ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ԻՆՏԵՆՍԻՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Գյուղատնտեսության գիտագործնական խորհրդաժողովի՝ հոկտեմբերի 8-ին Ասկերանում կայացած նիստը ոռոգման համակարգերին ու նոր տեխնոլոգիաներին էր առնչվում։ Այն մինչ այդ կայացած նիստերից թերևս ամենաակտիվն էր. հրավիրված մասնագետները ներկայացրին ոլորտի զարգացման իրենց տեսլականը, առաջարկները, իսկ երկրագործությամբ զբաղվողները՝ հարցերն ու մտահոգությունները։ Ոլորտը չափազանց կարևոր է, քանի որ առանց ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման ցանկալի արդյունք ոլորտի, հատկապես՝ երկրագործության զարգացման առումով, ստանալ և մարտահրավերներին դիմակայել անհնար կլինի։
Բացման խոսքով հանդես է եկել գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը։ Ներկա էին ոլորտի այլ պատասխանատուներ, Ասկերանի և Քարվաճառի շրջվարչակազմերի ղեկավարներ Հ. Ղահրամանյանն ու Գ. Մարտիրոսյանը, հողօգտագործողներ, մասնագետներ։ Գյուղատնտեսության փոխնախարար Համլետ Ապրեսյանը ներկաներին ծանոթացրել է հանրապետությունում ոլորտի պետական քաղաքականությանը, բնագավառի արդի վիճակին։ Նա թվարկել է մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տարվող քայլերով էլ պայմանավորված է լինելու ոլորտի հետագա զարգացումը։ Նախ, ինչպես նշեցին և՜ գյուղոլորտի պատասխանատուները, և՜ հրավիրված մասնագետներից ՀՀ ԳԱԱ դոկտոր, պրոֆեսոր Ռ. Մինասյանը, Արցախի ջրային պաշարների երկրաբանական հետազոտությունների մակարդակը բավականին թույլ է, և այդ բացը պետք է լրացվի։ Պրոֆեսոր Մինասյանի զեկույցը հենց նվիրված էր Արցախի ջրային ռեսուրսներին և դրանց օգտագործման արդյունավետությանը։ Նա իր հետ բերել էր ԱՀ տարածքում ջրաերկրաֆիզիկական ուսումնասիրությունների և ջրաբանա-ջրաերկրաբանական դիտարկումների հիման վրա ստորերկրյա ջրերի որոնման, դրանց տարածական բաշխվածության քարտեզագրման նախագիծ, որով առաջարկվում է ստորերկրյա ջրերի հայտնաբերման ուսումնասիրությունների ծառայություն Արցախի բոլոր շրջաններում։ ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող, դոկտոր, պրոֆեսոր Ա. Սարուխանյանն անդրադարձել է լեռնային գետերի ջրընդունիչ կառուցվածքների առանձնահատկություններին ու շահագործման կանոններին, ջրամատակարարման և ոռոգման համակարգերում ջրային կորուստների նվազեցման կամ չեզոքացման ուղիներին։
Խոսելով Արցախում ոռոգման համակարգի խնդիրների մասին, փոխնախարար Հ. Ապրեսյանն առաջնային է համարել հին ջրանցքների նորոգումն ու ջրամբարների կառուցումը։ ՙԽորհրդային տարիներին կառուցվել են ջրային ոռոգման համակարգեր, որոնք սպասարկում էին մեկ ընդհանուր տարածք։ Այդ տարածքները հիմա բաժանվել են 150-ից ավելի սեփականատերերի միջև, և յուրաքանչյուր սեփականատեր ինքն է որոշում ինչպիսի մշակաբույս ցանել։ Հասկանալի է, որ դրանցից յուրաքանչյուրն ունի ջրման իր նորման ու ռեժիմը,-ասել է նա։- Հետևաբար, հին ջրամբարները չեն կարող բավարարել արդի պահանջները, ուստի անհրաժեշտ է ջրանցքների ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում։ Իսկ քանի որ հուլիս-օգոստոս ամիսներին գետերն Արցախում սակավաջուր են դառնում, անհրաժեշտ ենք համարում ջրամբարների կառուցումը՚։ Արցախում անցում են կատարում կաթիլային խնայողական համակարգերին։ Ներկայում հանրապետության տարածքում 1060 հա այգիներ, նաև՝ ծխախոտի ու բանջարանոցային տարածքներ ոռոգվում են հենց նման համակարգերով։ ՙԱգրիԱրտ՚ ՍՊԸ հիմնադիր Հ. Ջավադյանը ներկայացրեց կաթիլային ոռոգման համակարգերի առանձնահատկություններն ու արդյունավետությունը։ Ճիշտ է, դրանց նկատմամբ որոշ վերապահումներ ուներ ՙՎոթեր պրոջեքթ՚ ընկերության տնօրեն Հ. Հակոբյանը։ Նրա կարծիքով, առավել արդյունավետ կլինի մայր ջրանցքներ կառուցել հիմնականում մակերևութային ջրերից՝ գետերից։
Խնդիրները ոլորտում դեռևս շատ են, քննարկումներն էլ բուռն էին, կարծիքները՝ երբեմն իրար հակասող ու լրացնող։ Ամեն դեպքում պարզ է, որ առանց ոռոգման համակարգում առկա խնդիրների լուծման, գյուղոլորտի լուրջ առաջընթաց ակնկալելն անիմաստ է։ Գերատեսչության պատասխանատուները, վկայակոչելով ՀՀ և միջազգային փորձը, վստահեցնում են. եղանակը, որ ընտրվել է Արցախում ոռոգման համակարգը բարելավելու համար, արդյունավետ է և արդեն իսկ տալիս է առաջին արդյունքները։ ՙՄեր կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ արձանագրվել է բերքի որակի և քանակի ավելացում։ Արցախում արդեն իսկ ունենք 80-ից ավել խորքային հորեր։ Տարեցտարի ավելանում են կաթիլային ոռոգման համակարգերով ոռոգվող այգիներն ու դաշտերը։ Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրով նախատեսվում է հանրապետությունում ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաներով ոռոգվող այգիները հասցնել 5000 հա-ի՚,- մասնավորապես ասել է Հ. Ապրեսյանը։