[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՉԱԼ ԲԱՂԸ և ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՍՊԱՅԻ ԱՐՄԱՎԵՆԻՆԵՐԸ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

Սլավիկ Իսրայելյանը պաշտոնաթող սպա է: Մարտակերտի շրջանից է տեղափոխվել Ասկերան քաղաք, երբ 1982 թվականին զորացրվել է Խորհրդային բանակից շարքերից: Ամուսնացել է, տնավորվել: Անտառային ինժեների մասնագիտություն ստացած երիտասարդը սկզբում գարեջրի գործարանում է աշխատանքի անցել, ապա՝ հացի փուռում: Այդպես պիտի շարունակեր աշխատանքային կարիերան ՙ խաղաղ մասնագիտություններով, եթե չլիներ Արցախյան պատերազմը: Ծառայության է անցել պատերազմի հենց առաջին օրերից, զորացրվել 2011-ին՝ որպես մայոր: Հիմա ազատ ժամանակ շատ ունի և այն գրեթե ամբողջությամբ նվիրում է հողին, քանի որ այն հանգստացնում է իրեն, ապրեցնում: Հողը երախտապարտ լինել, աշխատանքը գնահատել գիտի և նախկին զինվորականը դրա մեջ բազմիցս է համոզվել:
Տունը, որտեղ ապրում էր ընտանիքի հետ, 1992 թվականին վառվել էր: Նորը, որտեղ բնակվում է հիմա և որտեղ Արցախի համար ավանդական պտղատու և էկզոտիկ ծառատեսակներով այգի է հիմնել, ավազան, որտեղ ձկներ է բուծում, 1995 թվականին է կառուցել: Այդ տարածքը ասկերանցիները կոչում էին ՙՔաչալ բաղ՚, որովհետև այն ամայի էր, քարքարոտ, ոչ բերրի՝ ոչինչ չէր աճում, և մայոր Իսրայելյանը որոշում է կենդանություն տալ այդ տեղամասին: Պետք է ասել, որ դա նրան հաջողվել է. հիմա այնտեղ արմավենիներ են աճում, նռնենիներ ու արքայանարինջ ծաղկում: Տանձ է աճեցնում, որի պտղի քաշը հասնում է ոչ ավել, որ պակաս՝ 1 կգ 200 գրամի: Խստիվ դեմ է թունաքիմիկատներով այգին սնուցելուն: Գտնում է, որ այստեղ կան բոլոր պայմանները օրգանական գյուղատնտեսության համար, ուղղակի պիտի հասկանալ, թե ինչ տարածք ինչ պտղատեսակ է սիրում:


-Ասկերանը սիրում է խաղող, արքայանարինջ, նուռ,-մեզ հետ զրույցում պարզաբանում է նա,-իհարկե, շատ այլ պտուղներ էլ կարելի է աճեցնել, բայց շատ քիմիկատներ ու աշխատանք են պահանջվելու:
Իր այգում օգտագործում է բնական պարարտանյութ. գոմաղբ և բուսական փտանյութ: Աշնանային տերևները չի հավաքում ծառատակերից, քանի որ դրանք բնական պարարտանյութ են ծառերի համար: Ավանդականին զուգահեռ սիրում է փորձարկումներ կատարել: Մուշմուլա, կիվի, արմավ, կիտրոն՝ մերձարևադարձային պտղատեսակների ամբողջական ցանկը չէ սա: Մորի, ազնվամորի, չորացրած թութ ու չամիչ, անտառային խնձորից ու տանձից մուրաբաներ՝ ամեն ինչ այս օջախում սեփական արտադրության է: Տնամերձն ընդարձակել է, որպեսզի կարողանա ջերմոցային տնտեսություն հիմնել. հիմա այնտեղ մորի ու բանջարաբոստանային կուլտուրաներ է աճեցնում:
Նրա արտադրած գյուղմթերքն իրացման խնդիր չունի: Արդեն ավելի քան 10 տարի իր այգու բերքը հաճախորդները գալիս տանում են հենց այգուց, հիմնականում՝ Հայաստանի Հանրապետություն: Հաջողության գաղտնիքը համարում է որակյալ և մեծածավալ արտադրությունը:


-Անցյալ տարի մինչև 4.5 տոննա արքայանարինջ եմ վաճառել: Հիմա աշխատում եմ նոր տեսակների ստացման վրա, նոր սորտեր եմ ուզում աճեցնել: Արքայանարինջի թագավորական և դդմային սորտերը պահանջված են, դրանք երկար են մնում և ապրանքային լավ տեսք ունեն,-ասաց նա:


Պատվաստումները կատարում է անձամբ, այգեգործությունն ու մեղվաբուծությունը, վերջինը՝ հատկապես, Արցախի համար ամենահեռանկարային ճյուղն է համարում: