ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ. ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ` ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Անշարժ գույքի կադաստրի համակարգն Արցախում արդեն 20 տարվա պատմություն ունի: Այն այդ տարիների ընթացքում պարբերաբար բարեփոխումների ու կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել: Այսօր կառույցը գործում է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կազմում՝ որպես վարչություն: ՙԱնշարժ գույքի կադաստրի վարչությունը (ԱԳԿՎ-ն) հիմա էլ հետևողականորեն շարունակում է բարելավել քաղաքացիների սպասարկման որակը և ժամանակին համահունչ փորձում ընդլայնել մատուցվող ծառայությունները՚,- մեզ հետ զրույցում նշել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ԱԳԿՎ պետ Մաքսիմ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Համակարգի գործունեության վերաբերյալ մանրամասները՝ նրա հետ հարցազրույցում:
-Պարոն Ալեքսանյան, անցած ամառ ԱԳԿՎ-ն նշեց իր հիմնադրման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում կառույցը բարեփոխումների մի քանի փուլ է անցել. ինչպիսի՞ն է այն այսօր, կարելի՞ է ասել, որ Արցախն ունի կայացած կադաստրային համակարգ:
-Այո, 2019 թվականը մեր համակարգի համար հոբելյանական տարի էր՝ Արցախի Հանրապետության կադաստրի հիմնադրման քսանամյակն էր:
Կառույցն իսկապես անցել էր բարեփոխումների մի քանի փուլով, և այդ գործընթացը դեռ կշարունակվի: Կադաստրի համակարգը կայացած է միայն այսօրվա համար, այն ունի մշտական կայացման միտում. ինչքան մեր կյանքում զարգանան տեղեկատվական տեխնոլոգիաները, այնքան էլ դրանց համահունչ կփոխվի կադաստրի զարգացումը:
-Ի՞նչ խնդիրներ են առկա համակարգում այսօր ո՞րն եք դրանց մեջ առաջնահերթ համարում:
-Համակարգում առաջնահերթ խնդիրներից եմ համարում տեխնիկական վերազինումը: Այսօր մենք ամբողջությամբ ավտոմատ եղանակով ենք իրականացնում իրավունքի պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացը, նոր աշխատանքներ ենք սկսել տարածքի տիեզերական ֆոտոլուսանկարների մշակման ուղղությամբ: Գործ ունենք օրեցօր ավելացող տեղեկատվության պահպանման և օգտագործման հետ, ինչը ենթադրում է նոր տեխնիկական միջոցների ձեռքբերում: Արդեն երրորդ տարին է, ինչ պետբյուջեից միջոցներ են հատկացվում տեխնիկական վերազինման համար և այն շարունակական բնույթ կկրի:
Առաջնահերթ խնդիրներից եմ համարում նաև համակարգում կառուցվածքային փոփոխությունները, որոնք նույնպես անհրաժեշտ է համապատասխանեցնել ավտոմատ գրանցման համակարգի տրամաբանությանը: Այդ միջոցառումների իրականացման համար կան որոշ խոչընդոտներ, որոնցից հիմնականը կարելի է համարել շենքային պայմաննները:
-Գույքի նկատմամբ իրավունքների առաջին գրանցման աշխատանքները հանրապետությունում ավարտվա՞ծ են: Որքան տեղյակ ենք, շրջաններում որոշակի խնդիրներ են առաջանում այդ միջոցառման իրականցման ժամանակ: Ի՞նչպես եք փորձում լուծել դրանք:
-Առաջին պետական գրանցման աշխատանքների ավարտը կախված է այն սեփականատերերից կամ, ավելի ճիշտ` իրավատերերից, ովքեր առայսօր չեն դիմել անշարժ գույքի կադաստր՝ անվճար իրավունքի պետական գրանցում ստանալու համար: Հիմնականում չդիմելու պատճառը կապված է իրավունքը հաստատող փաստաթղթերի հավաքագրման հետ, ուստի ես համաձայն չեմ այն գնահատականի հետ, որ շրջաններում որոշակի խնդիրներ են առաջանում` կապված կադաստրի հետ: Չկա մի դեպք, որ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերն ամբողջովին ներկայացնեն կադաստրի տարածքային բաժին, և այն չստանա իրավունքի պետական գրանցում: Մեր շրջանային աշխատակիցները բարեխղճորեն բացատրական աշխատանքներ են կատարում համայնքների ղեկավարների հետ, ինչը հնարավորություն է տալիս բացառել քաղաքացիների համար բյուրոկրատական քաշքշուկը:
-Ի՞նչ փուլում են ԱՀ բնակավայրերի քարտեզագրման, աշխարհագրական անվանումների, հողերի հաշվառման ու գրանցման գործընթացները:
-Բնակավայրերի կադաստրային քարտեզագրման աշխատանքները շարունակվում են, մասնավորապես, 2019 թվականին քարտեզագրվել են Շահումյանի շրջանի մի շարք համայնքներ: Աշխարհագրական անվանումների հաշվառման և անվանափոխման աշխատանքներին նոր շունչ կհաղորդվի 2020 թվականին, նախատեսվում է որոշ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների անվանակոչման գործընթաց սկսել, զուգահեռ աշխատանքներ կիրականացվի Արցախի Հանրապետության ատլասի նոր խմբագրության համար:
-Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ներդրումը և տեղեկատվական բանկի ստեղծումը ո՞րքանով են նպաստել վարչարարության, փաստաթղթաշրջանառության գործընթացի պարզեցմանը. չնայած ձեռնարկվող քայլերին, այն դեռևս քաղաքացիների դժգոհության առանցքում է:
-Այո, ավտոմատ գրանցման ծրագրի ներդրումն ահագին թեթևացրել է մասնագետների կողմից կատարվող աշխատանքները: Ցանկացած դեպքում մենք հաշվի ենք առնում քաղաքացիների կողմից հնչեցված բողոքները և տալիս համապատասխան պարզաբանումներ:
-Քաղաքացիների մյուս թիրախը կադաստրային ծառայությունների բարձր սակագներն են: Կարո՞ղ ենք հուսալ, որ առաջիկա բարեփոխումների արդյունքում դրանք կնվազեն:
-Սկսած 2016 թվականից կադաստրային ծառայությունների համար գումարներ չեն գանձվում, այլ գանձվում է միայն պետական տուրք, որի դրույքաչափերը կարգավորվում են ՙՊետական տուրքի մասին՚ ԱՀ օրենքով և հաստատվում են Ազգային Ժողովի կողմից: Բարձր լինելու մասով պնդումները վիճելի են, քանի որ գործ ունենք անշարժ գույքի հետ և քաղաքացիների համար տեսանելի է միայն վերջնական փաստաթուղթը, բայց չէ՞ որ այդ փաստաթուղթը կազմելու համար ռեգիստրը կրում է անձնական պատասխանատվություն. այդ անշարժ գույքի բոլոր փաստաթղթերը պահվում են թղթային և էլեկտրոնային տարբերակով: Բացի այդ, ահագին գումարներ են ծախսվում համակարգը պահպանելու համար՝ սկսած հասարակ թղթից, վերջացրած սերվերների և ծրագրային ապահովումով: Համաձայն չեմ, որ սակագները կադաստրային համակարգում բարձր են. համեմատելու համար յուրաքանչյուրը կարող է համացանցից տեղեկություններ ձեռք բերել՝ այլ պետություններում գործող սակագների վերաբերյալ և համոզվի դրա մեջ: Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ առաջիկա բարեփոխումների արդյունքում սակագները կնվազե՞ն, թե ոչ, կասեմ, որ այն դեռ քննարկման փուլում է:
-Անշարժ գույքի կադաստրի վարչությունը պարբերաբար անշարժ գույքի շուկայի մոնիթորինգ է իրականացնում: Ինչ՞ պատկեր ունենք Արցախում՝ նվազել՞, թե՞ ավելացել են գործարքները վերջին տարիներին:
-2019 թվականը, բացի հոբելյանական տարի լինելուց, նախորդ տարիներից տարբերվել է նաև ամենամեծ քանակի գրանցումներով: Առաջին անգամ գրանցումների քանակը հատել է 10 000-ի սահմանը և կազմել՝ 11063: Դրան զուգահեռ, բնականաբար, աճել է նաև հավաքագրած պետական տուրքը. պլանավորած 180 մլն դրամի փոխարեն 2019 թվականին գանձվել է 322 մլն դրամ: Պլանը գերակատարվել է մոտ 79 տոկոսով: Համեմատած 2018 թվականի հետ, գրեթե բոլոր գործարքների առումով աճ է արձանագրվել: 6-տոկոսանոց գների աճ է արձանագրվել նաև անշարժ գույքի շուկայում, ինչը հիմնականում պայմանավորված է պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ: Պահանջարկը շատ մեծ է, իսկ շուկայում վաճառքի հանված բնակարանների քանակը սահմանափակ է:
Իմ կարծիքով, նոր կառուցվող երկու թաղամասերը շահագործման հանձնելուց հետո գները կկարգավորվեն: