառուցելու և ժամանակակից ինտենսիվ այգիներ հիմնելու հնարավորության ստեղծումն է:

-Տեղեկություններ կան, որ  ոռոգման համակարգի պետական ծրագրից  օգտվելու  համար  որոշ  հողօգտագործողներ այգի են հիմնադրել,  բայց կառավարությունը խոստումը չի կատարել՝  արտեզյան ջրհորների անհրաժեշտ քանակ  չի ապահովել, և  նրանք խնդրի առաջ են կանգնել:  Որքանո՞վ են հավաստի այդ լուրերը: 

-Կառավարությունն արտեզյան ջրհորների անհրաժեշտ քանակ ապահովելու խոստում չի տվել:                                                                                                                   Քանի որ 2017 թվականի՝ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող  դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարն ուղղվել էր Արցախի ոռոգման համակարգի կառուցմանն ու բարելավմանը,  ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը Հիմնադրամին է ներկայացրել  2017 թվականի դրությամբ մեզ անհրաժեշտ՝ համապատասխան ենթակառուցվածքներով 69 արտեզյան ջրհորների կառուցման հայտ: Սակայն մեր ներկայացրած թիվը կրճատվել է՝ հասցվելով 37-ի: Ներկայումս ընթանում են արտեզյան ջրհորների հորատման աշխատանքները. մեկն արդեն ավարտին է հասցվել, 10-ի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նշեմ նաև, որ նրանցից երկուսի դեպքում անհրաժեշտ քանակի ջուր չի հայտնաբերվել:

 Այս աշխատանքներում նախարարության գործառույթները սահմանափակվել են կաթիլային համակարգով ոռոգելու անհրաժեշտություն ունեցող տարածքներն ըստ առաջնահերթության ՙՀայաստան՚    համահայկական  հիմնադրամին ներկայացնելով:

-Գյուղատնտեսական հայեցակարգով ընդունված կետերն իրականում հաջողվո՞ւմ է կենսագործել:  Ի՞նչ չափով:  Ի՞նչ ծրագրերի է արդեն ընթացք տրվել: Կարելի՞ է ասել, որ ամեն ինչ ընթանում է բնականոն կերպով:

- 2018-ի սկզբից գյուղնախարարության կողմից իրականացվող միջոցառումների հիմքում եղել են Հայեցակարգից բխող դրույթները: Ի կատարումն հայեցակարգի դրույթների, ընդունվել են Արցախի Հանրապետությունում ՙԲուսաբուծության համալիր զարգացման ծրագիրը հաստատելու մասին՚,  ՙԱնասնաբուծությանը ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին՚ և ՙԱրոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը հաստատելու մասին՚ կառավարության որոշումները, ու  դրանց շրջանակներում էլ արդեն մեկնարկել են համապատասխան միջոցառումները: Ներկայումս մշակման փուլում են և շուտով ավարտին կհասցնենք անասնաբուծության զարգացման խթանումն ապահովող նոր ծրագրերի նախագծման աշխատանքները:

-Նախարարության պաշտոնական կայքի  հրապարակումներից  տեղյակ ենք, որ պարբերաբար հանդիպումներ եք ունենում ուսանողների հետ: Կարելի՞ է ասել, որ փորձում եք կադրային ներուժ գտնել, որի պակասի մասին այնքան բարձրաձայնվել է: 

-Այո, մեզ մոտ դա արդեն սովորական պրակտիկա է,  պարբերաբար հանդիպում եմ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ, և այդ հանդիպումների ընթացքում հետաքրքրվում եմ նրանց ծրագրերով, գյուղոլորտի վերաբերյալ նրանց իրազեկվածությամբ, ներկայացնում եմ մեր ռազմավարական ծրագրերի մասին, մասնավորապես, գյուղատնտեսության առաջիկա 10 տարիների զարգացման հայեցակարգը,  ռազմավարական նշանակություն ունեցող այդ փաստաթղթի գլխավոր նպատակը, խնդիրները, ուղղությունները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները: Այդ հանդիպումների  նպատակներից մեկն էլ, անշուշտ, պատշաճ սերնդափոխություն ապահովելու համար ընտրություն կատարելն է, քանի որ համակարգը երիտասարդ, բանիմաց կադրերով լրացնելը կարևորագույն խնդիրներից է: Ի դեպ, վերջին շրջանում մեր համակարգում վեց նորավարտ երիտասարդների ենք աշխատանքի ընդունել, որոնցից չորսը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտներ են:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ