ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ԱԿՏԻՎ ՇՐՋԱՆ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
Ամառային տարեշրջանը Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային ժամանակացույցում լրացուցիչ հավելումներ է կատարում։ Չոր եղանակային պայմաններն ու օդի բարձր ջերմաստիճանը պարարտ միջավայր է տարատեսակ վնասակար մանրէների զարգացման համար, ինչը, բնականաբար, չի շրջանցում սննդամթերքի անվտանգության ոլորտը, որի աշխատակից-տեսուչներին, տարվա այս ժամանակահատվածում, առավել քան երբևէ, աշխատանքը բավականացնում է:
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ մեր զրույցը լայն սպառում ունեցող սննդամթերքի անվտանգության ռիսկերի պահպանման և օգտագործման կանոնների առանձնահատկությունների շուրջ է։
- Պրն Ներսիսյան, ի՞նչ առաջնահերթություններ և առանձնահատկություններ ունի ծառայության աշխատանքը տարվա այս ժամանակահատվածում։
-Ընդհանրապես մեր գործառույթները՝ շրջայցեր , վերահսկողություն և այլն, իրականացնում ենք տարեսկզբին հաստատված աշխատանքային պլանի համաձայն:Այդուհանդերձ, լինում են ժամանակահատվածներ, երբ առաջնորդվում ենք օրվա հրամայականով։ Ամառային ժամանակահատվածում, երբ իրացման շուկայում լայն սպառում են ստանում ձմերուկն ու սեխը, միաժամանակ հասունանում է դրանց նիտրատների չափաքանակի ստուգման և թույլատրելի պայմաններում վաճառելու ուժեղացված վերահսկողության պահանջը։ Բացի այդ, ամռան ժամանակաշրջանում մեր աշխատանքում լրացուցիչ կարևորություն է ստանում վաճառակետերում կենդանական ծագման սննդամթերքի, օրինակ՝ կաթնամթերքի պահման և պիտանիության ժամկետների նկատմաբ վերահսկողությունը։
-Որքանո՞վ է հաջողվում արդյունավետ իրագործել այդ վերահսկողությունը և ինչպե՞ս։
- Հարկ է նշել , որ ձմերուկի և սեխի նիտրատների քանակի նկատմամբ վերահսկողությունն սկսվում է դեռևս մշակման փուլում։ Մեր աշխատակիցները հանդիպում են այդ պտղատեսակների մշակմամբ զբաղվող հողօգտագործողների հետ՝ նիտրատների քանակի կարգավորման և նվազեցման ագրոկանոնների վերաբերյալ խորհրդատվություններ և ուղեցույցեր տրամադրում: Ձմերուկի և սեխի իրացման շուկայում սննդամթերքի անվտանգության ծառայության տեսուչների վերջին շրջայցերի արդյունքները վկայում են, որ մեր կանխարգելիչ միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել։ Տեղական արտադրանքում նիտրատների քանակը չի գերազանցել թույլատրելի շեմը: Նույնը չի կարելի ասել ներկրված ձմերուկի և սեխի դեպքում։ Ինչ վերաբերում է կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության կանոնների պահպանման նկատմաբ վերահսկողությանը , ապա այն ևս մի քանի փուլերով է անցնում ՝ սկսած արտադրական գործընթացից։ Մեր պարբերական շրջայցերից բացի այդ արտադրամասերում գործում է նաև ներքին վերահսկողական մեխանիզմ՝ ապրանքատեսակների փորձաքննության ձևաչափով համապատասխան լաբորատորիաների հետ կնքված պայմանագրերի շրջանակում։ Այսպես, օրինակ, կաթնամթերքն այս ժամանակահատվածում իրացման շուկա է ուղարկվում կարճաժամկետ (ըստ ապրանքատեսակների` 3-5 օրը մեկ) կտրվածքով փորձաքննության ենթարկվելուց հետո միայն։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում մեր շրջայցերի արդյունքները վկայում են , որ կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության պահանջների խախտումներն էապես նվազել են նախորդ տարիների համեմատ։
- Ամառը սննդամթեքի անվտանգության պահպանման ոլորտում առանձնահատուկ է նաև նրանով , որ մանկապարտեզներին գումարվում են նաև ճամբարները.
-Այո, այս ժամանակահատվածում մեր վերահսկողության թիրախ ենք համարում ոչ միայն նախադպրոցական հաստատությունները, այլ նաև դպրոցական ճամբարները։ Արդեն բացվել են մի շարք ճամբարներ: Առաջին իսկ օրվանից կազմակերպել ենք այցելություն ճամբարներ՝ մեթոդական ցուցումներ ներկայացնելով և’ կազմակերպիչներին, և’ ճամբարի մասնակիցներին սննդամթերքի պատրաստման, պահման, անվտանգության փաստաթղթերի առկայության և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման վերաբերյալ։ Ի դեպ, ճամբարային կազմակերպիչների հետ առաջին տարին չէ , որ աշխատում ենք։ Արդյունքում մեր վերջին ստուգումը վկայում է , որ սննդի շղթայում ընդգրկված անձնակազմը համապատասխան բուժզննում է անցել, իսկ սանիտարահիգիենիկ պայմանները համահունչ են սննդամթերքի անվտանգության պահանջներին։ Բացի այդ, կազմակերպված դասընթացի մասնակիցներին բաժանել ենք սպառողի ուղեցույցներ, որտեղ մանրամասն տեղեկատվություն է տրամադրվում այս կամ այն սննդամթերքը գնելու դեպքում իրենց իրավունքների մասին։
-Այս օրերին լայն սպառման սննդամթերքի շարքը կարելի է դասել նաև պաղպաղակը։ Ինչպիսի՞ հավանական վտանգներ է պարունակում քաղցրահամ ու զովացուցիչ այս սննդատեսակը։
-Պաղպաղակը նույնպես հանդիսանում է կենդանական ծագման սննդամթերք, բնականաբար, պարունակում է նույն ռիսկերը, ինչպես այս շարքին դասվող մյուս ապրանքատեսակները։ Օդի բարձր ջերմաստիճանով պայմանավորված, պաղպաղակի դեպքում նույնպես պետք է խստագույնս ուշադրություն դարձվի պիտանիության ժամկետներին, պահպանման, տեղափոխման պայմաններին և, ընդհանրապես, սննդամթերքի անվտանգության բոլոր պահանջներին, որոնք չպահպանելու դեպքում ամառային շրջանում այս սննդատեսակը կարող է վտանգել առողջությանը։
Անվտանգության պահպանման կանոնների խախտմամբ սննդամթերքի հավանական, մեղմ ասած, տհաճ հետևանքներից զերծ մնալու համար սննդամթերքի անվտանգության ծառայության պետը սպառողներին հորդորում է խուսափել փողոցում, անմիջապես արևի ճառագայթների ներքո վաճառվող սննդամթերքից, ուշադիր լինել ապրանքատեսակի պիտանելիության ժամկետին, ինչպես նաև հետևել սննդամթերքի պատրաստման և պահման անվտանգության պահանջներին նաև տանը , օրինակ, տարատեսակ ամառային աղցանների դեպքում։