ՀԱՍՏԱՏՎԵՑ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԸ
ԱՀ կառավարությունը հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար ԱՀ քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման նոր կարգ է հաստատել։ Պահպանելով նախկին արտոնությունները՝ գործադիրը աջակցության նոր ձևեր է առաջարկում։
Ընդունվող փոփոխության վերաբերյալ կառավարության փետրվարի 1-ի նիստում հանդես է եկել ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը։ Նախարարի խոսքով, կարգում կատարված փոփոխությունների նպատակն է Արցախի Հանրապետության քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնել բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը:
ՙՏարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափն ավելացվում է՝ ընտանիքում յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով վարկի տարեկան տոկոսադրույքի 5 տոկոսի չափով։ Նոր որոշումը կկարգավորի ԱՀ քաղաքացիների կողմից Արցախի տարածքում բնակարաններ, բնակելի տներ գնելու, կառուցելու, վերանորոգելու նպատակով տրամադրվող պետական ֆինանսական աջակցության իրավական հիմքերի, սկզբունքների, ձևերի և ֆինանսավորման մեխանիզմների հետ կապված հարաբերությունները՚,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:
Հիփոթեքից օգտվելու համար հանվել է նաև պարտադիր հաշվառման և փաստացի բնակության ժամանակային սահմանափակումը։
Անդրադառնալով հարցին` Նախագահ Բակո Սահակյանը կարևորեց այն, նշելով, որ կառավարության կողմից ընդունվող որոշմամբ բարելավվում են սույն ծրագրով իրականացվող պետական աջակցությամբ գործող պայմանները:
ՙՈւղղված լինելով քաղաքացիների վարկային բեռի թեթևացմանը և գործընթացի պարզեցմանը, նշված պայմաններն ավելի գործուն են դարձնում հատկապես երիտասարդ, աճող ընտանիքների մասնակցությունը ծրագրին: Այդ գործընթացին կնպաստի նաև ընթացիկ տարում Ստեփանակերտում բնակարանաշինության երկու խոշոր ծրագրերի մեկնարկը: 2019 թվականին միջոցներ կձեռնարկվեն գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման համար գործող ծրագրերով սահմանված պետական աջակցության պայմանների բարելավման ուղղությամբ: Մի շարք ծրագրեր և միջոցառումներ են իրականացվելու սոցիալական պաշտպանության և վերաբնակեցման ոլորտում, որոնց նպատակն է նպաստել քաղաքացիների սոցիալական իրավունքի լիարժեք և ամբողջական իրացմանը, մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության և հասցեականության բարձրացմանը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովմանը և վերաբնակեցման գործընթացի ակտիվացմանը՚,- ասել է երկրի ղեկավարը։
Նախագահը նշել է, որ սոցիալական ոլորտը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում երկրի զարգացման օրակարգում: Ինչպես միշտ, անցած տարի ևս պետության հատուկ ուշադրության կենտրոնում էր սոցիալական խոցելի խավերի, հատկապես զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ և անապահով ընտանիքների կյանքի որակի բարելավումը:
Բնակարանային խնդիրներին Նախագահն անդրադարձավ նաև կապիտալ ներդրումների և սոցիալական խմբերին վերաբերող մեկ այլ ծրագրի մասին խոսելիս։ Բ. Սահակյանն ասաց, որ այս տարվանից սոցիալական առանձին խմբերի բնակարանային հարցերի լուծումը կվերապահվի շրջանային վարչակազմերին և Ստեփանակերտի քաղաքապետարանին։
ՙ2018-ին ԱՀ կառավարության կողմից իրավական դաշտում հստակեցվել է նշված սոցիալական խմբերում ընդգրկված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին բնակելի տարածք տրամադրելու և վերանորոգելու հարցը: Այդ գործառույթներն իրականացնելիս շրջանների վարչակազմերը և Ստեփանակերտի քաղաքապետարանը պետք է գործեն՝ համաձայն համապատասխան իրավական ակտով սահմանված դրույթների: Անցած տարի զոհված ազատամարտիկների, Արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամների, բազմազավակ ընտանիքների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և այլ սոցիալական խմբերի պատկանող ընտանիքների համար կառուցվել են 65 բնակելի տներ, գնվել 24 և վերանորոգվել 218 բնակարան և բնակելի տուն՚,- մանրամասնել է Բ. Սահակյանը:
Այս և մյուս բոլոր հարցերում Նախագահն ակնկալում է պետական պաշտոնյաների անաչառությունն ու գործընթացի թափանցիկությունը։