ՄԵԿ ՕՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻ ՀԵՏ
Զոհրաբ Ըռքոյան
ք. Բերձոր
Տաք ու գարնանային օրն արդյունավետ օգտագործեցին երիտասարդ գյուղատնտեսները, որոնց հետ շրջեցի Քաշաթաղի հարավային թևի ցանքատարածքներում։ Գյուղատնտեսական աշխատանքները շրջանում մշտական են, սակայն այս օրերին է որոշվում՝ ինչպիսին է լինելու հացահատիկի բերքատվությունը, մրգատու այգիները կկարողանա՞ն հաղթահարել բնության անակնկալները։
Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության աշխատակիցները մշտապես են աջակցել հողօգտագործողներին, աշխատանքները շարունակական են։ Անցած աշնանը շրջանում կատարվել է մոտ 17000հա հացահատիկի ցանքս։ Աշնանային երաշտի պատճառով Արցախի տարբեր վայրերում վտանգված էին ցանքատարածքները։ Այդ մասին եղավ ահազանգ, արտերի վիճակին անդրադարձավ հանրապետության գյուղատնտեսության նախարարը։ Բարեբախտաբար, հունվար-փետրվար ամիսներին ձյուն ու անձրև տեղաց, և քնից արթնացավ հացահատիկի սերմը, ծիլ է տվել, կանաչել, հրաշք գույնով պատել վերջերս դեռևս սևին տվող արտերը։ Շրջվարչակազմի գյուղվարչության աշխատակիցներն այժմ հետևում են՝ ինչպիսի հիվանդություններով են վարակված ցանքատարածքները, որ վնասատուների դեմ պետք է պայքար սկսել: Գյուղվարչության հողավին ֆոնդի կառավարման բաժնի վարիչ Հրայր Սարգսյանի և ագրոտեխնիկական բաժնի գյուղատնտես Անդրանիկ Վարդանյանի հետ առավոտյան ուղևորվում ենք շրջանի հարավային թև, որտեղ աշնանացան արտերի հիմնական մասն է։ Հակարի գետի ափով է մեր ճանապարհը։ ժայռերի տակ տեղ-տեղ իր գեղեցկությամբ աչքի է ընկնում ծաղկած վայրի նուշը՝ ավետելով բնության լիակատար զարթոնքը։ Հրայր Սարգսյանը տարիներ շարունակ հողերի չափագրման աշխատանքներ է կատարել շրջանում։ Կա վարձակալված վարելահողերի, արոտավայրերի, խոտհարքերի, համայնքային սահմանների ճշտման խնդիր։ Ճանապարհին զրուցում ենք. 29-ամյա Անդրանիկը 2015 թվականից աշխատում է գյուղվարչությունում։ Լավ ծանոթ է շրջանի տարածքներին։ Տարվա բոլոր եղանակներին էլ լինում է տարածքում։ Արմատներով Դաշտային Արցախից է։ Ծնողների հետ Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղ է եկել 1995 թվականին։ 2009-ին ավարտել է Քարեգահի միջն. դպրոցը և ուղեգրով ընդունվել Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը։ Ավարտել է 2014-ին։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։ Կարևորում է իր մասնագիտությունը։ Գետամեջի գյուղական համայնքը ձևավորվել է 1998 թվականին, գտնվում է Հակարիի ձախակողմյան հարթությունում՝ Բերձորից մոտ 55կմ հարավ։ Այստեղ գործընկերներին է միանում գյուղատնտես Արտակ Մելքոնյանը։ Մանգասար Մելքոնյանը կնոջ, 4 որդիների և 1 դստեր հետ 2004 թվականին բնակություն է հաստատել Գետամեջում։ Չի փոշմանել, կարևորում է տարածքի վերաբնակեցումը հայոց կյանքում։ Որդիներից Արտակն ստացել է գյուղատնտեսական կրթություն և այժմ իր մասնագիտությամբ օժանդակում է Քաշաթաղի տնտեսության զարգացմանը։ 2009-2011 թվականներին ծառայել է Հայոց բանակում, վերադրաձել և սկսել աշխատել որպես գյուղատնտես։ Անցած տարի է ամուսնացել մասնագիտությամբ մանկավարժ Տաթև Մեսրոպյանի հետ. 3 ամսական է նրանց դուստրը՝ Սոսեն։ Այժմ ծնողների, եղբայրների հետ նույն տանն են բնակվում։ Մեծ այգի են հիմնել՝ տարածքը մաքրելով եղեգներից ու մացառներից։ Երկրորդ տունն են կառուցում։ Գտնում է, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել, Արցախը գյուղատնտեսական երկիր է, և գյուղոլորտի մասնագետների կարիք շատ է զգացվում։ Ուրախ է, որ տարածքի բնակիչները վստահում են իրեն, խորհուրդներ հարցնում՝ կապված գյուղոլորտի հետ։
Արծվաշենում է բնակվում 29-ամյա Երվանդ Անտոնյանը, ով վերջերս է ընդունվել աշխատանքի որպես գյուղատնտես։ Այժմ ուսանում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի հեռակա բաժնում։ Այս գյուղական համայնքի Մխանց գյուղում Հ. Սարգսյանը գյուղատնտեսների օգնությամբ հողերի չափագրում կատարեց մխանցի բնակիչ, զինծառայող Խաչիկ Մելքոնյանին հատկացված հողատարածքում։ Այնուհետև չափագրումներ կատարեցին Արծվաշենում, Փակահանում։
Աղաձորի գյուղական համայնքը փռված է Հակարիի՝ Արաքսին միավորվելու տեղին մոտ; Վերահայացել է 1998 թվականի փետրվարից։ Համայնքի վարելահողերի հիմնական մասը գտնվում է Թովմասարի բարձրավանդակում։ Գետափին կան ջրովի ցանքատարածքներ։ Մոտ 8հա մակերեսով գարու արտի վարձակալն ահազանգել էր, որ հացահատիկի ծիլերը դեղնել են։ Եղեգնապատ տարածքում է արտը։ Գյուղատնտեսները գտան պատճառը։ Արտի մոտ 40 տոկոսը վարակված է թրթուրով, որն էլ կրծում է հացահատիկի ծիլերի ցողունները։
Հետևում եմ երիտասարդ մասնագետների աշխատանքին, ուրախանում. տղաներն արդեն արհեստավարժ են։ Խորհուրդ են տալիս վարձակալին՝ ինչ թունաքիմիկատ օգտագործի, որ վարակն անցնի։ Զանգահարում են նաև փորձառու գյուղատնտեսների, իրենց դասախոսներին, բացատրում վիճակը։ Հաջորդ կանգառը Կովսականի սարահարթի ցանքատարածքներն են։ Այստեղ՝ Վանի գյուղական համայնքի վարձակալական վարելահողերում, մոտ 150հա տարածք է մշակում սիրիահայ Ժիրայր Տոնապետյանը որդիների հետ։ Մեր այցի պահին Ժիրայրի որդիները այլ բնակիչների հետ մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանք էին տանում։ Ժիրայրի Հովհաննես որդին ասաց՝ մոտ 10 տարի է՝ ինչ այստեղ հացահատիկ են մշակում։ Ծիլերի վիճակը լավ է։ Այստեղ ևս գյուղատնտեսները հետազոտեցին հողը, պարզվեց` որոշ հատված վարակված է գնայուկ բզեզի թրթուրներով։ Այս և այլ վնասատուների դեմ պայքարելու համար օգտագործվող թունաքիմիկատների ազդեցությունը լինում է սիստեմային (բույսի ողջ օրգանիզմն է ընդունում թույնը, և վնասատուները կրծելով արմատ, թե ցողուն, ախտահարվում են), աղիքային և կոնտակտային։ Խորհուրդ տվեցին պայքարի աշխատանք կատարել նաև այս վնասատուի դեմ։
Կովսական քաղաքի հարևանությամբ է գտնվում Ալաշկերտի գյուղական համայնքը, որի ղեկավար Բագրատ Նավասարդյանի ուղեկցությամբ բարձրացանք Արաքսի ձախակողմյան սարահարթերից մեկը։ Այս հատվածում անջրդի վարելահողեր ունեն Ալաշկերտի գյուղական և Միջնավանի քաղաքային համայնքները։ Ընդհանուր վիճակը լավ է, սակայն այս հատվածում դարձյալ գնայուկ բզեզի թրթուրներ հայտնաբերվեցին։ Գյուղատնտես Ա. Մելքոնյանն ասաց՝ եթե 1ք/մ-ի վրա հայտնաբերվում է 4-5 թրթուր, նշանակում է հողը վարակված է, և պետք է թունաքիմիկատի միջամտություն լինի։ Մտահոգիչ է այս վնասատուի առկայությունը ցանքատարածքներում, սակայն կարևոր է, որ արդեն կան մասնագետներ և իրենց խորհուրդներով աջակցում են հողօգտագործողներին։ Ալաշկերտի գյուղհամայնքի ղեկավար Բ. Նավասարդյանը տեղեկացրեց՝ տարածքում ցորենի աշնանացան են կատարել 350հա մակերեսի վրա։ 10 վարձակալներից 9-ը տեղի բնակիչներ են։ Գոհ է գյուղվարչության մասնագետներից, որ ժամանակին տեղեկացրեցին վնասատու բզեզի առկայության մասին։ Չախտահանելու դեպքում 1 հեկտարից 100-150կգ կորուստ կլինի, բացի այդ վնասատուները կավելանան։
;