ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈՂԱԳՈՐԾԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Վան ՆՈՎԻԿՈՎ
Քրտնաջան աշխատանքիս շնորհիվ պտղատու դարձած ծիլն է իմ հաջողությունը. Երիտասարդ այգեգործ Արեն Խաչատրյանն այսպես ձևակերպեց իր հաջողված գործարար պատմությունը։ Համառոտ, բայց յուրօրինակ։ Որոշել էի չշտապեցնել։ Բացի այն, որ պարզեցի նաև խոստմանը հավատարիմ լինելու նրա բնավորությունը, մեր զրույցից մեկ օր անց, փնտրված առաջին տողս՝ թերևս բավականին պատկերավոր ու, ինչ-որ տեղ նաև մետաֆորային, հուշեց գյուղատնտես զրուցակիցս։ Հազվադեպ է պատահում։
Գյուղատնտես հոր աշխատանքը դեռ մանկուց էր հոգեհարազատ ու գրավել էր Արենին։ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում, որտեղ ներկայում Արենը պտղաբուծությամբ ու այգեգործությամբ է զբաղվում, դեռ 10 տարի առաջ, հայրը տարբեր մրգատեսակներով հարյուրավոր ծառեր էր տնկել և կոչել ՙԹոռնիկների այգի՚։
ՙԴեռ մանկուց համակրում էի հողի, ծիլ ու ծառի հետ աշխատանքը։ Այդ սերը կարելի է ասել ժառանգել եմ գյուղատնտես հորիցս, ով այս ընթացքում և՜ օրինակ է ծառայել, և՜ խորհրդատու էր ցանկացած հարցում՚, -խոստովանում է զրուցակիցս։
Թերևս դա էր պատճառը, որ դպրոցն ավարտելուց հետո աներկբա էր գյուղատնտեսական մասնագիտությամբ կրթություն ստանալու որոշումը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ՙԽմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն՚ բաժնում ուսումը, ներկայում, առավել քան գործնական կարևորություն ու կիրառական նշանակություն ունի երիտասարդ ձեռներեցի գործունեության մեջ։ Շուրջ 18 հեկտար այգիներից, այդ թվում 14 հեկտարը՝ նռան, ստացած բերքից Արենը գինի և օղի է արտադրում։
Մայրաքաղաք Ստեփանակերտում ապրած պատանեկության և ուսանողական ժամանակահատվածների հանրագումարը թերևս կբավականացներ, որպեսզի կենսասեր երիտասարդը գայթակղվեր քաղաքային առօրյայով ապրելու հեռանկարով։ ՙԳյուղի կյանքը դժվար է, բայց ապրուստի միջոց ու եկամուտ վաստակելու համար այստեղ հնարավորությունները մեծ են՚,- ասում է Արենը, ով ժամկետային զինծառայությունից անմիջապես հետո, իր կենսակերպն ու նպատակները վերջնականապես կապեց հայրենի Խրամորթի հող ու ջրին։
ՙԻնքս ինձ խոսք եմ տվել՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, մեր գյուղում մանկապարտեզ կառուցել, ինպես նաև գինեգործարան ու նոր աշխատատեղեր հիմնել՚,- մանրամասնում է երիտասարդ գյուղատնտեսը՝ հավելելով, որ, բացի այդ, ցանկանում է պտղատու այգիներն ընդլայնել ևս 40 հեկտարով։
Նրա խոսքով, արցախյան բարեբեր հողը, երախտագետ է իրեն ջանասիրաբար նվիրվողի նկատմամբ, և քրտինքի յուրաքանչյուր կաթիլի դիմաց շռայլ է վարձատրում։
ՙԻհարկե, լինում են նաև անբարենպաստ տարիներ, երբ երաշտին գումարվում է կարկուտն ու հողին հավասարեցնում առանց այն էլ սակավ բերքը։ Նույնիսկ այդ դեպքում, նվիրված ու գործը սիրով կատարող հողագործն անպայման բավարար ուժ ու կամք կգտնի՝ հաղթահարելու ժամանակավոր հուսալքությունը։ Հողագործությունն աշխատասեր, կամային ուժեղ հատկանիշներով օժտված, դիմացկուն ու հետևողական մարդու գործ է։ Ուստի, կարծում եմ, որ արդարացի չեն դժգոհությունները, որոնք պայմանավորված են հողագործության՝ անշահավետ ու ռիսկային լինելու պատճառաբանությամբ՚,-ընդգծում է զրուցակիցս ՝ հավելելով, որ սեփական փորձով է համոզվել, որ ամենադժվարը սկիզբն է։ Նրա խոսքով՝ այգեգործությամբ զբաղվելու առաջին 4-5 տարիներին շարունակ ներդրում էր պահանջվում։ Գործունեության 7-րդ տարուց էր միայն, որ սկսեց բերք ու եկամուտ ստանալ։ Այս ընթացքում, իսկ առանձնապես՝ սակավաբեր տարիներին, Արենին ևս խորթ չի եղել սկսած գործը կիսատ թողնելու մտայնությունը։ Նմանօրինակ երկընտրանքի պահերին, միշտ նժարը ուժեղ կամքի կողմում էր ծանրանում։ Բացի այդ, երիտասարդ այգեգործը խոստովանում է, որ առանձնակի բերկրանք է ապրում ինքնուրույն տնօրինած ստեղծարար աշխատանքից։ Ճանապարհի կողքին գույնզգույն բերքով ծանրաբեռնված ծառերը նույնիսկ անծանոթ անցորդներին են գրավում, հիացնում ու առինքնում։ Ուր մնաց…
ՙՀիմա շատերն են համոզվել, որ այգեգործությունը եկամտաբեր ճյուղ է։ Նույնիսկ քաղաքում ապրող մարդիկ տեսնելով իմ ծաղկուն այգիները, հիանում են, հետաքրքրվում և ոգեշնչվելով իմ հաջողությամբ, ցանկանում են այս գործով զբաղվել։ Մինչդեռ գյուղացիները, ժամանակին վաճառում կամ վարձակալության էին տալիս իրենց հողակտորները։ Նրանցից շատերը հիմա փոշմանել են և աստիճանաբար վերադառնում են՝ տեր կանգնելու իրենց հողուջրին՚,-նկատում է երիտասարդ այգեգործը։ Հողագործության մեջ Արենին առանձնապես գրավում է նաև աշխատասեր ու անմիջական գյուղացիների հետ ամենօրյա շփումը։ Այդ հնարավորությունը նրան ընձեռվում է ի դեմս իր աշխատակիցների, որոնց թիվն ըստ տարեշրջանի՝ 30-ից հասնում է մինչև 70-ի։ Արենի մշակած խաղողի, նռան և այլ մրգատեսակների այգիներում, ինչպես նաև աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքներում, տարվա ընթացքում, բացի Խրամորթի բնակիչներից, ժամանակավոր աշխատանք են գտնում նաև հարևան գյուղացիները։
Հաջողությունը գործելու մեջ է....
ՙ Հողագործությամբ ու այգեգործությամբ հետաքրքրված, սակայն ինչ-ինչ պատճառներով երկմտող մարդկանց օրինակ կբերեի իմ հաջողված փորձն ու անցած ուղին։ Նա, ով միշտ դժգոհում է գյուղից, և հողից հեռանալու պատրվակներ է փնտրում՝ չի ուզում աշխատել, իսկ պատեհությանը տուրք տվող ֆերմերը ոչնչի չի հասնի՚,-համոզված է երիտասարդ հողօգտագործողը ։
Հավելենք, որ Արեն Խաչատրյանը ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում մասնակցելով երկրագործության դասընթացների, ստացել է 1-ին կարգի որակավորման հավաստագիր։ Բացի այդ, անցած տարի պետական նախարարի հրամանով ՙԱՀ մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար՚ պարգևատրվել է ՙԻսկության հավաստագիր՚ հուշամեդալով։