2019-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ
2019 թվականին Հադրութի շրջանում կատարված աշխատանքների մասին կիսվեցինք վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանի հետ։
- Պարոն Պետրոսյան շրջանը կայուն զարգացում է ապրում, նախ խոսենք ձեռքբերումներից, ապա` նաև հեռանկարներից։
- Շրջանի զարգացման կարևոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում ենք հացահատիկայինների մշակությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։ 2019 թվականի բերքի տակ կատարվել է 15666 հա աշնանացան մշակաբույսերի ցանքս, որից 4955 հա ցորեն, 10711 հա գարի։ Բնական աղետներից տուժել է 139 հա, իսկ հրդեհներից 662 հա։ Հնձի ենթակա 14884 հա տարածքներից ամբարվել է 26662 տոննա համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 17,5 ցենտներ։ 2020 թվականի բերքի տակ կատարվել է 15268 հա հերկ, որից 930 հա հողօգտագործողների կողմից թողնվել է սև ցելի տակ։ Կատարվել է 13870 հա հացահատիկայինների ցանքս, որից 3018 հա ցորեն, 10862 հա գարի։ Եթե աշնանացան մշակաբույսերի արդյունքները կարելի է բավարար համարել, ապա նույնը չի կարելի ասել գարնանացան մշակաբույսերի մասին։ Երկարատև երաշտի հետևանքով բերքահավաք չի իրականացվել 450 հա գարնանացան ցանքսերում, իսկ բերքահավաքի ենթակա 650 հա-ից բավարար բերք չի ստացվել։ 2020 թվականի բերքի տակ գարնանացան իրականացնելու նպատակով հայտ է ներկայացվել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն պահանջվող սերմերը ձեռք բերելու համար, ինչպես նաև 34 հա նռան և 4 հա ընկույզենու տնկիներ համար։ Խոտհարքի և կերահանդակների ընդլայնման նպատակով ևս հայտ է ներկայացվել սերմեր ձեռք բերելու համար, որի ֆինանսավորումն արդեն իրականացվում է։ Գյուղատնտեսության զարգացման լայն հեռանկարներ կան Արաքսի հովտում։ ՙԱրաքս-գոտի՚ ընկերության վարձակալված տարածքներում հիմնադրվել է Արցախում նորություն հանդիսացող Վանդերֆուլ սորտի 120 հա նռան այգի, ընթացքի մեջ են 13 հա պտղատու այգու մշակության աշխատանքները։ Չորացած ծառերի փոխարեն դրվել են 2600 հատ նոր տնկիներ։ Զգալի աշխատանքներ են իրականացվում ոռոգման համակարգի արդիականացման ուղղությամբ։
-Շրջանի զարգացման կարևոր ճյուղ է կապիտալ շինարարությունը, այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։
- Կապիտալ շինարարության ուղղությամբ տարվող աշխատանքները տեսանելի են։ Շրջանում պետական բյուջեի, բնակչության սեփական միջոցներով, հիփոթեքային վարկավորմամբ, բարերարների և հիմնադրամների միջոցներով կառուցվում են շուրջ 146 տարբեր բնույթի և նպատակի օբյեկտներ։ Մշտական ուշադրության կենտրոնում ենք պահել բնակարանաշինության ուղղությամբ տարվող աշխատանքները, դիտելով այն որպես շրջանի ժողովրդագրական վիճակի բարելավման կարևոր պայման։ Շրջանի տարբեր համայնքներում նախատեսված է կառուցել 29 բնակելի տուն, հիմնականում բազմազավակ ընտանիքների համար։ 2019 թվականին Մայրամաձոր, Կարմրակուճ, Տումի, Խծաբերդ համայնքներում ընթացքի մեջ էր 7 բնակելի տների շինարարությունը։ Զոհված ազատամարտիկների ընտանիքների և 1-ին կարգի արցախյան գոյամարտի հաշմանդամների բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 80 մլն դրամ, որով իրականացվել են բնակելի տների վերանորոգման, բնակարանների գնման և փոխհատուցման աշխատանքներ։ Բնակարանների վերանորոգման նպատակով կարիքավոր ընտանիքներին հատկացվել է 110,8 խոր. մետր շինափայտ, 18778,3 քառ. մետր թիթեղ, 201 տոննա ցեմենտ։ Կարևոր տեղ ունի նաև շրջանում տեղական նշանակության ճանապարհների վերանորոգումն ու շահագործումը։ ՙԴիզակշին՚-ի կողմից կատարվել են 218,3 կմ ճանապարհների վերանորոգման աշխատանքներ։ Ազոխ, Մեծ Թաղեր, Թաղուտ, Հակակու, Ակնաղբյուր, Ջրակուս, Ուխտաձոր համայնքներում և Հադրութ քաղաքում կատարվել է 6265,4 քառ. մետր սալահատակման աշխատանքներ։ Զգալի աշխատանքներ են տարվել փողոցների լուսավորության ուղղությամբ։ Բոլոր համայնքներին հատկացվել է նոր ժամանակակից լուսատուներ։ Տումի և Ջրակուս համայնքներում կառուցվում են ներքին ջրատար ցանցերը։ Ուշադրության կենտրոնում ենք պահել նաև կրթական և մշակույթի օջախների վերանորոգման, նրանց հագեցվածության հարցերը։ Նախատեսվում է 2020 թվականին կառուցելու Թաղուտի դպրոցի շենքը։ 2020 թվականին Հադրութ քաղաքում կսկսվի 320- տեղանոց հանդիսությունների տան շինարարությունը։
- 2019 թվականը շրջանում կարևորվում է նաև արտաքին կապերի ակտիվացմամբ։ Այդ համատեքստում ի՞նչ ծրագրեր կառանձնացնեք։
- Սույն թվականի սեպտեմբերի 20-ին Ֆրասիայի Հանրապետության Իզեր նահանգի և Հադրութի շրջանի միջև ստորագրվեց բարեկամության հռչակագիր։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գրենոբլ քաղաքում Իզերի նահանգապետարանի դահլիճում։ Հռչակագիրը ստորագրվել է Իզերի նահանգային խորհրդի նախագահ Ժան Պիեռ Բարբիենի և իմ կողմից։ Արարողությանը մասնակցում էին ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհանես Գևորգյանը, այդ տարածքում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, այլ անձիք։ Հադրութը բարեկամական կապեր ունի նաև Ֆրանսիայի Վիեն և ԱՄՆ Բըրբանք քաղաքների հետ։ Սույն թվականի հոկտեմբերին Հադրութի շրջան են այցելել Իզերի դեպարտամենտի փոխնախագահ, Վիենի փոխքաղաքապետ Պատրիկ Կուրտուդը, Կալիֆոռնիայի նահանգի գործադիր մարմնի անդամ Էնթենի Փորթանթինոն, Իսլանդիայի և Միչիգանի քաղաքային խորհրդի անդամ Սարոն Ստիֆընսը, Ջորջիա նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Դեբրա Բելգմորը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի անդամներ Սիլվա Քեչիչյանը, Սարգիս Աղա Սարգսյանը և Զարուգ Չիլինգարյան-Բալթանջյանը։ 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին նախատեսվում է Իզերի նահանգի նահանգապետի այցը Հադրութի շրջան։
- 2020 թվականի շրջանի զարգացման Ձեր տեսլականը։
- Ցանկանում եմ ունենանք այնպիսի հնարավորություններ, որ կարողանաք լուծել մեր շրջանի բնակիչների կողմից բարձրացված յուրաքանչյուր խնդիր։ Թող 2020 թվականը լինի միայն խաղաղ, ստեղծագործ աշխատանքի տարի։