Logo
Print this page

ՊԱՏՐԱՍՏ՝ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱԳԾԵՐԸ

ՙՖիդես հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ՚ ՓԲԸ-ն  հիմնադրվել է Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից: Կազմակերպության առաքելությունն  Արցախի Հանրապետության հիփոթեքային շուկայի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը նպաստումը, հանրապետության բնակչության բնակարանային պայմանների բարելավումն է։

 Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ: Կազմակերպության միակ հիմնադիրն ու բաժնետերը հիմա էլ  հանդիսանում է Արցախի ներդրումային հիմնադրամը։ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է հիմնականում Արցախի Հանրապետության տարածքում։

ՙՓոքր և միջին ձեռնարկատիրությունը հանդիսանում է յուրաքանչյուր պետության զարգացման կարևոր հիմնաքարը։ Բացառություն չէ նաև Արցախի Հանրապետությունը։ ԱՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը համարվում է տնտեսության զարգացման անհրաժեշտ պայմաններից մեկը՚,-համոզված է ընկերության գործադիր տնօրեն Նվեր Ազատյանը։ Դրա համար անկախության հռչակումից ի վեր պետությունը քայլեր է ձեռնարկում ՓՄՁ աջակցության մեխանիզմների ձևավորման և ոլորտի իրավական կարգավորման ուղղությամբ: Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության նպատակը ԱՀ սոցիալ-տնտեսական և տարածքային կայուն զարգացումն է: Այս ոլորտում կարևորագույն ձեռքբերում է այնպիսի կառույցների ստեղծումը, ինչպիսիք են Արցախի ներդրումային ու  Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամները: ՙԱրցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվում են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված ԱՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը։ Պետք է  մեկ դիտարկում անեմ՝ վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորման ծրագիրը, որն  Արցախի Հանրապետությունում  սկսվել է 2008 թվականից, մեր տարածաշրջանում աննախադեպ երևույթ էր, որից հետո արդեն ՀՀ տարածքում նույնպես սկսեցին իրականացվել նմանատիպ ծրագրեր,-ասաց Ն. Ազատյանը,- ԱՀ-ում ՓՄՁ սուբյեկտների վարկային բեռի թեթևացման հիմնահարցը  պետության ուշադրության կենտրոնում է։ Վարկի տոկոսադրույքի 30-70%-ը սուբսիդավորվում է պետության կողմից, ընդ որում, այս միջակայքը կախված է բիզնեսի ոլորտից, օրինակ` առևտրի ոլորտը սուբսիդավորվում է 30%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 70%-ով։ Այս երևույթը հանդիսանում է ՓՄՁ ոլորտի զարգացման կարևոր խթան, և մեր գործարարներն իրենց բիզնեսի զարգացման նպատակով միշտ օգտվում են այսպիսի ծրագրերից։ Այս ծրագրերն իրենց անուղղակի ազդեցությունն են ունենում նաև նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա, ինչին և ձգտում է յուրաքանչյուր պետություն՚։ Արդյունքում,  ընկերությունը, շատ հաճախ սեփական շահերը մի կողմ դնելով, առաջնորդվում է հենց պետության՝ ՓՄՁ ոլորտին աջակցություն ցուցաբերելու ծրագրերին օժանդակելու շահերով։ Արդյունքում,  առկա  ռեսուրսները տեղաբաշխելով հենց այսպիսի ոլորտներում,  փորձ ենք անում  դերակատարություն ունենալ ՓՄՁ ոլորտի զարգացման գործընթացում, դրանով իսկ նպաստելով Արցախի Հանրապետության տնտեսության զարգացմանը։

ՙՖիդես՚ ունիվերսալ վարկային կազմակերպության  հաճախորդներն Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից երաշխավորագրեր ստացած ֆիզիկական և իրավաբանական անձինք են։  

Երբ ընկերությունը  հիմնադրվում էր, նախանշվում էր, որ նրա  գործունեության հիմնական ուղղությունը պետք է լինի հիփոթեքային վարկերի տրամադրումը։ Եվ  գործունեության առաջին տարիներին այն զբաղվում էր միայն հիփոթեքային վարկերի տրամադրմամբ, ընդ որում, սկզբում միայն բնակարանի կամ բնակելի տան վերանորոգման, իսկ հետո՝ նաև բնակարանների կամ առանձնատների ձեռք բերման և բնակելի տների կառուցման նպատակով վարկեր էին տրամադրվում։ Արդեն 2014 թվականի կեսերից ընկերության կողմից սկսեցին տրամադրվել նաև բիզնես վարկեր։ 

Ընկերության ուշադրությանն է արժանանում յուրաքանչյուր բիզնես գաղափար, որը պետական տնտեսական քաղաքականության մեջ առաջնահերթություն ունի. մասնագետների կողմից մանրամասն ուսումնասիրվում են բիզնես գաղափարի բոլոր կողմերը, անհրաժեշտության դեպքում գործարարներին տրվում է նաև ֆինանսական ու մասնագիտական  խորհրդատվություն։ ՙԸնկերությունը պատրաստ է ֆինանսավորել յուրաքանչյուր գաղափար, որի կրողն ունի այն իրագործելու  խիզախություն  և գաղափարը կյանքի կոչելու անհագ ցանկություն։ Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի գաղափարներն ավելի մեծ հաջողություն են ունենում հետագայում՚,-պարզաբանեց Ն. Ազատյանը:

ՙՖիդեսն՚ իր գործունեության առաջին տարիներին վարկերը տրամադրում էր բացառապես անկանխիկ եղանակով՝ ընկերությանը սպասարկող բանկերի միջոցով։ Այնուհետև անհրաժեշտություն առաջացավ նաև իրականացնել վարկերի կանխիկ սպասարկում: Արդյունքում, 2015 թվականին  իր գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՙՖիդեսը՚ ձեռք բերեց   սեփական գրասենյակ, որտեղ և 2016 թվականին գրանցվեց ընկերության ՙԱրցախ՚ մասնաճյուղը և սկսվեց իրականացվել վարկերի կանխիկ սպասարկումը։ Տեղեկացանք, որ  ընկերության կողմից բավականին հարմար պայմաններով տրամադրվում են նաև ոսկյա իրերի գրավադրմամբ ու  այլ սպառողական վարկեր։ Այսինքն, իր գործունեության ինը տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է և շարունակում է իրականացնել իր հաճախորդների բարձրորակ սպասարկում:  

Քանի որ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է հիմնականում  ԱՀ-ում,  համագործակցում է հանրապետության  տարածքում գործող ՀՀ բանկերի մասնաճյուղերի, ինչպես նաև ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ-ի հետ։

Վերջում  տնօրենը տեղեկացրեց, որ ընկերությունն ունի  հեռանկարային նպատակ.  այն է՝ համակցել հիփոթեքային վարկավորումը և կապիտալի շուկան՝ արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման միջոցով, ինչը կնպաստի կազմակերպության առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծմանը։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.