... ՈՐ 2019-Ը ԼԻՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԵԼՔԻ ՏԱՐԻ
Ամանորյա հարցազրույց ԱՀ ֆինանսների նախարար Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
- Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին գերատեսչության և անձամբ Ձեզ համար։
- 2018 թվականն ընդհանուր առմամբ կբնութագրեի որպես հաջողված ու դրական տարի: Մեզ հաջողվել է և՜ եկամտային, և՜ ծախսային մասով կատարել կառավարության բյուջեով ստանձնած պարտավորությունները: Ավելին, հանքարդյունաբերության ոլորտի արտադրողականության և միջազգային շուկայում պղնձի գների բարձրացմամբ պայմանավորված, ինչպես նաև հարկային մարմնի հետևողական աշխատանքների իրականացման արդյունքում պետական բյուջեում 8 միլիարդ դրամի չափով եկամուտների ավելացում ունեցանք, որը հնարավորություն ստեղծեց 3 միլիարդ դրամով կրճատել պետբյուջեի դեֆիցիտը, իսկ 5 միլիարդ դրամն ուղղել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, կապիտալ ներդրումների ծրագրով կառավարության առջև դրված առաջնային նշանակության մի շարք օբյեկտների կառուցմանն ու նորոգմանը, շրջաններում բարեկարգման և կոմունալ ծառայությունների գծով նախատեսված ծախսերի ավելացմանն ու տեղական արտադրողներին աջակցությանը:
Անձնական կյանքում ևս տարին դրական էր: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ նույնիսկ ամենադժվար տարին մեզ հնարավորություն է տալիս կուտակել փորձ, որը կարող ենք օգտագործել հաջորդ տարիներին և ավելի մեծ հաջողություններ գրանցել ապագայում:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր տարում։
- Ակնկալիքները բավականին շատ են. ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն 2019 թվականին, դրանց թվում են գնումների ընթացակարգերի արդյունավետության բարձրացումն ու թափանցիկության ապահովումը, հարկային օրենսգրքի մշակումը, էլեկտրոնային կառավարման համակարգի շրջանակների ընդլայնումը, գանձապետական համակարգի բարեփոխումները և այլն:
- Որտե՞ղ եք դիմավորելու Ամանորը։
- Նոր տարին դիմավորելու եմ տանը՝ ընտանեկան մթնոլորտում։
- Ամանորի հետ կապված ի՞նչ ավանդույթներ կան Ձեր ընտանիքում։
- Ամանորը սիրում և նրան անհամբերությամբ սպասում են բոլորը։ Այն եզակի տոներից է, որ նշում են ողջ աշխարհում ազգային տարբեր ավանդույթներով, բայց խորհուրդը մեկն է՝ ճանապարհել հին տարին և ուրախությամբ դիմավորել նորը։ Եվ ինչպես շատ հայկական ավանդական ընտանիքներում, մեր ընտանիքում ևս կարևորում ենք ընտանիքի` մեկ սեղանի շուրջ հավաքվելու խորհուրդը: Սիրում ենք հավաքվել հարազատներով, ընկերներով հյուր գնալ, հյուրեր ընդունել։
- Ձեր բարեմաղթանքները Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։
-Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, և ես մաղթում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից։ Շնորհավորում եմ բոլորին գալիք տոների կապակցությամբ և մաղթում, որ 2019 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության և տնտեսական վերելքի տարի: Ցանկանում եմ, որ գալիք տարում յուրաքանչյուր հայ ընտանիք վայելի բարեկեցիկ ապրելու բերկրանքը:
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ