Համավարակի հետևանքները. ի՞նչ ազդեցություն է կրում փոքր բիզնեսը
Թամար Գրիգորյան
ք. Քարվաճառ
Քարվաճառ քաղաքի բնակիչ Նարեկ Գալստյանը 2018 թվականի օգոստոս ամսից սկսել էր զբաղվել փոքր բիզնեսով` թռչնաբուծությամբ:
Բիզնես ծրագրի հիմնական նպատակը Քարվաճառում, Շահումյանի շրջանում և ամբողջ Արցախում լորի մսի վաճառքն էր: Գործն սկսելու առաջին օրերից հիմնական խնդիրը արտադրանքի սպառումն էր: Վերջին մեկ ամսվա ընթացքում այն այնքան է խորացել, որ գործն այս պահին դադարեցված է:
«Չնայած սրանից արդեն մեկ ամիս առաջ նվազեցրել էի արտադրությունը` ցածր պահանջարկի պատճառով, իսկ ստեղծված նոր իրավիճակում, երբ հասարակական սննդի գրեթե ոչ մի կետ չի աշխատում, և պահանջարկի ավելացման հնարավորություն չկա, դադարեցրել եմ արտադրությունը, -մեզ հետ զրույցում նշեց Նարեկ Գալստյանը:- Մոտ մեկ ամիս առաջ մոտավորապես 300 լոր էի մորթել, պահեստավորել: Միսը քիչ-քիչ վաճառել եմ»:
Նարեկ Գալստյանը, սակայն, վերջնականապես չի հրաժարվել լորի մսի արտադրության մտքից. սա համարում է ժամանակավոր դադար:
«Սարքավորումներ կան, տարածք կա, համավարակով պայմանավորված իրավիճակի հաղթահարումից հետո նորից գործընկերներ եմ փնտրելու` պայմանագրով աշխատելու համար»: Եթե մի քանի ռեստորան ու հյուրանոց համաձայնեն պայմանագրով աշխատել, ինքը վստահ կլինի կայուն պահանջարկի հարցում, գործը կվերսկսի:
Բիզնեսի զարգացմանը մեծապես աջակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամը` ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկ տրամադրելով:
Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված սահմանափակող քայլերի հետևանքով ծանր իրավիճակում հայտնված փոքր բիզնեսին աջակցելու` ԱՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին ծանոթ չէ:
Նշենք, որ օրերս կայացած ասուլիսի ժամանակ ԱՀ պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, պատասխանելով տնտեսության տուժած ոլորտներին տրամադրվող օժանդակության մասին հարցին, ընդգծել էր, որ փոքր և միջին բիզնեսին հասցված վնասը կվերլուծվի, կքննարկվի, և ըստ այդմ վնասի մեղմմանն ուղղված ծրագրեր կներկայացվեն: