ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին շրջանում ինչպես Արցախի բնահապանների, այնպես էլ բնակչության համար քննարկման թեմա է դարձել հանրապետության անտառածածկ տարածքներում տարազույգ մետաքսագործի թրթուրների ակտիվացումը։ Ծառերի տերևներով սնվող վնասատուները տարածվել են հանրապետության բոլոր շրջաններում՝ բացի Մարտակերտից։
ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանի խոսքով՝ վարակված տարածքները <<Արցախանտառ>> ՊՈԱԿ-ի Հադրութի մասնաճյուղում` Տարնավազի անտառտնտեսությունում և Քաշաթաղի մասնաճյուղում, կազմում են մոտ 12000 հա:
Այդ տարածքներն ամբողջովին բռնկված չեն, բայց բռնկված օջախները շատ են, ուստի ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են` պատճառած վնասներն ու դրանց հետևանքները պարզելու համար:
Հարցին, թե ո՞րն է տարազույգ մետաքսագործի թրթուրների ակտիվացման պատճառը և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում մասնագետների կողմից՝ Ա. Գաբրիելյանը պատասխանեց. <<Վնասատուների ակտիվացմանը նպաստել են եղանակային պայմանները։ Բնակլիմայական պայմաններն անտառային վնասատուների համար բարենպաստ են եղել նաև 1988 և 2012 թվականներին, ինչի պատճառով նույնպես եղել են բռնկման օջախներ, իսկ դրանց հաջորդող տարիներին, երբ ուսումնասիրություններ են կատարվել, պարզվել է, որ անտառի բռնկված հատվածներում ծառերի մոտ 97%-ը նորից սկսել է նորմալ աճել։ Սակայն տվյալ տարվա բնափայտի աճը մոտ 50-60%-ով նվազել է, բայց բնափայտի որակի վրա բացասական ազդեցություն չի նկատվել: Ու, քանի որ մեր անտառները գտնվում են նախալեռնային և լեռնային գոտիներում, և բնափայտ ստանալը մեր գլխավոր նպատակը չի հանդիսանում, ուստի անտառի տերևակեր միջատների դեմ պայքարի քիմիական մեթոդը կարող է կիրառվել ծայրահեղ դեպքում: Մեզ մոտ գերակայում են անտառի պաշտպանիչ ու ռեկրեցիոն հատկությունները և ոչ թե բնափայտային նպատակի օգտագործման նշանակությունը>>։
Տարազույգ մետաքսագործ թրթուրը ձևավորման փուլ է անցնում. ձուն վեր է ածվում թրթուրի, թրթուրը՝ հարսնյակի, որից էլ դուրս է գալիս թիթեռը։ Ծառերին վնասողը թրթուրներն են, և այդ շրջանը տևում է 50-70 օր՝ կախված եղանակային պայմաններից։
Այսօրվա դրությամբ թրթուրները մտել են նաև այգիներ ու տնամերձ տարածքներ, ինչը չէր կարող չանհանգստացնել գյուղական համայնքների բնակիչներին։ <<Արցախանտառ>> ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Արմավիր Գևորգյանի խոսքով՝ վնասատուների դեմ ծավալուն պայքարի մշակված միջոցառումներ առայժմ չկան, բայց այգիները փրկելու հնարավորություն կա։ Ինչպես ասաց գլխավոր անտառագետը, այգիներում ու տնամերձերում հնարավոր է համապատասխան լուծույթներով ու սրսկումներով արդյունավետ պայքար տանել այդ վնասատուների դեմ։
<<Թրթուրը դուրս գալուց 5-10 օր հետո սկսում է տերևները կրծել։ Ներկայում գրեթե բոլոր ծառատեսակներն էլ թրթուրներ ունեն, անգամ մասրենիները։ Դա չորացման չի բերելու, բայց մոտ 50 տոկոսով կկրճատի տարեկան աճը։ Թրթուրները ձվից դուրս են գալիս ապրիլի վերջին-մայիսի սկզբին. բնակիչներին խորհուրդ կտամ այդ ժամանակահատվածում զգույշ լինել և երևալու դեպքում մեզ տեղեկացնել կամ անհատական միջոցներ ձեռնարկել։ Քանի որ այգիների ծառերը կարճահասակ են՝ սրսկիչով սրսկելը հնարավոր է, ինչը չի կարելի ասել անտառի պարագայում>>, - ասաց Արմավիր Գևորգյանը։
Անզույգ մետաքսագործի թրթուրները հարթավայրային և նախալեռնային գոտիներում տարածվում են հեշտ ու արագ՝ հիմնականում քամու օգնությամբ։ Մասնագետների հավաստմամբ՝ վնասատուների տեղաշարժն անհնար է վերահսկել։ Թրթուրների դեմ արդյունավետ պայքար հնարավոր է տանել ավիացիայի օգնությամբ, ինչն էլ իր հերթին մեկ այլ խնդրի է հանգեցնում. նման մեթոդն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ տեղի կենդանական աշխարհի վրա։
Ներկայում բնապահպանները պայքարի տարբերակներ են որոնում։ ԱՀ Բնապահպանության կոմիտեի և <<Արցախանտառ>> ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ՝ 2021 թվականին նմանատիպ բռնկման հավանական օջախների հայտնաբերման և համապատասխան միջոցառումների իրականացման համար: