ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Հունվարի 13-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն: Քննարկման առարկան ոլորտում երկարատև երաշտի հետևանքով առաջացած և կանխատեսվող խնդիրներն էին: Խորհրդակցությանը հրավիրված էին հանրապետության շրջվարչակազմերի աշխատակազմերի գյուղբաժինների ղեկավարները, գյուղատնտես-մասնագետները, ոլորտի այլ պատասխանատուներ:
ՙԱշնան ամիսների և ձմռան առաջին կեսի երաշտը լավ ապագա չի խոստանում աշնանացանի մասով: Անբավարար բնակլիմայական պայմանների հետևանքով կարող են տնտեսական լուրջ խնդիրներ առաջանալ՚,-ասել է Ժ. Միրզոյանը: Հանրապետությունում տեղումների մեծ պակաս է արձանագրվել, որը, հատկապես հացահատիկի մասով, հանգեցրել է մեծ չափով վնասված տարածքների: Առավելապես տխուր է պատկերն ավելի վաղ աշնանացան կատարված ցանքատարածություններում: Հանրապետությունում կան նաև աշնանացանի համար նախապատրաստված հողեր, որոնք այդպես էլ չեն ցանվել բնակլիմայական ոչ բարենպաստ պայմանների պատճառով:
Մասնագետները ներկայացրել են վնասների չափը, վնասատուներով վարակվածության աստիճանը տարբեր շրջաններում ու ենթաշրջաններում, դրանց դեմ պայքարի իրենց առաջարկները: Նախարարը հետաքրքրվել է պայքարի կազմակերպմամբ, տեղեկացել, որ բոլոր շրջաններն ապահովված են անհրաժեշտ նյութերով՝ վնասատուների դեմ պայքար իրականացնելու համար:
ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի իրազեկմամբ, 2020թ. բերքի տակ նախատեսված է 75 հազար հա տարածք, որը, նախորդ տարվա համեմատ, 9 %-ով կամ 6000 հա-ով ավելի է: Նշված տարածքներում կատարվել է 67 հազար 512 հա աշնանացան (նախորդ տարվա համեմատ աշնանացանի տարածքներն ավելացվել են շուրջ 5 %-ով): Երաշտի պատճառով տարբեր աստիճանի վնասված տարածքները, նախնական տվյալներով, կազմում են 14 հազար 445 հա: Վնասատուներով վարակված տարածքները հանրապետությունում կազմում են 5120 հա: ՙՇուրջ 2000 հա-ի վրա իրականացվել է վնասատուների դեմ պայքար. տարածված են և հիմնականում զարգանում են հացազգի ճանճերը, գնայուկ բզեզները: Մկնանմանները համեմատաբար քիչ են՚,-նշել է Վ. Ավետիսյանը:
ՙԲնակլիմայական պայմաններն ամբողջ աշխարհում էական վնասներ են հասցրել ոչ միայն գյուղատնտեսությանը, այլև բնապահպանությանը: Այնպիսի իրավիճակ է Արցախի երկրագործության ոլորտում ստեղծվել, որ լուրջ որոշում կայացնելու խնդրի առաջ ենք կանգնած՚,-մասնավորապես ասել է նախարարը: Ժ. Միրզոյանը նշել է, որ անցած երկու տարիներին ևս եղել է տեղումների անբավարար վիճակ, ինչը հանգեցրել է խոնավության նվազման, սակայն այս տարի իրավիճակն ավելի լուրջ է. երաշտից տուժած հատվածներ կան նաև նախալեռնային ու լեռնային գոտիներում, ինչը հանրապետությունում հազվադեպ է լինում:
Մասնագետները նշեցին, որ գլոբալ տաքացման արդյունքում երաշտը հնարավոր է, որ դառնա նորմա, և պետք է նման պայմաններում գյուղատնտեսության վարման առավել արդյունավետ ռազմավարություն ու քաղաքականություն որդեգրել:
Խորհրդակցությանը ներկա բուսաբան, դոկտոր, պրոֆեսոր Արտակ Գուլյանը կարծիք հայտնեց, որ դեմ է աշնանացան ցանքատարածությունների ավելացմանը, քանի որ այդ տարածքներում ցանքաշրջանառության իրականացումը դժվարություններ կստեղծի: Դեմ է նաև անջրդի պայմաններում, հատկապես չորային տարիներին, կրկնավարների իրականացմանը: Կրկնավարը նա արդարացված է համարում միայն միջատների դեմ պայքարում, որի համար առավել արդյունավետ միջոցը համարում է ցանքաշրջանառությունը: Գտնում է, որ պետք է հատկապես տեղ տալ կերային կուլտուրաներով ցանքաշրջանառությանը: Գիտնականը միջատների դեմ պայքարում սրսկումները համարում է անարդյունավետ միջոց:
Ստեղծված իրավիճակում ցանքսերը փրկելու համար անհրաժեշտ է համարում առաջին հերթին փոքր ատամնավոր փոցխերով հողը փոցխել, ինչպես նաև՝ ազոտական սնուցում տալ: Աշնանացանի դեպքում խոր վարից առաջարկում է հրաժարվել և անցում կատարել մակերեսային վարին: Ա. Գուլյանի համոզմամբ, արմատապես պետք է վերանայել հողի՝ մշակմանը նախապատրաստման հարցը: ՙԱշնանացանի ամառային բերքահավաքից հետո հողն անպայման մակերեսորեն պետք է մշակվի, որից հետո պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի աշնանացանը պահանջվող ժամկետներում կատարվի՚,-ընդգծել է Ա. Գուլյանը:
Գյուղոլորտի մասնագետները միակարծիք էին այն հարցում, որ շուտափույթ լուծում պետք է տրվի եղած ջրամբարների գործարկման և նոր ջրամբարների կառուցման հարցին: Նման չորային բնակլիմայական պայմաններում խնդիրներ կարող են առաջանալ նաև արտեզյան ջրհորերի մասով: Հարցին անդրադարձել է նաև Ժ. Միրզոյանը: ՙՎերջին տվյալներով արձանագրել ենք, որ Խաչենի ջրամբարում ընդհանրապես ջուր չկա. ջրամբարում ունենք ֆիլտրացիա, գոլորշիացում, բայց ջրի մուտքը զրոյական մակարդակի վրա է: Եթե առաջիկա օրերին տեղումները չավելանան, այստեղ ունենալու ենք նաև բնապահպանական լուրջ խնդիրներ՚,-ավելացրել է նախարարը:
Խորհրդակցության վերջում Ժիրայր Միրզոյանը գյուղբաժինների ղեկավարներին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում իրականացնել դիտարկումներ, հանդիպել հողօգտագործողներին՝ ծանոթանալու և քննարկելու ստեղծված իրավիճակը, որից հետո նախարարությունում կկազմակերպվի նոր քննարկում, կկայացվի վերջնական որոշում: