[ARM]     [RUS]     [ENG]

Մեկնարկում է «Սովորիր և վաստակիր» ծրագրի ձեռնարկատիրության դասընթացը

 

 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր»  ծրագրի  մասին մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք:  Աշնանը կմեկնարկի   ծրագրի  «Ձեռնարկատիրություն» ենթաբաժնի կրթական փուլը։ Դիմումների ընդունումն արդեն սկսված է: Ինչպես տեղեկացրեց ՀԲԸՄ Արցախյան ծրագրերի պատասխանատու Սասուն Բաղդասարյանը,  դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Դիմումները պետք է լրացնել առցանց՝ AGBU Armenia կայքի  կամ ՀԲԸՄ ֆեյսբուքյան էջի համապատասխան հղումով: Առաջին ընտրական փուլի արդյունքների մասին դիմորդները կտեղեկացվեն  հուլիսի 21-24-ը։ Ընտրական փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կանցնեն կրթական փուլ: Դասընթացը տեղի կունենա յուրաքանչյուր կիրակի՝ սեպտեմբերի  6-ից նոյեմբերի 22-ը։

Հիշեցնենք, որ ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել արցախցիների սոցիալ-տնտեսական   զարգացմանը և կայուն տնտեսական աճին: Ծրագիրն օգնում է տարբեր կրթություն և հմտություններ ունեցող արցախցիներին՝ ստեղծել եկամտի առավել կայուն  և  շահավետ աղբյուրներ՝ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնման միջոցով: Այն նաև նպատակ ունի զարգացնել պետական ծառայողների մասնագիտական հմտությունները, ինչպես նաև օգնել ձևավորել առավել նպաստավոր միջավայր Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների համար:

 Ս. Բաղդասարյանը  նշեց, որ «Ձեռնարկատիրություն» ենթաբաժինը կունենա  մի քանի փուլեր:  Նախակրթական փուլում բոլոր դիմորդների համար (անկախ ընտրվելու հանգամանքից) կառաջարկվի նախապատրաստական առցանց դասընթաց, որի ընթացքում դիմորդները կստանան հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում, արդեն ընտրվելու դեպքում,  կօգնեն ավելի սահուն անցում կատարել կրթական փուլին։ Առցանց դասընթացի  կրթական 12 շաբաթները  կնպաստեն մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը: Նրանք կծանոթանան  ֆինանսների և ձեռնարկատիրության այն հիմնադրույթներին, որոնք անհրաժեշտ են բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար, կօգնեն ձեռք բերել տարբերվող մտածելակերպ, բացահայտել նորարար ռազմավարություն՝  բիզնեսը հաջողությամբ զարգացնելու համար:

Դրամաշնորհի փուլ անցած մասնակիցները դիմում են  մինչև 1 600 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի ստացման համար: Ի՞նչ մեխանիզմով է ընտրություն կատարվում մասնակիցների միջև. Ս. Բաղդասարյանը մանրամասնեց. ընտրությունը կատարվում է առաջադիմության, բիզնեսի հետագա զարգացման հնարավորությունների, կայունության, ներկայացման հմտություների և այլ չափանիշների հիման վրա։ Բայց դրամաշնորհ չստացած մասնակիցները տխրելու առիթ չեն ունենա. անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, դասընթացի բոլոր մասնակիցները օգտվում են մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և  բիզնես խորհրդատվություն, մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություններ։

Ովքե՞ր կարող են այդ դասընթացներին մասնակցելու հայտ ներկայացնել, այս մասին մեր զրուցակիցն ասաց, որ կարող են դիմել Արցախի բոլոր բնակավայրերից անհատներ, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում մշտական կացության կարգավիճակ, չափահաս են,  առաջին քայլերն են անում սեփական բիզնեսում (մինչև 1․5 տարի) կամ ունեն իրագործելի բիզնես գաղափար: «Պայմաններին ավելի մանրամասը դիմորդները կարող են ծանոթանալ  մեր կայքէջից կամ ֆեյսբուքյան էջից»,-ասաց Ս. Բաղդասարյանը, հավելելով, որ ծրագրին դիմել չեն կարող      հասարակական կազմակերպությունները,     բիզնես դասընթացավարները, անհատներ, ում բիզնեսները գործում են 1.5 տարուց ավել,   նույն անձինք՝ տարբեր բիզնես ծրագրերով և տարբեր անձինք՝ նույն բիզնես ծրագրով: