[ARM]     [RUS]     [ENG]

Արդեն գործում է մասնակի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգը

Վան Նովիկով

 Ընթացիկ տարվա մայիսի 27-ից գործում են <<Պետական կենսաթոշակների մասին>> օրենքի նոր լրացումներն ու փոփոխությունները։

Ինչպես հայտնի է, այդ փոփոխությունների ընդունումը  բխում է  իրավակիրառ դաշտում  առաջացած խնդիրների լուծման, կենսաթոշակային ապահովության ոլորտում քաղաքացիների երաշխիքների ընդլայնման անհրաժեշտությունից։  Մասնավորապես՝  փոփոխություն է կատարվել մասնագիտական աշխատանքային ստաժի հաշվարկման կարգում։ Ըստ այդմ, մասնակի կենսաթոշակ նշանակելիս, աշխատանքային ստաժում  հաշվարկվելու է նաև  համատեղությամբ աշխատելու ժամանակահատվածը։ Մեզ հետ զրույցում  ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության պետ Վարդան Աբրահամյանը մանրամասնել է, որ մասնակի կենսաթոշակ է նշանակվում կառավարության կողմից սահմանված մասնագիտությունների և պաշտոնների ցանկով, որը հիմնականում ընդգրկում է մանկավարժական և մշակութային բնագավառները։

-Մասնակի կենսաթոշակը նշանակվում է 55 տարեկանը լրանալու դեպքում։ Այսուհետ, կենսաթոշակառուները, եթե 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել են  առնվազն 12 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կարող են դիմել   համատեղությամբ աշխատելու ժամանակահատվածը վերահաշվարկելու համար։ Ընդ որում՝ անկախ նրանից, թե   ցանկով սահմանված մասնագիտություններով է եղել համատեղումը,-ասել է գործակալության պետը՝ ընդգծելով, որ   վերահաշվարկի  համար կենսաթոշակառուի դիմումը պարտադիր է։

Մեր զրուցակցի հաղորդմամբ, կենսաթոշակային օրենքի  նոր փոփոխություններով  նաև  հնարավորություն է ընձեռվել՝ ԱՀ և ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, հատուկ առաջադրանքերի կատարման, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ վնասվածք ստանալու  հետևանքով հաշմանդամ դարձած  անձանց,   օտարերկրյա պետությունում հիվանդանոցային բուժման ընթացքում, կենսաթոշակը նշանակել լիազորագրով։ Մինչդեռ նախկինում այն նշանակվում էր դիմումն անձամբ ներկայացնելու դեպքում։  Այս կարգախումբն ունեցող  անձանց հնարավորություն է ընձեռվել նաև կենսաթոշակը դադարեցված լինելու դեպքում լիազորագրով ստանալ  չվճարված գումարը։ 

Փոփոխություն է կատարվել նաև կենսաթոշակի վերահաշվարկի համար պահանջվող համապատասխան փաստաթղթերի  ներկայացման կարգում։ Վ. Աբրահամյանի խոսքով,  նախկինում աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո, 12 ամիս անց  թոշակառուն  ներկայացնում էր  տեղեկանք՝ աշխատած ժամանակահատվածի փաստի վերաբերյալ։ Վերահաշվարկը կատարվում էր  ըստ այդմ։ Օրենքում կատարված համապատասխան փոփոխությամբ, տեղեկանք ներկայացնելը   պարտադիր պայման չի համարվելու։  Վերահաշվարկ կատարելու համար  բավարար հիմք կհանդիսանա նաև  կենսաթոշակառուի դիմումը։ Այնուհետև վերահաշվարկն իրականացնելու է  կենսաթոշակ նշանակող կառույցը՝  ունեցած տվյալների  բազաների հիման վրա։