[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆՆԵՐԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵԼ է

Ընթացիկ տարվա բերքահավաքի աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել են, ինչը պայմանավորված է շրջանի վարչական տարածքում կատարված ցանքսերի հաշվառման, արժանահավատության, ստուգումների անցկացման և պետական գրանցման գործընթացի իրականացման հետ։ 

 Ինչպես տեղեկացանք Հադրութի վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանից, 2018 թվականի բերքի տակ, ըստ վերջնական ճշտված տվյալների, կատարվել է շուրջ 18215,5 հա աշնանացան մշակաբույսերի  ցանքս, որից 7295,5 հա` ցորեն, 10924 հա` գարի։  Այդ ցանքսերից համայնքային ենթակայության  հողերում ցանվել է 1880,5 հա ցորեն, 1154 հա գարի: Բերքահավաքն անկորուստ կազմակերպելու համար ստեղծված օպերատիվ շտաբը, համագործակցելով ԱՀ ԱԻ ՊԾ շրջանային բաժնի և համայնքների ղեկավարների հետ, նպատակային միջոցառումներ է իրականացրել, որի արդյունքում անկորուստ հավաքվել է բերքը։ 18219,5 հա  ցանքսերից  մայիս, հունիս ամիսներին  ուժեղ քամու  ուղեկցությամբ տեղացած հորդառատ անձրևներից և կարկուտից տուժել է 2171,7 հա, որից ցորեն` 340,5 հա, գարի` 1831,2 հա։ Այդ  տարածքներում ընդհանրապես բերքահավաք չի իրականացվել, նշեց բաժնի վարիչը։ Հուլիսի 25-ի դրությամբ ավարտվել է բերքահավաքը, հնձի ենթակա 16047,8 հա տարածքից հնձվել է 15801,3 հա, 235,5 հա-ի վրա շատ ցածր բերքատվության պատճառով  բերքահավաք չի կատարվել։ Հնձի աշխատանքներն  իրականացվել են շրջանի 59  և դրսից հրավիրված 10 հացահատիկահավաք կոմբայների միջոցով, ամբարվել է մոտ 31879 տոննա  համախառն բերք,  հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 20,2 ցենտներ, այդ թվում  ցորեն` 18293,4 տոննա,  հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 26,3 ցենտներ, գարի` 13685 տոննա` 15,5 ցենտներ միջին բերքատվությամբ։ Ստեփան Հակոբյանը նշեց, որ մի շարք հողօգտագործողներ` կիրառելով  բոլոր ագրոտեխնիկական միջոցառումները, ստացել են բարձր  բերք, առանձին հողօգտագործողներ ստացել են 40-50 ցենտներ բերք մեկ հեկտարից։ 

Բերքի իրացման, տեղափոխման խնդիր չի եղել։ ԱՀ ԳԳԱՀ –ի կողմից բացված ընդունման կետերում շուկայականից բարձր գներով  ընդունվել է անսահմանափակ քանակությամբ ցորեն և գարի, ինչն ապահովել է  Հիմնադրամի  հանդեպ ունեցած պարտավորությունների մարման գործընթացի իրականացումը։ Հողօգտագործողներն որակական բարձր ցուցանիշներ ապահոված դաշտերից  ձեռնամուխ են եղել  հաջորդ տարվա  սերմնացուի ձեռքբերման աշխատանքներին։ Բերքահավաքից անմիջապես հետո մի շարք հողօգտագործողներ  ձեռնամուխ են եղել  հողի նախնական  մշակման, երեսվարի, սկավառակային փոցխման հերկի աշխատանքներին։ Կատարվել են մոտ 4500 հա հերկի աշխատանքներ, որը գալիք տարվա երաշխավորված բերքի ստացման կարևոր նախապայմաններից է։ Շրջանում բերքահավաքի հետ մեկտեղ կատարվում են նաև կերերի կուտակման աշխատանքներ։

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ