[ARM]     [RUS]     [ENG]

Շահումյանի շրջանում մեղվապահները դեռևս լավ բերքի հույս ունեն

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ

 

Կամո Կնյազյանը Քարվաճառում բնակվում է 20 տարուց ավելի։ Մեղվապահությամբ զբաղվում է արդեն շուրջ 10 տարի։ Այս պահին տան բակում 40 մեղվափեթակ ունի։

Փորձառու մեղվապահը վստահ է՝ Քարվաճառի մեղրն իր որակական հատկանիշներով տարբերվում է այլ վայրերի մեղրից։ ՙԱյստեղ բերքն առատ է, մեղուներին կերակրելու կարիք չկա, մեղրը մաքուր ու լրիվ բնական է ստացվում,- նշում է մեղվապահն ու հավելում,- Մեր շրջանում ծաղիկների տեսակները շատ են։ Այստեղ մեղուները նեկտար են բերում հիմնականում լորենու ծաղիկներից, կորնգանից՚։
Ինչպես մեզ տեղեկացրին Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության ու հողօգտագործման բաժնից, այս տարի ամբողջ շրջանում հաշվվում է 2710 մեղվափեթակ։
Մեղվապահությունը շրջանի հիմնական գյուղատնտեսական ուղղություններից է։ Շահումյանի շրջանի աշխարհագրական դիրքն ու գոտիականությունն իր առանձնահատուկ բնակլիմայական պայմաններով և բուսական ծածկով շատ է նպատակահարմար մեղվաբուծության համար։ Շրջանի մեղրն ավելի լայն ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու նպատակով նախորդ տարվանից շրջանի վարչակազմի նախաձեռնությամբ Քարվաճառում կազմակերպվում է Մեղրի փառատոն։
Շրջվարչակազմի գյուղատնտեսության բաժնում վստահ են՝ մեղվաբուծական արտադրանքի ավելացման, արտադրության արդյունավետության բարձրացման, արտահանման ծավալների աճի համար պետության կողմից մեղվաբուծության ծրագրերով հատկացվող նպատակային փոխառությունները պետք է տրամադրել այնպիսի բնակիչների, ովքեր ունեն փորձ և փոխառությունները նպատակային կօգտագործեն։
Կամո Կնյազյանն ամեն տարի մեղրը վաճառում է հենց իր տնից։ Ասում է՝ մեղրը գնում են թե՜ տեղացիները, թե՜ հյուրերը։
Խոսելով այս տարվա ակնկալիքից՝ մեղվապահը մտահոգություն հայտնեց, որ մեղուները դեռ լավ բերք չեն բերել, միևնույն ժամանակ ընդգծելով, որ դեռևս ժամանակ կա. մեղրաքամը շրջանում անում են մոտավորապես օգոստոսի 10-ից։
ՙՄեղրաքամին դեռ մեկ ամսից ավել ժամանակ կա։ Հույս ունեմ, որ լորենին լավ կծաղկի, եղանակն էլ բարենպաստ կլինի, ու մեղուները մինչև մեղրաքամ կհասցնեն լավ բերք բերել՚,-լավատեսորեն ամփոփեց մեր զրուցակիցը։