[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ՝ ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԻՑ

Ինչ նորություններ կան հաշվապահության ոլորտում, ինչ է փոխվել ոլորտին վերաբերող միջազգային չափորոշիչներում, զարգացման ինչ հեռանկարներ են ուրվագծվում: Արցախում տնտեսության մի շարք ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների հաշվապահները հնարավորություն ունեցան նորություններին տեղեկանալ առաջին ձեռքից:

Քառօրյա դասընթացը կազմակերպվել է Արցախի ֆինանսների նախարարության եւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի համագործակցությամբ: Այն մեկնարկել է օգոստոսի 28-ին: 

Հիմնականում խոշոր կազմակերպությունները ներկայացնող մի քանի տասնյակ հաշվապահներ մեկ հարկի տակ են հավաքվել` տեղեկանալու ոլորտի վերջին նորություններին: Հիմնական բանախոսը Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի խորհրդի նախագահն էր: ՙԻնչպես բոլոր բնագավառներում՝ հաշվապահական հաշվառման բնագավառն էլ դինամիկ զարգացումների մեջ է, եւ ցանկալի է, որ տնտեսվարողները տեղյակ լինեն վերջին նորություններին: Ընդհանուր առմամբ, մենք ներկայացնելու ենք վերջին 6-7 տարվա ընթացքում արձանագրված փոփոխությունները,- անելիքներն ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի խորհրդի նախագահ Հովհաննես Պետրոսյանը:- Նման խորությամբ դասընթացներ անգամ հայաստանյան հաշվապահների համար չեն կազմակերպվել: Կարող ենք ասել, որ Ստեփանակերտում տալիս ենք ծրագրի մեկնարկը՚:

Հաշվապահական հաշվառման ստանդարտներին վերաբերող եւ հարկային հաշվառման թեմաներով դասընթացները կազմակերպվել են Արցախի ֆինանսների նախարարության եւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի համագործակցությամբ: Ֆինանսների նախարարությունում համոզված են` արհեստավարժ հաշվապահների առկայությունն արդեն իսկ երաշխիք է, որ գոնե տեխնիկական մակարդակում խնդիրներ չեն լինի: ՙՓորձում ենք հաշվապահության եւ հարկերի հաշվառման բնագավառում բարձրացնել հարկ վճարողների պատրաստվածության մակարդակը՝ դրանով իսկ կանխարգելելով հետագա սխալները եւ բացթողումները՚,- նախաձեռնության կարեւորությունն է ընդգծում ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: ՙԵթե նախկինում ե՜ւ հաշվապահության, ե՜ւ հարկային հաշվառման դասընթացներն առանձին-առանձին էին կազմակերպվում, ապա այժմ համատեղ ենք կազմակերպել, որպեսզի հաշվապահները կարողանան զուգահեռներ անցկացնել, տարբերությունները քննարկել՚,- մանրամասնում է ՖՆ հարկային վարչարարության մեթոդաբանության եւ հարկ վճարողների իրազեկման բաժի պետ Արմինե Մուսայելյանը: Հանդիպման թեմատիկան հաշվի առնելով` հրավիրվել են շինարարության, էներգետիկայի եւ հանքարդյունաբերության ոլորտը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: ՙԸստ այդմ, ընտրվել են նաեւ տվյալ ոլորտներին առնչվող թեմաներ: Դա վերաբերում է հիմնական միջոցների ստանդարտներին, շահութահարկի ստանդարտներին, ինչպես նաեւ ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվությունների կազմմանը՚,- թվարկում է Արմինե Մուսայելյանը:  Հրավիրված կազմակերպություններից շատերը սերտ կապեր ունեն ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային շուկաների հետ: Նման ձեւաչափով հանդիպումները պահանջված են համարվում: ՙՆման հանդիպումները բովանդակային առումով շատ հետաքրքիր են, ինչը հնարավորություն է տալիս մեզ՝ հաշվապահներիս, առաջին ձեռքից ստանալ բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք առաջանում են մեր գործունեության ընթացքում՚,- կարեւորում է ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության հաշվապահ Նաիրի Մուրադյանը:

Դասընթացին Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի ներկայացուցիչներից բացի` դասախոսություններով հանդես են եկել նաեւ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ