[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է

Շահումյանի շրջանում ընթացքի մեջ է բերքահավաքը։

 Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի վարիչ Խաչիկ Գալստյանը։

ՙՀուլիսի 24-ի դրությամբ ավարտվել է  աշնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը։ Շրջանի Ակնաբերդ համայքնում նախորդ տարի կատարվել էր 145 հա աշնանացան. նշված մշակահողերից հավաքվել է 3105,6 ց բերք,  1 հա-ի բերքատվությունը կազմել է 21,4 ց՚,- տեղեկացրեց Խ. Գալստյանը։ Ըստ մեր զրուցակցի, հավաքվել է 124 հա աշնանացան ցորեն՝ ընդհանուր առմամբ ստացվել է 2907 ց բերք, ինչպես նաև՝ 198,6 ց աշնանացան գարի։ 

Հաշվի առնելով անբարենպաստ եղանակային պայմանները՝ այս տարի շրջանում աշնանացան մշակաբույսերից ստացված բերքի ցուցանիշը բարձր է։ ՙՑուցանիշը բարձր է նաև, եթե այն համեմատենք նախորդ տարվա բերքատվության ցուցանիշների հետ՚,- ասաց բաժնի վարիչը։

Խոսելով այլ մշակաբույսերից՝ Խաչիկ Գալստյանը տեղեկացրեց, որ շրջանի տարբեր համայնքներում արդեն սկսվել է կարտոֆիլի, կանաչ լոբու, պտուղ-հատապտուղի, բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքը։ 

ՙԵղանակային պայմաններն ընդհանուր առմամբ անբարենպաստ են մշակաբույսերի համար։ Շրջանում գրեթե հատապտուղ չի հավաքվել, միրգը ևս քիչ է։ Դա պայմանավորված է գարնանը տեղացած հորդառատ անձրևներով, ինչպես նաև՝ եղանակային այլ անբարենպաստ գործոններով՚,- տեղեկացրեց գյուղատնտեսության բաժնի վարիչը։

Խոսելով մեղվապահության մասին՝ Խաչիկ Գալստյանը տեղեկացրեց, որ եղանակային պայմաններն առայժմ բարենպաստ են մեղրի բերքատվության համար։ ՙԵնթադրվում է, որ մեղրի լավ բերք է ստացվելու՚,- ամփոփեց մեր զրուցակիցը։ 

Թամարա ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ