ՀԵՐԹԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ
Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Քարվաճառ
Լիբանանցի գործարարների հետ քննարկվել են Շահումյանի շրջանի զարգացման ծրագրեր
ՙԼիբանանում հանդիպել եմ մի շարք գործարարների, որոնց հետ քննարկվել են Շահումյանի շրջանում զարգացման, ներդրումային տարբեր հնարավոր ծրագրեր՚. ամփոփելով Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարած պատվիրակության կազմում Լիբանան կատարած ուղևորության արդյունքները՝ մեզ հետ զրույցում նշեց Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ այցելության ընթացքում հանդիպումներ են եղել Լիբանանում գործող հայկական ավանդական կուսակցությունների, կրոնական կառույցների ղեկավարների հետ։ Եվ, իհարկե, հանդիպել են Արամ Առաջին կաթողիկոսին՚,- նշեց Գագիկ Մարտիրոսյանը։
Խոսելով հատկապես Շահումյանի շրջանին վերաբերող ծրագրերից ու ձեռք բերված պայմանավորվածություններից՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ըստ ՙԱՐԻ՚ հիմնադրամի հետ ստորագրած պայմանագրի՝ ապրիլ ամսին Քարվաճառում կտրվի 15 բնակելի տան կառուցման ծրագրի մեկնարկը։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ավստրալահայ բարերարների ներդրումների շնորհիվ։
Խոսելով այլ ծրագրերից՝ Գագիկ Մարտիրոսյանը նշեց, որ գործարար, ՙԳարդենիա Գրեյն Դոր՚ ընկերության հիմնադիր Նիկոլա Ժորժ աբու Ֆեյսալի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ ՙԳործարարն զբաղվում է պահածոների, համեմունքների արտադրությամբ, ընկերությունն սպասարկում է ավելի քան 1000 ռեստորանների։ Քննարկվել են Արցախում պտղատու այգիներ հիմնելու, արտադրություն սկսելու ծրագրեր՚,-տեղեկացրեց մեր զրուցակիցը։
ՙԱյլ հանդիպումների ժամանակ ևս գործարարներին ներկայացրել եմ Շահումյանի շրջանի զբոսաշրջային, գյուղատնտեսական ներուժը, նրանց հրավիրել եմ շրջան՝ տեղում տեսնելու, ուսումնասիրելու՚,-ընդգծեց Գագիկ Մարտիրոսյանը։
Նշենք, որ անասնապահության զարգացման նպատակով այս տարի նախատեսվում է շրջանում կառուցել անասնաբուժական կայան՝ լաբորատորիայով։
Գագիկ Մարտիրոսյանն առանձին հանդիպումների ժամանակ գործարարներին ներկայացրել է նաև այն հարկային արտոնությունները, որոնք կարող են տրամադրվել Շահումյանի շրջանում ներդրումներ իրականացնողներին։ Ի դեպ, այդ արտոնությունների վերաբերյալ նախօրոք պայմանավորվածություն կա երկրի ղեկավարության հետ՚։
Տարբեր հանդիպումների ժամանակ խոսվել է նաև կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության մասին, ստորագրվել են կարևոր հուշագրեր։
ՙՍա ճանաչողական այց էր, որից հետո ըստ ոլորտների կլինեն հստակ ծրագրեր՚,-վստահեցրեց շրջանի ղեկավարը։
;