[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Հուլիսի 23-ին երկօրյա այցով Արցախում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը` գերատեսչության մի խումբ պատասխանատուների հետ։ Նրանք հյուրընկալվել են գործընկեր կառույցի՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում։

Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետը բոլոր նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարել է  այցելել Արցախ ու համատեղ քննարկել գործընկեր կառույցների հետագա անելիքները, կատարվող բարեփոխումները և փորձել լուծումներ տալ առկա խնդիրներին։ 

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ աշխատելու պատրաստակամության համար և հույս հայտնեց, որ երկու նախարարությունների համագործակցության տիրույթում կփորձեն ուրվագծել աշխատանքների հետագա ծրագիրը, որը, նախարարի կարծիքով, պետք է լինի թեմատիկ քննարկումների շրջանակներում։ Ըստ այդմ էլ կներգրավվեն ոչ միայն ոլորտի պատասխանատուներ, այլև գործարարներ։

 Լ. Գրիգորյանը հյուրերին ներկայացրեց նախարարության պատասխանատուներին։ Իր հերթին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրեց Արցախ այցելած նախարարության գրեթե բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին, որովհետև համատեղ պետք է փորձեն անցնել մեկնարկած բարեփոխումների ճանապարհով։ 

Ա. Մինասյանը կարևորեց նման հանդիպումը ոչ միայն այն պատճառով, որ ԱՀ-ում պետք է ներդաշնակեցվեն ՀՀ-ում մեկնարկած տնտեսական զարգացման ծրագրերի բարեփոխումները,  այլև եղած ռեսուրսները համախմբելու և նպատակային, արդյունավետ ծրագրեր իրականացնելու առումով։ Բարեփոխումները ՀՀ ներկայիս  կառավարության օրակարգային ու առաջնահերթ հարցերից են, իսկ տնտեսական բարեփոխումները դարձել են ավելի շատ քաղաքական, քան թե զուտ տնտեսական  կամ տնտեսամաթեմատիկական մոդելների հաշվարկների ուղղվածություն։ Անդրադառնալով համատեղ իրականացվելիք աշխատանքներին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշեց, որ ԱՀ տարածքում գործող տնտեսությունները չպետք է ունենան խնդիրներ, որոնք չկան ՀՀ տնտեսություններում, ավելին՝ Արցախում պետք է գործեն ավելի դյուրինացված ընթացակարգեր։ Սա բխում է նոր կառավարության դիրքորոշումից, որի նպատակն է աջակցել Երևանի սահմաններից դուրս գործող տնտեսություններին, որպեսզի հեռավոր բնակավայրերում կյանքն ավելի ակտիվանա ու քաղաքացիների շրջանում վստահություն ձևավորվի ապագայի և հավասար պայմանների ինստիտուտի նկատմամբ։ Բացի դրանից, ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության շրջանակներում ձեռք է բերել բավականին մեծ հնարավորություն, որից պետք է օգտվեն նաև Արցախի տնտեսվարող սուբյեկտները։ ՙՇատ կարևոր է Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ինչպես նաև միջազգային առևտրի այլ կանոնները հասանելի դարձնել մեր բոլոր քաղաքացիներին։ Մարդկային, տեխնիկական, նյութական բոլոր ռեսուրսները պետք է ծառայեցնենք համատեղ աշխատանքային գործունեությունն արդյունավետ դարձնելուն։ Մենք պետք է կարողանանք միջազգային շուկա արտահանել ՀՀ և ԱՀ տնտեսական կյանքում տեխնոլոգիապես ավելի բարձր որակի, աշխատաշուկայում շատ բարձր գնահատվող և ապրանքային շուկայում մեծ արժեք ներկայացնող ապրանքները։ Սա նաև նշանակում է, որ մեր երկու գերատեսչությունների աշխատանքների արդյունքում ՀՀ և ԱՀ տարածքում մեր քաղաքացիները հնարավորություն կունենան ստեղծել բարիքներ և արդյունավետորեն իրացնել միջազգային շուկայում՚,-նշեց Ա. Մինասյանը։ Հայաստանյան մասնագետներն անդրադարձան նաև տուրիզմի զարգացման խնդիրներին, որովհետև այս ոլորտում կան համագործակցության լուրջ հնարավորություններ և մեխանիզմներ, որոնք պետք է երկու գերատեսչություններով փորձեն օգտագործել արդյունավետ, ինչն էլ հնարավորություն կտա ԱՀ  տնտեսվարող սուբյեկտներին գործել առանց խոչընդոտների ու խնդիրների։

Համատեղ հանդիպումների շրջանակներում երկու գործընկեր կառույցների պատասխանատուները քննարկեցին ոլորտային բազմաթիվ հարցեր, որոնք ԱՀ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռեն  գործել ավելի մատչելի պայմաններում: ՀՀ ներկա կառավարությունը քաջալերում ու խրախուսում է մայրաքաղաքից դուրս գործող տնտեսվարող սուբյեկտներին և բարեփոխումների շնորհիվ փորձում պայմաններ ստեղծել նրանց արտադրանքը միջազգային շուկաներում առավել արդյունավետ իրացնելու համար։ Ա. Մինասյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության հետ ունեցած համագործակցության արդյունքում ձեռք բերված բոլոր հնարավորությունները պետք է հասանելի լինեն նաև Արցախում։ Դա վերաբերում է որակի ենթակառուցվածքների արդյունավետ ծրագրերին՝ ապրանքների սերտիֆիկացմանը, հավատարմագրմանը, արտահանումներին աջակցությանը։ Ներկայումս ՀՀ և ԱՀ տնտեսության մեջ առկա է տեխնոլոգիապես ոչ զարգացած ապրանքների և ծառայությունների մեծ կշիռ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության խնդիրն է զարգացնել ինովացիոն որակյալ տնտեսություն և երիտասարդների համար ստեղծել ավելի բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Բացի դրանից, Հայաստանում մեկնարկել է համահայկական ներուժի համախմբմամբ ֆինանսական տեխնոլոգիական կարևոր մի ծրագիր, որի նպատակն է ստեղծել ներդրումայյին այնպիսի հիմնադրամ, որը կկարողանա կոնկրետ և առարկայական ֆինանսական ռեսուրսներ և տեխնոլոգիաներ ստեղծել ՀՀ-ում և ԱՀ-ում։ Դրան զուգահեռ կգործի բիզնեսի ավտոմատացման ծրագիրը, որն էլ ենթադրում է տնտեսվարող սուբյեկտների պատրաստվածություն և պատրաստակամություն։ Այդ առումով, բացի նախարարության պատասխանատուներից, հանդիպումներ կկազմակերպվեն գործարարների շրջանում, որպեսզի համատեղ քննարկվեն բիզնեսի ավտոմատացման մեխանիզմները, փոքր և միջին բիզնեսի զարգացման հեռանկարները, ինչպես նաև ԱՀ տնտեսություններում նորարարությունների խրախուսման հարցերը։ 

Երկօրյա ծրագրի շրջանակներում ՀՀ և ԱՀ մասնագետները համատեղ աշխատեցին որակի, սերտիֆիկացման, գրանցման, հավատարմագրման և ոլորտի այլ ենթակառուցվածքների հարցերով, որպեսզի այդ աշխատանքները լինեն առավել արդյունավետ, որովհետև առկա մեխանիզմներն արդեն անբավարար են տնտեսության զարգացման համար, իսկ ԱՀ արտադրանքը հասանելի չէ միջազգային շատ շուկաների։ Վերջում  այս և այլ խնդիրների վերաբերյալ կայացավ քննարկում նաև Արծվիկ Մինասյանի և Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի միջև։ 

 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ