ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՋԵՐՄՈՑ
Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Քարվաճառ
Քարվաճառ շրջկենտրոնում վերջերս շահագործման հանձնված ուսումնական ջերմոցը կառուցվել է Awesome Foundation Արցախի դրամաշնորհով։ Միջոցառման առթիվ Քարվաճառում էին Awesome Foundation հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամներ։
Դպրոցի հարևանությամբ կառուցված ջերմոցը դիտելուց, կատարված ու կատարվելիք աշխատանքներին ծանոթանալուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները Քարվաճառի դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին ներկայացրին արդեն ընտրված ու ֆինանսավորված նախորդ նախագծերը, ինչպես նաև՝ հիմնադրամին դիմելու կանոններն ու հնարավորությունները՝ քաջալերելով Քարվաճառի դպրոցականներին նոր ու ստեղծագործ նախագծերով դիմել հիմնադրամին։
Ուսումնական ջերմոցի նախագծի հեղինակներից Դավիթ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն կառուցելու հիմնական նպատակն է երեխաներին հնարավորություն տալ իրենց իսկ ձեռքերով ծաղիկներ ցանել, տնկիներ խնամել, հետևել բույսերի աճման գործընթացին և դեռ դպրոցական տարիներից սովորել ճիշտ ագրոկանոններ։
ՙԱճեցրած ծաղիկները, տնկիները հետագայում ծրագրում ենք տրամադրել քաղաքի կանաչապատման համար, միգուցե՝ որոշակի խորհրդանշական գումարով՝ հետագայում նոր սերմեր, տնկիներ ձեռք բերելու նպատակով՚,-նշեց Դավիթ Եղիազարյանը։ Ըստ մեր զրուցակցի՝ ջերմոց-լաբորատորիայում ձեռք բերված գիտելիքներն աշակերտներին կարող են օգտակար լինել ամբողջ կյանքում, իսկ ջերմոցը կարող է բացահայտումների ու ուսումնասիրությունների կենտրոն դառնալ նրանց համար։
Ջերմոց-լաբորատորիան բաց է դպրոցի կենսաբանության ուսուցիչների համար. այստեղ նրանք կարող են անցկացնել կենսաբանության գործնական դասեր, որոշակի ուսումնասիրություններ անել աճեցվող բույսերի վրա։
Ջերմոցն ավելի ակտիվ և մշտապես երեխաների ուշադրության կենտրոնում պահելու համար այս ուսումնական տարվա սկզբից Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շրջանակներում բացվել է արգոէկոլոգիայի խմբակ, պարապմունքներին երեխաները ծանոթանում են սելեկցիային, շրջակա միջավայրի պահպանությանը, բուսաբանությանը, քննարկում տարբեր բույսերի աճեցման նպատակահարմարությունն ըստ տարածաշրջանի։ Շուտով խմբակը որոշակի աշխատանքներ կիրականացնի հենց ջերմոցում։
Նշենք, որ Awesome Foundation-ի արցախյան մասնաճյուղը գործում է 2018 թվականի նոյեմբերից։ 1000 դոլարի չափով դրամաշնորհը երկու ամիս մեկ տրամադրվում է տվյալ երկամսյակի հաղթող նախագծին։ Հիմնադրամին ներկայացվող նախագծերը պետք է լինեն իրատեսական և հեռանկարային։