ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՋՈՂՎԱԾ ՕՐԻՆԱԿ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հանրապետությունում իրականացվող ներդրումային ծրագրերի մասին վերջին շրջանում խոսվել է բազմիցս, ծրագրեր, որոնց շնորհիվ պիտի ստեղծվեին նոր ձեռնարկություններ, ընդլայնվեին գործողները` ապահովելով նոր աշխատատեղեր: Պետք է նշել, որ թեթև արդյունաբերության ոլորտում այդ ծրագրերի մի փոքր մասն է միայն իրականություն դարձել, որում առանձնակի նշանակություն ունի բնագավառի երբեմնի հսկայի՝ ՙՂարմետաքսկոմբինատի՚ վերագործարկման հաջողված փորձը: Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության և աջակցության արդյունքում դեռևս 2013թ. ստեղծված ՙՄետաքսկոմբինատ՚ ՍՊԸ-ն վերջին ժամանակաշրջանում, կարծես, դինամիկ աճ է ապահովել՝ դառնալով լուրջ նախադեպ հետագա նույնօրինակ ծրագրերի համար։ Պետական միջոցներով վերանորոգված շենքը խորհրդանշական վարձավճարով տրամադրվել է տարբեր ընկերությունների։ Տրամադրելով արտադրական տարածք՝ պետությունն ի սկզբանե նաև նկատելի կրճատել է ընկերությունների կապիտալ ծախսերը։
Գաղտնիք չէ, որ հանրապետությունում գործող ձեռնարկությունները հիմնականում ապահովում էին տղամարդկանց զբաղվածությունը, իսկ այս ձեռնարկը կանանց զբաղվածության խնդիրը մասնակիորեն լուծելու լուրջ հնարավորություն էր։
ՙՀումքից մինչև վերջնական արտադրանք՚ շղթա նախատեսող ու տեղական արտադրության ընդլայնման ու զբաղվածության խնդրի լուծման նպատակով ստեղծված բիզնես-կենտրոնի գործունեությունն այսօր էլ պետական աջակցությամբ է ուղեկցվում: ՙՄետաքսկոմբինատում՚ գործող ընկերությունները ներկայում ապահովում են շուրջ 500 աշխատատեղ: Այստեղ մի հարկի տակ հավաքվել են 7 փոքր և միջին ձեռնարկատիրական սուբյեկտներ՝ դառնալով պետություն-մասնավոր հատված փոխգործակցության հերթական հաջողված օրինակը հանրապետությունում:
Աշխատատեղերի քանակի առումով առավել ուշագրավներից է ՙԳև գրուպ՚ ընկերությունը, որը հիմնականում զբաղվում է տեքստիլ արտադրությամբ։ Ընկերության տնօրեն Վահե Իսրայելյանի տեղեկատվությամբ` արտադրամասը գործում է 2013թ. դեկտեմբերից: Սկզբում հիմնականում թողարկում էր շապիկներ, կիսավարտիքներ, սավաններ և այլն: Երեք տասնյակի չափ աշխատողներով արտադրական գործունեություն ծավալած կազմակերպությունն այսօր 70 աշխատող ունի: Թողարկած արտադրանքի հիմնական սպառողը Պաշտպանության բանակն է: Ըստ ընկերության ղեկավարի` ծրագրված է արտադրության ծավալների ավելացում, քանի որ վերջին տարում այստեղ նաև զինվորական արտահագուստ է կարվում: Ներկայում արտադրամասը դերձակների կարիք ունի: Նաև քաղաքացիական պատվերներ են ստանում: ՙՏարվա մեջ լինում են դեպքեր, երբ ՊԲ-ի պատվերներն ավարտվում են, և մենք, որպեսզի աշխատողները հարկադիր պարապուրդի չմատնվեն, քաղաքացիական արտադրանք ենք թողարկում: Պատվիրատուն շատ դեպքերում տրամադրում է արտադրանքի տեխնիկական մոդելն ու դիզայնը, ինչպես նաև վերահսկողություն է սահմանում վերջնական արտադրանքի որակի վրա՚,-նշեց մեր զրուցակիցը: Հումքը հիմնականում ներկրվում է ՀՀ-ից` տեքստիլ արտադրության ոլորտում առաջատար համարվող Գյումրիից: Բացի այդ, Վ. Իսրայելյանի խոսքով, կապված պատվիրատուների պահանջի հետ, երբեմն նաև արտերկրից են կտոր ներմուծում: Աշխատողների մեծ մասը միջին տարիքի կանայք են: Վերջին տարիներին ավելի շատ երիտասարդ աղջիկներ են դիմել աշխատանքի ընդունվելու համար: Դերձակի մասնագիտությունն այսօր պահանջվածների շարքում է, իսկ այստեղ սկսնակները վարպետանալու, մասնագիտական հմտությունները զարգացնելու լայն հնարավորություն են ստանում: ՙՏրիկոտաժի հետ աշխատելն ունի իր նրբությունները: Այստեղ շատ արհեստավարժ դերձակների ընդգրկմամբ նոր աշխատուժի մասնագիտական բազային ուսուցման, ինչպես նաև բանվորների վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ ենք կազմակերպում,-տեղեկացնում է ընկերության ղեկավարը: -Ծրագրում ենք առաջիկայում արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ 20 նոր աշխատատեղ բացել՚: Վ. Իսրայելյանը նաև հավելում է, որ աշխատավարձով ապահովվում են նաև ուսուցանման փուլում գտնվող սկսնակները: Դերձակ-մոդելավորող Ալլա Ֆելյանն արդեն 5 տարի է, աշխատում է ընկերությունում, մինչ այդ 15 տարի զբաղվել է դերձակությամբ: ՙՄեր աշխատանքը գործավարձային է՝ որքան շատ աշխատեցիր, աշխատավարձդ այնքան բարձր կլինի: Աշխատանքային պայմանները հարմար են: Ունենք մեծ թվով կանայք, որոնք անընդհատ գործազրկությունից են խոսում ու, որևէ մասնագիտության չտիրապետելով, անպայման գրասենյակային հեշտ աշխատանք են պահանջում: Իմ կարծիքով, նրանք պետք է այս գործին ուշադրություն դարձնեն, որովհետև կար անելը ցանկացած կնոջ համար հեշտ յուրացվողներից է: Մեզ մոտ ծույլեր չկան, գիտեն, որ հիմնականում զինվորի համար են աշխատում ու պետք է որակով աշխատել՚: Մերի Հակոբյանը 35 տարեկան է, արդեն երեք տարի է` աշխատում է ՙԳև Գրուպում՚: Առաջին անգամ կարի մեքենայի մոտ նստել է այստեղ, հիմա որակյալ դերձակներից է: Նրա խոսքով` երբեմն աշխատավարձերի վճարման հետ կապված դժվարություններ ծագում են տարեսկզբին: Հետագայում խնդիրը հարթվում է:
Ըստ կազմակերպության ղեկավարի` ընկերության հիմնադիր Ա. Մալխասյանի նախաձեռնությամբ, տարեցտարի կատարելագործվում են ինչպես կարի, այնպես էլ նախապատրաստական ու ձևման արտադրամասերի տեխնոլոգիական գործընթացները։ Նման արտադրամասերի հիմնումը միայն աշխատատեղերի ստեղծում չէ` համոզված է Վ. Իսրայելյանը: ՙՊետությունը մեզ օգնել է, մենք դա փոխհատուցում ենք վճարվող հարկերով ու այլ տուրքերով, սակայն միայն դա չէ այս բիզնես-կենտրոնի ու արտադրամասի բերած օգուտը, նման ձեռնարկները շոշափելի դրական ազդեցություն կարող են ունենալ երկրի տնտեսական զարգացման վրա, և որքան շատ լինեն նման արտադրամասերը, այնքան կշահենք բոլորս՚,-ասում է նա: