[ARM]     [RUS]     [ENG]

Կորոնավիրուսի հետևանքները ՙՄայրիկ՚ սրճարանի օրինակով

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

Կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցությունից առավելապես տուժել է փոքր բիզնեսը, որն առանց այդ էլ ոչ հաստատուն քայլերով էր զարգանում մեզ մոտ: ՙՄայրիկ՚ սրճարանը Ասկերան քաղաքում է գտնվում. այն շահագործում են մայր և դուստր՝ Ալլա Արզումանյանն ու Ելենա Սարգսյանը: Սրճարանի շենքը նրանց պատկանում է 1987 թվականից. դեռ խորհրդային տարիներին երեք ծանոթների կողմից որպես կոոպերավիվ ձեռք բերված սրճարանը արցախյան պատերազմի ժամանակ վառվել էր: Պատերազմի ժամանակ հանրապետությունում մնացած միակ փայատեր Ա. Արզումանյանն այն ձեռք բերեց և 1997 թվականին սկսեց գործարկել: Սկզբում որպես հանդիսությունների տուն էին օգտագործում, այնուհետև, երբ զբոսաշրջիկների կողմից, հիմնականում՝ Տիգրանակերտ այցելող, պահանջարկը մեծացավ, այն վերածեցին թեթև-արագ սննդի կետի, պայմանավորվածություններ ձեռք բերեցին որոշ տուրօպերատորների հետ, կանոնակարգեցին աշխատանքը, ինչը կայունացրեց բիզնեսը: Սրճարանն արդեն վերանորոգման կարիք ունի, բայց բավարար ֆինանսական ռեսուրսներ սեփականատերերը չունեն, վարկային ռեսուրսներ ներգրավելը ռիսկային են համարել և գերադասել են կամաց-կամաց, սեփական միջոցներով բարելավել ու ընդլայնել գործը:


-Ծրագրերը բազմաթիվ էին ու հետաքրքիր,- մեզ հետ զրույցում նշեց Ելենան: -Բայց առայժմ ստիպված ենք դրանք հետաձգել մինչև լավագույն ժամանակներ:


Ալլայի խոսքով, մինչև կորոնավիրուսային համավարակը սեզոնին մինչև 1000-1500 զբոսաշրջիկ էին ընդունում: Այս տարի մեկ հոգի էլ չի եղել: Նույնիսկ տեղական զբոսաշրջիկներ չկան: Վնասները 100 տոկոսանոց են. փակվել է սրճարանը, պաշտոնապես չի աշխատում, ամառային տաղավարն այս տարի նույնիսկ չեն բացել:
Սրճարանի գործին զուգահեռ ընտանիքը  արցախյան խոտաբույսերից ու ծաղիկներից թեյեր է արտադրում. դրանք արդեն հասցրել են ճանաչվել, սիրվել . ՙՄայրիկ՚ թեյերն արդեն հաճախորդներ ունեն Հայաստանում, Ռուսաստանի ու Ամերիկայի որոշ քաղաքներում: Համավարակի պատճառով, ինչպես նշել ենք, փակ է սրճարանը, բայց ընտանիքն ամեն շաբաթ փոքրիկ թեյախմություն է կազմակերպում, որին կարող են մասնակցել ոչ մեծ խմբերով: Ելենան նրանց հյուրասիրում է իր պատրաստած յուրահամ կոնֆետներով, Ալլան՝ իր չորացրած մրգերով:


-Սկզբնական շրջանում թեյերը, որ մենք պատրաստում էինք, վաճառքի համար չէին, դրանով հյուրասիրում էինք մեր հաճախորդներին, իսկ երբ սկսեցինք փաթեթավորել՝ նաև՝ նվիրում էինք նրանց: Երբ դրական արձագանքները շատացան, իսկ պահանջարկը մեծացավ, մտածեցինք այն ևս փոքրկ բիզնեսի վերածելու մասին:


ՙՄայրիկ՚ թեյերի մեջ մինչև 20 տեսակի խոտաբույսեր, ծաղիկներ են ներառված: Դրանց մի մասը մեզ անծանոթ էր, բայց տիկին Ալլան դրանք լավ է ուսումնասիրել. տատիկի հետ հաճախ էր լինում հայրենի հանդ ու սարերում և սովորել է դրանք ճիշտ հավաքելու, չորացնելու ու համադրելու գաղտնիքները:
Թե ինչպես են շարունակելու բիզնեսը՝ դեռ չգիտեն, բայց պարզ է նաև մի բան՝ մարդիկ հոգնել են տանը նստելուց, կարիք ունեն շփման, դրական էմոցիաների և հաճույքով են մասնակցում կազմակերպվող թեյախմություններին: Այստեղ, իհարկե, պահպանվում են կանոնները՝ դիմակներ, սոցիալական հեռավորություն և այլն, բայց սրճարանի տերերը հույս են պահում, որ մոտ ապագայում կկարողանան վերադառնալ բնականոն աշխատանքի և կկենսագործեն իրենց գաղափարները: Իսկ դրանք շատ են. և ընդլայնվելու, և ծառայություններն ավելացնելու առումով: Աշխատանքներ են տանում նոր համերի ստացման, կոնֆետների տեսականին ընդլայնելու, փաթեթավորման թարմացման ուղղությամբ: Այս պայմաններում փորձում են ծրագիր մշակել ներքին տուրիզմի զարգացման ուղղությամբ:


Ինչու՞ ՙՄայրիկ՚: Այս մասին Ելենան ասաց, որ այստեղ՝ մայրիկի մոտ հաճախ էին հավաքվում մոտիկ մարդիկ, ընկերներ, հարազատներ: Եվ ընդհանրապես՝ մայրիկը հավաքական կերպար է, որն իր ջերմությամբ բոլորին հավաքում իր շուրջը:
Ի՞նչ կարող է անել պետությունը հօգուտ ՓՄՁ-ների, ի՞նչ խնդիրներ են ունենում գործարարները, այս մասին Ելենան ասաց, որ պետությունը օգտակար կարող է լինել, եթե սկսնակներին ավելի լայն արտոնություններ տար, որպեսզի հասցնեն ոտքի կանգնել. սահմանված երեք ամիսը, որի ընթացքում նրանք ազատվում են հարկերից, մեծ ժամանակահատված չէ՝ ոտքի կանգնելու համար: Հատկապես՝ եթե ինչ որ արտադրանքի մասին է խոսքը. չէ՞ որ անհրաժեշտ է իրացման շուկա գտնել, իսկ դա ժամանակատար և ծախսատար գործընթաց է:
Արցախում փմձ զարգացման շատ խոչընդոտներ են մատնանշում. արցախյան բրենդի բացակայությունը, երկրի չճանաչվածությունը, սկսնակ գործարարների մոտ նախնական կապիտալի բացակայությունը և այդ կապիտալի՝ բանկերից ձեռք բերման ոչ շահավետ պայմանները : Այս ամենին գումարվել է նաև կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը, որը մինչ այդ կատարված ամբողջ աշխատանքը զրոյի է հավասարեցրել:
Նրանք չեն հուսալքվում սակայն. ցանկացած դժվարություն նոր հնարավորության սկիզբ են համարում և ծրագրեր մշակում բիզնեսի հետագա զարգացման ուղղությամբ: