[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ՝ ԼՈՒՐՋ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

altՄարտունում վերագործարկվել է ՙԼուսակերտ՚ ՍՊԸ-ի թռչնաֆաբրիկան, որը մի շարք առումներով կարևորագույն նշանակություն ունի շրջանի համար. նախ, որ բնակչությունն ապահովվում է էկոլոգիապես մաքուր և թարմ թռչնամսով, և երկրորդ՝ շրջանի բնակչության մի մասն ապահովված է աշխատանքով, ինչը նշանակում է, որ զգալի թվով ընտանիքներ ապահովվում են կայուն եկամտով։ 
Ձեռնարկության մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար զրուցեցինք ընկերության տնօրեն Բորիս ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻ հետ, ով այստեղ աշխատում է ֆաբրիկայի ստեղծման առաջին իսկ օրվանից` նախ որպես գլխավոր հաշվապահ, իսկ 2004թ.-ից` տնօրեն:
-Պարոն Դոլուխանյան, երբվանի՞ց  ու ինչպիսի՞ կառուցվածքով է գործում թռչնաֆաբրիկան:
- ՙԼուսակերտ՚ ՍՊԸ-ը հիմնադրվել է 2002թ. փետրվարի 4-ին` Մարտունու նախկին թռչնաֆաբրիկայի սեփականաշնորհման արդյունքում: Մի որոշ ժամանակահատվածում դադարեցվել է նրա գործունեությունը: Արդեն ութ ամիս է, ինչ գործարար Դավիթ Դադայանի կողմից ձեռնարկությունը վերագործարկվել է: Այսօրվա դրությամբ ֆաբրիկան բաղկացած է ինկուբացիոն կայանից, արտադրական գոտուց, կերի և մորթի արտադրամասերից, պատրաստի արտադրանքի սառնարանից, Ստեփանակերտի  և  Երևանի  իրացման  բաժիններից: Նշեմ, որ  ԼՂՀ  իշխանությունների  անմիջական  աջակցության,  ընկերության ղեկավարության և տնօրենության կողմից իրականացվող հետևողական աշխատանքի, նոր ներդրումների, առանձնապես ժամանակակից սարքավորումների ներդրման ու արտադրության պայմանների բարելավման շնորհիվ ֆաբրիկան զգալիորեն ավելացրել է իր հզորությունը։ 
Այստեղ տարեկան կարելի է արտադրել 1000-1050տ բրոյլեր հավի միս, մսամթերք և ենթամթերքներ: Ներկա դրությամբ արտադրվում է 800-850տ` պայմանավորված շուկայի պահանջարկով: Նշեմ, որ վերագործարկվելուց հետո առաջին մորթը կատարվել է նոյեմբերի սկզբներին: Որոշ ժամանակահատվածում գործունեության դադարեցման արդյունքում մեր տեղը, հատկապես ՀՀ տարածքի իրացման շուկայում, զգալի զիջել ենք ու խնդիր ունենք կրկին վերականգնել այն: Ընկերության  արտադրանքի  75-80 տոկոսը  ինչպես  նախկինում,  այնպես  էլ ներկա  դրությամբ,  իրացվում է ՀՀ  տարածքում` կապված ԼՂՀ տարածքի  շուկայի  սահմանափակ  հնարավորությունների  հետ: Համոզված կարող եմ ասել, որ կկարողանանք մոտ ժամանակներս աշխատել ամբողջ հզորությամբ:  
- Որտեղի՞ց  եք ձեռք բերում ինկուբացիոն  ձուն, ու ի՞նչ քանակությամբ է այն տեղադրվում:
- Ինկուբացիոն ձուն ձեռք է բերվում ՀՀ Ստեփանավան քաղաքի ՙՓյունիկ՚ ՓԲԸ-ից: Ինկուբացիոն մեկ խմբաքանակի համար ինկուբատորում տեղադրում ենք 32000-35000 ձու՝ կախված դրանց բեղմնավորման աստիճանից: Տեղում հնարավորություն կա միաժամանակ 3 խմբաքանակ տեղադրել: Ներկայումս ինկուբատորն աշխատում է 2 խմբաքանակի տեղադրման գրաֆիկով` 10-15 օրը մեկ: 
- Հավանաբար, սպառողին կհետաքրքրի, թե ինչպիսի կերով են կերակրվում թռչունները, և որտեղից է այն ձեռք բերվում:
 - Թռչունները կերակրվում են համակցված կերով, որի բաղադրության մի մասը ձեռք է բերվում ՀՀ տարածքում, մյուս մասը՝ ԼՂՀ-ում: Հիմնական կերաբաղադրամասերը  եգիպտացորենն ու ցորենն են, որոնք տեղական արտադրանք են, իսկ սոյայի և արևածաղկի շրոտները, ձկան ալյուրը, բուսական յուղը և մի քանի այլ բաղադրամասեր ձեռք են բերվում ՀՀ-ում: Ընկերության ձեռք բերած կերաբաղադրամասերը պահեստավորվում են համապատասխան պահեստներում և ըստ թռչունների տարիքի կազմված կերի չափաբաժինների` կերի արտադրամասում պատրաստվում է համակցված կեր ու տեղափոխվում թռչնանոցներ: 
- Վաճառքն իրականացնող կետերում հանդիպում ենք հավի ու հավի մսի տարբեր տեսականիների: Ինչպիսի՞ տեսականի ունեք:
- Վերջին վերագործարկումից հետո ըներությունն արտադրում է 26 արտադրատեսակներ` թարմ  և սառեցված  վիճակում փաթեթավորված հավ, կես հավ, հավի բուդ, կրծքամիս, թև, վիզ, մեջք, ենթամթերքներ և այլն: Այս ամենը արվում է` հաշվի առնելով իրացման շուկայի պահանջարկը: Կարծում եմ՝ մեր սպառողները գոհ են: Համենայնդեպս` այդ մասին է խոսում օրեցօր արտադրանքի նկատմամբ ավելացող պահանջարկը: Ասեմ, որ բոլոր աշխատանքները ձգտում ենք կատարել հնարավորինս բարձր որակով: Փաթեթավորված արտադրատեսակները տեղափոխվում են համապատասխան սառնարաններ, տեղադրվում արկղերում և պահեստավորվում: Ըստ իրացման բաժինների ներկայացրած պահանջարկի`սառնարանային խցերով կահավորված ավտոմեքենաներով արտադրանքը տեղափոխվում է իրացման բաժինների սառնարաններ, ըստ նախապես ուսումնասիրված պահանջարկի՝ առաքվում մեծածախ և մանրածախ վաճառքի խանութներ, հանրային սննդի օբյեկտներ և այլն: 
Նախատեսվում է նոր կետերի բացում Ստեփանակերտում, այլ բնակավայրերում: 
- Դժվար չէ՞ մեր օրերում շուկայի մրցակցությանը դիմակայելը:
- Դիմակայելու համար պետք է միշտ պատրաստ լինել, ինչը առավելապես արտահայտվում է արտադրանքի որակի ապահովմամբ: Մեր արտադրանքը բնակչության կողմից մեծ պահանջարկ ունի, քանի որ բարձրորակ է։ Մենք ունենք որակյալ մասնագետներ, ովքեր հետևում են այդ ամենին, ինչպես և թռչունների հիվանդությունների կանխմանն ու պատվաստումների ժամանակին իրականացմանը: Սա նշանակում է, որ սպառողին ենք տրամադրում առողջ ու անվտանգ միս ու մսամթերք: Պակաս կարևոր գործոն չէ նաև մատչելի գինը: Նշեմ մի հանգամանք ևս. ֆաբրիկան հագեցած է ժամանակակից տեխնոլոգիայով, ինչն իր հերթին դրականորեն է ազդում արտադրանքի քանակի ու որակի վրա:
- Գաղտնիք չէ, որ այսօր մեր բնակչությանը հուզող կարևորագույն խնդիրներից մեկն էլ աշխատատեղերի հարցն է: Իսկ թռչնաֆաբրիկայի վերագործարկումը նշանակում է նաև նոր աշխատատեղեր, հետևաբար` աշխատավարձ:
- Այո, մեր ընկերությունում այսօր աշխատում են զգալի քանակության մարդիկ` Մարտունի քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչներից. շուրջ 140 հոգի, այդ թվում և առաքման կետերում: Սա նշանակում է, որ նշված քանակի մարդիկ կարողանում են իրենց ընտանիքներն ապահովել օրվա հացով: Մեր աշխատողների շուրջ  կեսը կանայք են: Եթե Պաշտպանության բանակը հիմնականում տղամարդկանց է հնարավորություն տալիս աշխատատեղ ունենալ, ապա այս առումով մեր ընկերությունը լավագույն հնարավորություն է կանանց համար: Արտադրանքի ծավալի ավելացման հետ կապված՝առաջիկայում նախատեսվում է  նոր աշխատատեղեր ու աշխատողների աշխատավարձի բարձրացում: Բայց սա արդեն ժամանակի խնդիր է:
 
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ